ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՀԵՏՈ

Խորհրդարանում երեկ ծայրաստիճան լարված մթնոլորտ էր, իսկ պատճառը՝ 2008թ. Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ՀԱԿ խմբակցության հեղինակած նախագծի քննարկումներն էին: Օրվա վերջում այդ քննարկումները հետաքրքիր շրջադարձ ունեցան:

ՀՀԿ-ականները, որ մի կողմից՝ քննադատում էին ՀԱԿ-ին մարտի 1-ի նախագիծը խորհրդարան բերելով ողբերգությունը շահարկելու եւ քաղաքական դիվիդենտներ հավաքելու մեջ, մյուս կողմից՝ պնդում՝ իրենք եւս կողմնակից են մարտի 1-ի 10 սպանությունների բացահայտմանը, այնուամենայնիվ, չբացահայտեցին, թե ինչպես են իրենք քվեարկելու ներկայացված նախագծին: Ինչպես նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր ելույթում` ՀՀԿ դիրքորոշումը կբացահայտեն հաջորդ քառօրյայի ժամանակ՝ քվեարկությունից անմիջապես առաջ:
Հատկանշական է, որ մինչ այդ ՀՀԿ-ականները վստահեցնում էին՝ իրենք դեմ են քվեարկելու նախագծին: Նման հայտարարություն էր արել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, որը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդում էր, թե ինքն իր անձնական կարծիքն է հայտնել, բայց խմբակցության դիրքորոշումը կներկայացնեն քննարկելուց հետո. «Հիմա այդ հարցը օդում է կախված, կքննարկենք, կորոշենք»: Նկատենք, որ ՀՀԿ-ի կողմից նման շրջադարձն ամենեւին էլ պատահական չէ. համենայնդեպս, ՀԱԿ-ի հասցեին ամենատարբեր քննադատություններ հնչեցնելուց հետո որեւէ դժվարություն չէր ներկայացնում նաեւ ասել, որ իրենք «դեմ» են քվեարկում: Իսկ դիրքորոշման մասին չհայտարարելը նշանակում է` ՀՀԿ-ն նահանջի տեղ է թողնում: Տեսակետ կա, թե ՀՀԿ-ն, գիտակցելով, որ երկրում առանց այն էլ մթնոլորտը լարված է, մարտի 1-ին կայանալիք ՀԱԿ հանրահավաքից առաջ չի ցանկանում կտրուկ մերժել` իրավիճակն ավելի չսրելու համար, եւ իր՝ «դեմ» դիրքորոշումը կհայտնի հանրահավաքից հետո: Մեկ այլ տեսակետի համաձայն՝ իշխանությունները, կանխատեսելով քաղաքական թեժ զարգացումներ, պատրաստվում են կրքերը մեղմելու համար հանրահավաքից հետո, որպես զիջում, համաձայնվել հանձնաժողովի ստեղծմանը:
ՀԱԿ նախագծի քննարկման ժամանակ փոխադարձ մեղադրանքների պակաս չեղավ. «7-ի գործով» նախկին քաղբանտարկյալներ, ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ պնդում էին` բացի ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցություններից, ԱԺ-ում ներկայացված մյուս բոլոր քաղաքական ուժերը պատասխանատու են մարտի 1-ի սպանդի համար: Նրանք նկատի ունեին նաեւ ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին, որոնք 2008թ. մարտի 1-ին իշխող կոալիցիայի կազմում էին, բայց այսօր պաշտպանում են ՀԱԿ-ի ներկայացրած նախագիծը: «Մնում է` մարտի 1-ին Քոչարյանը ցույց անի»,- ասաց Արզումանյանը, հետո քննադատեց նաեւ ՀՀԿ-ին` ասելով, որ քանի դեռ ՀՀԿ-ն խորհրդարանական մեծամասնություն է կազմում, բացառվում է` մարտի 1-ի դեպքերը քննող որեւէ հանձնաժողով կարողանա նպաստել սպանությունների բացահայտմանը եւ անկողմնակալ գնահատական տա: Արզումանյանի ու Փաշինյանի ելույթների ընթացքում ԲՀԿ-ականները սկսեցին հերթով դուրս գալ դահլիճից: Իսկ ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Վահե Էնֆիաճյանը, որ մինչ այդ հերթագրվել էին ելույթի համար, այդպես էլ չխոսեցին: Այդ իրավիճակը փորձեց հարթել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` ասելով, թե իրենք առաջընթաց են համարում, որ նախկինում իշխող կոալիցիայի կազմում եղած երկու կուսակցություններն այսօր իշխանության մեջ չեն: «Դա շատ լուրջ քայլ է, կրկնում եմ` շնորհակալ ենք նրանց դրա համար, եւ ավելին ասեմ` գալու է ժամանակ, որ ՀՀԿ կուսակցությունը միանալու է մեր համաձայնություններին` ելնելով իրավիճակից, կոնյունկտուրայից, բացահայտումներից: Կտեսնեք, որ դա լինելու է այդպես, վերջին հաշվով, եթե մենք այսօր 46 ստորագրություն հավաքել ենք եւ բացականեր էլ լիքը ունենք, ապա 46-ից 66 դարձնելը շատ կարճ է տեւելու, կտեսնեք»,- ասաց նա` հավելելով, որ իրենք չարությամբ չեն վերաբերվելու այն մարդկանց, ովքեր դուրս կգան գործող իշխանությունների դեմ: Նա նաեւ իշխանություններին կոչ արեց. «Ձեր երեխեքի եւ պատմության համար, եթե անգամ կողմ չեք կարող քվեարկել, ապա մի քվեարկեք կամ գոնե ձեռնպահ քվեարկեք»:
ՀՀԿ-ականները երեկ պնդում էին, թե ժամանակին խորհրդարանում ստեղծվեց Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման նպատակով հանձնաժողով, սակայն ՀԱԿ-ը բոյկոտեց դրա աշխատանքները, մինչդեռ հիմա` ինքն է փորձում նման հանձնաժողով ստեղծել: «Ես կարող էի լավամարդ լինել, վախենալ, որ ինձ կարող են ասել` ծախված Մարգարիտ Եսայանը դեմ է Մարտի 1-ի հանձնաժողովին: Ես գիտեմ իմ խմբակցության դիրքորոշումը, բայց ես ունեմ այդքան տղամարդկություն` կանգնել ասելու, որ ես կողմ եմ: Բայց չեմ անում, որովհետեւ իրականում կողմ չեմ այդ հանձնաժողովին»,- հայտարարեց ՀՀԿ-ական Մարտարիտ Եսայանը: Նմանատիպ ելույթներ հնչեցին նաեւ մյուս ՀՀԿ-ականներից:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը փորձեց սթափեցնել իշխանություններին. «Համ ասում եք` ուզում եք բացահայտվի, համ էլ այդ հարցերը տեղափոխում եք այլ հարթություն: Խոսում եք չբացահայտված սպանություններից, հետո հերքում եք` ասելով, որ հանձնաժողով պետք չի ստեղծել»: Կոշտ էր նաեւ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի ելույթը. «Հանձնաժողով ստեղծելու մասին ելույթներից շատերն ինձ մոտ լվացվելու ցանկություն առաջացրին, դրանց մեջ քծնանքի ու բթամտության աստիճանը շատ էր»,- ասաց նա` հավելով, որ պետք չէ այս հարցին քաղաքական ձեւակերպում տալուց վախենալ, քանի որ հարցը ե՛ւ քաղաքական է, ե՛ւ իրավական, ե՛ւ բարոյական: «Մենք մեր գործընկերներին պետք է սատարենք եւ այս հանձնաժողովի ստեղծմամբ հնարավորություն ստեղծենք, որ բոլոր հարցերը ստանան իրենց պատասխանները»,- ասաց նա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՆԱԽԱՆՁ

Նախօրեին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի՝ մինչեւ այսօր ուսանող լինելու փաստին: «Ամենաքաղաքականացված ուսանողը ձեր խմբակցության անդամ հարգելի տիկին Լյուդմիլա Սարգսյանն է, ամենաընդդիմադիր խմբակցություններից մեկի միակ կին պատգամավորն է»,-նշել էր նախրարարը: Լ. Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատասխանելով Ա. Աշոտյանին կատակեց. «Ինձ թվում է, որ ինքը ինձ նախանձում է, որովհետեւ ինքը հասկանում է, որ արդեն նախկին նախարարը չի կարող ուսանող լինել, իսկ ուսանողը դեռ նախարար լինելու բոլոր հնարավորություներն ունի»:

 
ՉԻ ՀԻՇՈՒՄ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, ով նախկինում գլխավորում էր Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, երեկ իր ելույթում ցնցող հայտարարություն է արել: Նիկոյանն ասել է, թե իրենք` հանձնաժողովի անդամները, Մարտի 1-ի դեպքերի մասին իմացել են մարտի 2-ի առավոտյան` «Հայլուր»-ից: Այնինչ, 2008թ. մարտի 1-ի գիշերը խորհրդարանում հրատապ կարգով արտահերթ նիստ էր գումարվել՝ տեղի ունեցած բախումների պատճառով Երեւանում արտակարգ դրություն մտցնելու նախագահի հրամանագիրը հաստատելու համար, եւ այդ նիստին մասնակցել է նաեւ Սամվել Նիկոյանը: Ավելին, պարզվում է՝ նա նույնիսկ հարցեր է ուղղել արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին: Ու հիմա, փաստորեն, Նիկոյանը մոռացել է այս ամենն ու ԱԺ-ում հայտարարում է, թե իրենք մարտի 1-ի մասին իմացել են մարտի 2-ին նոր միայն:

 
ԴԵՐՈՅԻՆ ՀԱՂԹԵՑԻՆ

Հայաստանի հղիները հաղթեցին առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին: Այսօր ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ «Ձեռքերդ հեռու հղիների գրպանից» նախաձեռնությունը որոշել էր բողոքի ակցիա անցկացնել: Պատճառն այն է, որ այս տարվա մարտի 1-ից ամբուլատոր պոլիկլինիկական մի շարք ծառայություններ վճարովի են դառնալու, այդ թվում նաեւ պոլիկլինիկաներում այժմ իրականացվող անվճար բուժզննումները եւ հղիության ընթացքում առաջացած բարդություններից բուժումները: Սակայն երեկ ավելի ուշ պարզ դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով՝ հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի` հաշվի առնելով հղիության ախտաբանության ստացիոնար բուժման համավճարի ներդրման մեխանիզմների հստակեցման անհրաժեշտությունը: Տեղեկացնենք, որ ամբուլատոր պոլիկլինիկական մի շարք ծառայությունների՝ վճարովի դառնալու ծրագիրն այս պահին կիրառվելու է միայն Երեւանում: Իսկ լրացուցիչ գումարները տնօրինելու են ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունները, 50 տոկոսն ուղղվելու է աշխատավարձի ֆոնդին, իսկ գումարի մյուս մասը` պոլիկլինիկաների տեխնիկական հագեցվածությանը եւ ծառայությունների որակի բարելավմանը: Ամնեզիա՞։

 

 

 

 

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները հայտարարություն են տարածել այն մասին, որ իրենց թիմի անդամներին ահաբեկում են, հետապնդում եւ փորձում ճնշել: «Կիրառելու ենք ինքնապաշտպանության՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները, ինչպես նաեւ անմիջապես հանրայնացնելու ենք ցանկացած, անգամ փոքր միջադեպը, այս ամենի հետ միաժամանակ՝ ուշադրության կենտրոնում ենք պահելու իրավապահ մարմինների գործելաոճն ու վերաբերմունքը նշյալ դեպքերին ու մեր կողմից արված հայտարարություններին»,-զգուշացնում է նախաձեռնությունը:

 
ՀԱԿԱՌԱԿԻ ՊԵՍ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը երեկ իր ելույթում հայտարարեց, թե քիչ հետո ԱԺ ամբիոնին կմոտենա Գալուստ Սահակյանն ու «որպես հայոց լեզվի մասնագետ երկար, բարդ ստորադասական նախադասություններ կասի, բայց այդպես էլ չի բացատրի, թե ինչու չի ուզում, որ բացահայտվի 10 մարդու սպանությունը»: Գ. Սահակյանն էլ, մոտենալով ամբիոնին, խոստացավ «պարզ, համառոտ նախադասություններ ասել, որպեսզի բոլորին հասկանալի լինի»: Ու թեեւ Սահակյանը, խոստմանը համաձայն, պարզ նախադասություններով էր կառուցում իր միտքը, այնուամենայնիվ, նրա խոսքերն անհասկանալի էին: Շնորհակալություն հայտնելով իրեն անհատականացնելու համար՝ նա ասաց. «Ես անհատական չեմ, սակայն հակառակն էլ չեմ», իսկ մարտի 1-ի զոհերի մասին խոսելիս, կոչ անելով չտարանջատել այդ օրը սպանվածներին, նա ասաց. «Մարտի 1-ի զոհերը մեր զոհերն են»:

 
ԿԴԱՌՆԱ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

«Ազգ» օրաթերթն այսուհետ լույս է տեսնելու որպես շաբաթաթերթ: Թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը news.am-ին հայտնել է, որ Ռուսաստանից Արա Աբրահամյանի եւ մեկ այլ բարերարի օգնությամբ թերթը մարել է պարտքերը եւ կկարողանա լույս տեսնել, սակայն արդեն շաբաթական մեկ անգամ: «Ազգ»-ը կուժեղացնի նաեւ կայքը, որտեղ ավելի շատ կհրապարակեն վերլուծական հոդվածներ եւ կարծիքներ:

 
ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ

Ս.թ. փետրվարի 24-ից ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում մեկնարկել է ամերիկյան հրահանգիչների կողմից ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրով անցկացվող մեկշաբաթյա խտացված դասընթացը: Դրա շրջանակներում ՀՀ ԶՈՒ պայմանագրային սերժանտները պատրաստվում են որպես կրտսեր հրամանատարներ եւ ձեռք են բերում առաջնորդի հմտություններ` ծանոթանալով ԱՄՆ սերժանտների ֆիզիկական պատրաստության, տեղանքում կողմնորոշման, մարտական հրամանների կազմման հիմունքներին եւ այլն: Դասընթացի մասնակիցներին ավարտական հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը կայանալու է մարտի 1-ին ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում:




Լրահոս