Հավատը Էթիկայի հանձնաժողովի նկատմամբ պակասել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանի գործունեության մշտադիտարկում անող www.parliamentmonitoring.am կայքը վերլուծության արդյունքում եկել է այն եզրակացության, որ ԱԺ էթիկայի հարցերի հանձնաժողովի նկատմամբ նվազել է վստահությունը:

Նրանց կարծիքով, ինտենսիվորեն պակասում են ԱԺ էթիկայի հանձնաժողովին ուղղված դիմումները. գարնանային նստաշրջանում նրանք ընդամենը 3 են եղել (ըստ որում, դրանցից մեկը մնացած է եղել նախորդ նստաշրջանից), այն դեպքում, երբ նախորդում դրանց թիվը եղել է 6, դրանից առաջ` 13: Հիշեցնենք, երբ հանձնաժողովում իշխանությունը թվաքանակով զիջում էր ոչ իշխանական ուժերին, ՀՀԿ-ն ստիպված եղավ փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում` ավելացնելով իր ներկայությունը: Արդյունքում ԱԺ ՀԱԿ խմբակցությունը, որի ներկայացուցիչները պետք է ռոտացիոն կարգով զբաղեցնեին հանձնաժողովի նախագահի ու տեղակալի պաշտոնները, բոյկոտեց` հետ կանչելով իր պատգամավորներին:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը նշեց, թե չի կիսում այդ տեսակետը: «Չեմ կարծում, որ դիմումների թվի նվազումը կապված է վստահության պակասի հետ: Ու պետք է էթիկայի հանձնաժողովը վերջապես իր լիազորություններով զբաղվի, այլ ոչ թե միայն վիրավորանքի եւ զրպարտանքի հետ կապված եզրակացություններ տա»,- ասաց նա:




Լրահոս