Վարչապետը մասնակցել է «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը:

ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ներկաներին Տեղեկատվության ազատության միջազգային օրվա առթիվ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից կազմակերպվող մրցանակաբաշխությունն արդեն բարի ավանդույթ է դարձել: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս այս նախաձեռնությանը՝ երկրում ժողովրդավարության ամրապնդման և քաղաքացիական հասարակության ձևավորման համատեքստում: Վարչապետը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ քաղաքացիների համար ավելի թափանցիկ և հաշվետվողական դառնալու իր հանձնառությանը՝ կառավարման համակարգն առավելագույնս համապատասխանեցնելով նրանց ձգտումներին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պետական ինստիտուտների և արդյունավետ կառավարման համակարգի ամրապնդումը մեր պետության առաջնահերթություններից է:

«ՀՀ կառավարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրը: Դրա վառ ապացույցը Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնությունն է, որը թևակոխել է իրականացման երկրորդ փուլ: Այս ծրագիրը հիանալի հնարավորություն է ընձեռում ունենալու այնպիսի ինստիտուտներ, որոնք կնպաստեն քաղաքացու ակտիվ մասնակցությանը որոշումների կայացման և քաղաքականության մշակման գործընթացներում: Մեր երկրում տեղեկատվության ազատությունը երաշխավորված է օրենքով, և մենք հետևողական ջանքեր ենք գործադրելու, որպեսզի ապահովվի կառավարման համակարգի թափանցիկությունը»,- ասել է կառավարության ղեկավարը: Շնորհավորելով «Ոսկե բանալի» մրցանակակիրներին` վարչապետը մաղթել է, որպեսզի նրանք չզիջեն նվաճած դիրքերը:

Հովիկ Աբրահամյանը Արմավիրի մարզպետարանի ներկայացուցչին է հանձնել մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ բաց և հրապարակային աշխատանքի խորհրդանիշ «Ոսկե բանալին»:




Լրահոս