ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԳՈՆԵ ՏՎՅԱԼ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԱՆՔ ՈՒՆԵՆԱ»

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկվանից Գորիսի 6-րդ դպրոցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հորեղբորորդին՝ Սասուն Խաչատրյանը հանձնարարել է ստորագրահավաք սկսել ի պաշտպանություն Ս. Խաչատրյանի: Հավաքված ստորագրությունները ցանկանում են ուղարկել Սերժ Սարգսյանին ու խնդրել, որպեսզի նա կրկին Սյունիքի մարզպետ նշանակի Սուրեն Խաչատրյանին:

«Ժողովուրդ»-ը հեռախոսազրույց է ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչու են նրա հարազատները նման քայլի դիմում:
-Պարոն Խաչատրյան, տեղեկություններ կան, որ Ձեր հարազատները Սյունիքի մարզում ստորագրահավաք են սկսել, որի արդյունքները պատրաստվում են ուղարկել Սերժ Սարգսյանին` Ձեզ նախկին պաշտոնում նշանակելու խնդրանքով։ Ընդ որում, նշվում է, որ ստորագրությունները հավաքագրվում են ստիպողաբար: Ինչո՞ւ եք նման բան թույլ տալիս:
-Ախր ապուշ տեղեկություններ են տարածում, ես հիմա մի տեղում նստած եմ ու որեւէ նման տեղեկություն չգիտեմ: Առաջին անգամ ձեզանից եմ նման ինֆորմացիա լսում: Ուղղակի մարդիկ անիմաստ տեղեկություններ են տարածում, որն իրականության հետ որեւէ կապ չունի:
-Նշվում է, որ այդ ստորագրահավաքը կազմակերպել է Ձեր հերեղբորորդին՝ Սասուն Խաչատրյանը, ում կինը Գորիսի 6-րդ դպրոցի տնօրենն է: Տեղեկություններ կան, որ դպրոցի տնօրենը ստիպում է, որպեսզի ուսուցիչներն հօգուտ Ձեզ ստորագրահավաք անեն:
-Հիմա Սասուն Խաչատրյանը կողքս նստած է ու չեմ կարծում, որ առանց ինձ տեղյակ պահելու նման բան աներ: Չկա նման բան, մարդիկ ուղղակի խոսում են, նման տեղեկություններ են տարածում: Դրանց պետք չէ ուշադրություն դարձնել:
-Այնուամենայնիվ, դժվար թե հերքեք, որ Դուք այսօր ամեն ինչ անում եք, որպեսզի Սերժ Սարգսյանը Ձեզ կրկին վերանշանակի Սյունիքի մարզպետի պաշտոնում: Խոսակցություններ կան, որ Ձեր թեկնածության համար Սերժ Սարգսյանի մոտ տարբեր շրջանակների կողմից լոբբինգ է արվում: Իսկ նախօրեին էլ Դուք գնացել էիք ՀՀԿ ԳՄ նիստին՝ հուսով, որ Ձեր նշանակման հարցը կորոշվի: Ի վերջո, ի՞նչ որոշվեց:
-Չէ, չէ, նման բան չկա, դա հերյուրանք է: Նիստն ի՞նչ կապ ունի դրա հետ:
-Բայց հույս ունե՞ք, որ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնում Ձեզ է նշանակելու:
-Ես չեմ կարող նման բան ասել:
-Իսկ ըստ Ձեզ, սյունեցիները սպասո՞ւմ են Ձեր վերադարձին:
-Միշտ էլ ժողովուրդը սպասում է:
-Այսինքն` վստա՞հ եք, որ Ձեր նշանակման դեպքում ընդվզում չի լինի: Տեղեկություններ կան, որ այդ դեպքում մարզի ժողովուրդը պատրաստ է բողոքի ակցիաների դուրս գալ:
-Չէ, չէ, այդպիսի բան չի լինի, որովհետեւ մեկ-երկու խելքից մի քիչ պակաս մարդիկ կան, որ նման հերյուրանքներ են տարածում, բայց դուք խելացի մարդիկ եք, մի հավատացեք: Ես վստահեցնում եմ, որ մեր կողմից ստորագրահավաք անելու նախաձեռնություն չկա: Ոչ իմ, եւ ոչ էլ Սասուն Խաչատրյանի կողմից որեւէ նման նախաձեռնություն գոյություն չունի:
-Իսկ ո՞ւմ եք համարում Սյունիքի մարզպետի լավագույն թեկնածու:
-Բայց ախր դա իմ հարցը չի, դա իմ տեսնելով չի, դա պետք է իշխանությունները տեսնեն: Ես չեմ կարող ասել, թե ես ում եմ տեսնում Սյունիքի մարզպետի պաշտոնում, դա պետք է տեսնեն իշխանություններն ու նշանակումն անեն: Պետք է իրենք վստահեն, տվյալ անձնավորությունը: Գոնե տվյալ անձնավորությունը մի քիչ պետք է ժողովրդի կողմից հարգանք ունենա, ժողովուրդը պետք է իրեն վստահի, ինքն էլ պետք է ծանոթ լինի ժողովրդի հոգսերին:
-Ըստ Ձեզ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին ժողովուրդը վստահո՞ւմ էր, հարգու՞մ էր: Ձեր գնահատմամբ` նա ինչպե՞ս աշխատեց մեկ տարվա ընթացքում:
-Մարդը 1 տարվա ընթացքում ինչ հասցրել արել է, մեկ տարին շատ քիչ ժամանակահատված է: Նորմալ աշխատելու, լուրջ գործունեություն ծավալելու համար մեկ տարին քիչ է: Ցամաքային ամենամեծ մարզն է, շատ համայնքներ կան, պետք է հասցներ այդ բոլոր համայնքները գնալ, ծանոթանալ, իսկ ինքն ինչքան կարողացել՝ այդքան էլ արել է: Այնպես չի, որ ինքը չի ուզեցել անի, ինքը փորձել է եւ արել է, բայց դա արել է մեկ տարվա մեջ ու ինչը հասցրել՝ դա է արել: Այդ տարվա ընթացքում իր արածը, կարծում եմ, բավարար է:
-Իսկ խոսե՞լ եք նրա հետ, պարզե՞լ եք, թե ինչի համար է հրաժարական տվել:
-Չէ, ժամանակ չեմ ունեցել իր հետ զրուցելու, բայց չեմ կարող նաեւ ասել, թե ինչու է հրաժարական տվել, դա այն հարցն է, որին ես չեմ կարող պատասխանել:

 

 

ՔԱՌՅԱԿԸ ՍԿՍԵԼ Է ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԸ «ՑԻՏԵԼ»

Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ոչ իշխանական 4 ուժերը միմյանց հերթ չէին տալիս «գովերգելու» ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ու նրա` նախօրեին տված հարցազրույցը: Ուշագրավ է, որ Քառյակի ներկայացուցիչներն ամեն մեկը յուրովի էր մեկնաբանում Գ. Ծառուկյանի հայտարարությունները։

Նախ՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը գովեց ԲՀԿ առաջնորդի հարցազրույցը. «Ես հաճույքով կարդացի Ծառուկյանի հարցազրույցը, որում նա հայտարարում է, որ սկզբում պետք է ծանոթանալ առաջարկվող սահմանադրական բարեփոխումներին, նոր միայն կարծիք հայտնել: Սա ռացիոնալ մոտեցում է»,-իր գնահատականը տվեց դաշնակցական պատգամավորը` ընդգծելով, որ Գ. Ծառուկյանը հակվում է ՀՅԴ-ի դիրքորոշմանը, այն է` չի կարելի դեմ լինել մի բանի, որը կետ առ կետ ներկայացված չէ: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարը նկատեց նաեւ, որ Ծառուկյանի կարծիքը տարբերվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կարծիքից, որի անդամները կտրականապես դեմ են արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցին, նշեց, որ այն ճիշտ շեշտադրումներ էր պարունակում. «Ծառուկյանը մտահոգություն է հայտնել, որ երկիրը մտնում է փակուղի եւ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկա: Ես համամիտ եմ այդ տեսակետին»: Նկատենք, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հետ կապված նման հայտարարություն Ծառուկյանը չի արել: Ինչեւէ:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւս, ինչպես կարելի էր սպասել, խիստ ոգեւորված էր Ծառուկյանի մտքերով եւ երեկ հայտարարեց, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում ընդգծել է վստահ ու վճռական իր դիրքորոշումը: Սակայն, ի տարբերություն Աղվան Վարդանյանի, Զուրաբյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների մասին Գ. Ծառուկյանի արտահայտած տեսակետը ոչնչով չի տարբերվում ԲՀԿ խմբակցության պատգամավորների տեսակետից. «Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կասկածի տեղիք չի տալիս: Մենք չենք կասկածում ԲՀԿ-ի հարցում»,-հայտարարեց Զուրաբյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը նաեւ ընդգծեց, որ ԲՀԿ առաջնորդն իր հարցազրույցում առաջին անգամ խոսել է այն մասին, որ Սերժ Սարգսյանը չի կարող վերարտադրվել. «Ծառուկյանը նշեց, որ ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կանենք, իսկ մենք գիտենք, թե ինչ եւ ինչպես կորոշի ժողովուրդը»:
Այնինչ, Քառյակի ներկայացուցիչների հիացմունքը հարուցած հարցազրույցում Գագիկ Ծառուկյանը նաեւ հայտարարել էր. «Ես երբեք չեմ մտել եւ չեմ մտնելու քաղաքական տարբեր հարաբերությունների մեջ, որոնք երբեմն շատ մանր են: Իսկ երբեմն էլ ավելի շատ հիշեցնում են սովորական առեւտուր: Դա իմը չէ, ինձ չի սազում: Ես շատ լավ գիտեմ հայաստանյան քաղաքական դաշտի խաղի կանոնները, հարաբերությունների, մեղմ ասած, ոչ այնքան ազնիվ խաղի կանոնները: Ճիշտ հասկացեք, ինձ համար դա օտար եւ անհետաքրքիր զբաղմունք է»:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՀՅԴ-Ի ՊԱՏՃԱՌՈՎ
Երեկ «հրաշալի քառյակ»-ը կրկին նիստ էր հրավիրել՝ ի վերջո որոշելու, թե երբ է կայանալու միասնական հանրահավաքը: Սակայն 4 ուժերին՝ ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին եւ «Ժառանգությանն» այդպես էլ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ ու հանրահավաքի օր նշանակել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «մեղավորը» ԱԺ ՀՅԴ խմբակցությունն է, քանի որ նրանք հայտարարել են, թե հանրահավաքի օրվա համար դեռեւս պետք է քննարկում լինի ՀՅԴ-ում, քանի որ իրենք նման հարցերը որոշում են կոլեգիալ նիստերի ժամանակ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ որեւէ հստակ հարցի քննարկում Քառյակը չի արել, ուղղակի ընդհանուր հարցեր են քննարկել եւ վերջ:
Խորհրդարանական 4 ոչ իշխանական ուժերը որոշել են հանրահավաքի հստակ օրը հայտարարել սեպտեմբերի 17-ին՝ իրենց հերթական հանդիպման ժամանակ: Այդ օրը պետք է հայտարարվի նաեւ այն ժամանակացույցը, որը Քառյակն է «սահմանելու» ՀՀ մարզեր այցելելու համար:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ «վճռական» հանդիպումը լինելու է ԱԺ ԲՀԿ խմբակցությունում:

 

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ՈՒՇԱՑՐԵԼ ԷՐ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս Կենտրոնական ընտրական հանձնաժողով է գնացել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը եւ անձամբ հանդիպել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Պարզվում է՝ «Ժառանգություն» խմբակցությունը ուշացրել է իր կողմից ներկայացվող անձանց ցուցակը, որոնք պետք է դիտորդ ու հանձնաժողովի անդամ դառնան: Եվ ահա Փոստանջյանը ԿԸՀ նախագահին խնդրել է երկարաձգել ժամկետը, որ «Ժառանգություն»-ը հասցնի ցուցակները ներկայացնել: Մեզ հասած տեղեկություններով՝ Տիգրան Մուկուչյանը չի մերժել Զարուհի Փոստանջյանի խնդրանքը:

 

ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
«Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցներն արդեն չգիտեն, թե ումից պահանջեն իրենց հասանելիք աշխատավարձերը: Անելանելի իրավիճակում հայտնված քաղաքացիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեցին՝ նշելով, որ ընկերության ներկայացուցիչները աշխատավարձերը վճարելու մասով իրենց ոչ մի հստակ պատասխան չեն տալիս: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ընկերության ֆինանսական գծով տնօրեն Հրայր Սահակյանի հետ, ով ասաց. «Դեռ գումար չունենք: Սպասում ենք: Ինքնաթիռներն էլ չեն վաճառվել: Կամ Բաղդասարովն իր սեփական միջոցներից մի բան կտա, կամ էլ ինքնաթիռների վաճառքից: Բայց նախորդ անգամ, որ աշխատավարձ բաժանեցինք, իր գումարն էր»:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ը նրանից տեղեկացավ, որ պարտքերի մեջ հայտնված Միխայիլ Բաղդասարովը Հայաստանում չէ:

 

 




Լրահոս