ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՍՊԱՌՎԱԾ Է

«Վիկիլիքս»-ի հրապարակած այս փաստաթղթի հեղինակը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչն է: 2009թ. նոյեմբերին գրված վերլուծականի կենտրոնում հայ-թուրքական հարաբերություններում առաջացած սպասողական դրությունն է: Դիվանագետն իր զեկուցագրով հուշում է ԱՄՆ կառավարությանը, թե ինչպիսի ուղենիշներ պետք է որդեգրել Հայաստանի հետ հարաբերություններում: Հեղինակն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի կողմից առաջինը վավերացնելու հնարավորությանը՝ նկատելով, սակայն, որ Սերժ Սարգսյանը այդպիսի քայլի ընդունակ չէ, քանզի կարող է չմարսել դրա հետեւանքները: Ամերիկացի դիվանագետի քննության տիրույթում է նաեւ Թուրքիայի՝ Մինսկի խմբի անդամ դառնալու հավանականությունը:

Այսպես. նախ եւ առաջ անդրադառնալով Հայաստանի կողմից արձանագրություններն առաջինը վավերացնելու հիմնահարցին՝ Յովանովիչը հայտնում է իր տեղեկությունները Սերժ Սարգսյանի եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ռ. Սիմոնսի հետ հանդիպման առնչությամբ: Այստեղ, ի պատասխան Սիմոնսի, առաջինը վավերացնելու կոչին Սերժ Սարգսյանը արձագանքել էր. «Մենք արել ենք այն ամենը, ինչ կարող էինք: Այժմ պիտի սպասենք»: Հատկանշական է, որ Սարգսյանի սպասողական քաղաքականության կապակցությամբ Յովանովիչը շեշտում է, որ Հայաստանը կարող է առանձին վավերացնել արձանագրությունները եւ այդ քայլով ճնշման տակ դնել Թուրքիային, սակայն Սերժ Սարգսյանը հազիվ թե կարողանա մարսել այդ քայլի հետեւանքները: Յովանովիչը, կիսվելով հայաստանյան մեկնաբանների հետ իր զրույցների տպավորություններով, մեջբերում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքը, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը չի կարող «կուլ տալ» իր հպարտությունը, կասկածի տակ դնել իր «արեւելյան տղամարդկայնությունը» ու դրանով իսկ ծնկի իջնել թուրքերի առաջ: Հետաքրքիր է, որ Հայաստանի կողմից փաստաթուղթը չվավերացնելը կապվում է ոչ թե ազգային կամ պետական շահերի հետ, այլ լոկ արեւելյան բնույթի տղայականության:
Անցում կատարելով ԵԱՀԿ Մինսկի խումբը ընդլայնելու եւ Թուրքիային համանախագահություն շնորհելու թեմային՝ Յովանովիչը կրկին ուշադրություն է հրավիրում մի շարք հայ վերլուծաբանների խոսքերին, ըստ որոնց՝ Թուրքիան կարող է դառնալ Մինսկի խմբի անդամ, եթե շտապի վավերացնել արձանագրությունները: Ավելին՝ ամերիկացիների հետ հանդիպման ժամանակ ԱԳ նախարարի տեղակալ Կիրակոսյանը հայտնել է, թե ՀՀ ԱԳՆ-ն եկել է այն եզրակացության, որ Թուրքիան ցանկանում է տեղ զբաղեցնել Մինսկի խմբում, ինչը կարող է արձանագրությունները վավերացնելու գինը լինել: Յովանովիչի տպավորությամբ՝ Հայաստանում այնքան էլ դեմ չեն, որ Թուրքիան դառնա ՄԽ անդամ: Նրա կարծիքով, սակայն, սա ընդունելի կլինի, եթե միաժամանակ ուղղվի Ռ.Քոչարյանի՝ տարիներ առաջ կատարած լուրջ սխալը եւ ԼՂ-ը վերադարձվի բանակցային սեղանի շուրջ` որպես հակամարտության լիիրավ կողմ: Հատկանշական է, որ այստեղ արդեն դիվանագիտական մակարդակով է հաստատվում, որ Ռոբերտ Քոչարյանը տիրանալով ՀՀ նախագահի պաշտոնին քաղաքական անմտություն էր ցուցաբերել Լեռնային Ղարաբաղը բանակցություններից հեռացնելով: Քոչարյանի ու նրա մերձավորների շաղակրատումները, թե ԼՂ-ը դուրս չի մնացել բանակցային գործընթացից, ըստ էության, պարզունակ կեղծիք են: Ուշագրավ է, որ Յովանովիչը հիշատակում է նաեւ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի կարծիքը, ով առանձնազրույցում պնդել է, թե ԼՂ-ը չպետք է հեռացվեր բանակցություններից: ՀՀԿ-ական պատգամավորը հայտնել է, որ ՄԽ-ի վերադասավորումն ու դրանում Թուրքիայի ընդգրկումը կարող են լավ հնարավորություն ստեղծել հայկական կողմի համար, որպեսզի ԼՂ-ը վերադարձվի բանակցային սեղանի շուրջ: Պարզվում է, որ Քոչարյանի ռեժիմին հաջողությամբ ծառայած Սամվել Նիկոյանը հետին թվով դժգոհ է Քոչարյանի քաղաքականությունից: Հետաքրքիր է, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտից հետո ո՞ր ՀՀԿ-ականներն են գաղտնաբար կամ հրապարակայնորեն բողոքելու իրենց նախկին շեֆից:
Ինչեւէ, Յովանովիչը արձանագրում է. պետք է Թուրքիայի առաջ նախապայման դնել առ այն, որ ոչ թե ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է նպաստի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, այլ ճիշտ հակառակը: Դեսպանը նկատում է, որ Թուրքիայի ընդգրկումը ՄԽ կազմի մեջ լուրջ գլխացավանք կարող է պատճառել Սերժ Սարգսյանին: Դիվանագետի համոզմամբ՝ Սարգսյանը կկարողանա խուսափել լուրջ դժվարություններից, եթե Թուրքիան դադարեցնի իր թշնամական վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Յովանովիչը եզրակացնում է, որ Թուրքիայի ներգրավումը ՄԽ ֆորմատում կարող է նոր ուղիներ ու հնարավորություններ բացել եւ օգնել հայկական կողմին ուղղելու Քոչարյանի սխալը: ԱՄՆ դեսպանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը ոչ մի նոր քայլի այլեւս ընդունակ չէ, քանզի նրա քաղաքական կապիտալը սպառված է: Վերջինիս դիրքերը բարելավելու համար Յովանովիչը առաջարկում է նրան ընդունել Սպիտակ տանը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը չընդունելով հանդերձ՝ ԱՄՆ իշխանությունը՝ նախագահ Բ.Օբամայի մակարդակով, ի վերջո նրան ընդունեց Սպիտակ տանը: Արդ, կարելի է եզրակացնել, որ Սարգսյանը Վաշինգտոն էր հրավիրվել՝ տարածաշրջանում ԱՄՆ հետաքրքրությունները բավարարելու նպատակով: Ամփոփելով՝ փաստենք, որ ՄԽ կազմում Թուրքիայի ընդգրկման թեման առաջինը բարձրացրել է հենց Ս. Սարգսյանը՝ խնդրելով Ա. Գյուլին օգնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

ՄԱՀԱՑԱԾԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԻՆ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կրքերը չեն հանդարտվում: Սեպտեմբերի 20-ին մի խումբ վարդենիսցիների կողմից դաժան ծեծի հետեւանքով մահացած Ծովակ գյուղի բնակիչների հարազատները չեն լռելու: Երեկ հերթական անգամ մահացածի հարազատներին հրավիրել են ոստիկանության Վարդենիսի բաժին: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ հետախուզվողներից մեկը երեկ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18:30-ին, 1995թ. ծնված Մանուկը, վարելով BMW մակնիշի ավտոմեքենա, Վարդենիս-Երեւան ավտոճանապարհի 1-ին կմ-ին հանդիպել է դիմացից երթեւեկող Վազ-21/150 մակնիշի մեքենային, որի մեջ էին եղել 38 տարեկան Մարտին Հակոբյանը, 27 տարեկան Զոհրաբ Կարապետյանը եւ 27 տարեկան Հրանտ Շաբոյանը: Ճանապարհը չզիջելու պատճառով սկսված վիճաբանությունն ավարտվել էր Հրավարդ Սարգսյանին (Գագիկ) եւ նրա որդուն՝ Մանուկ Սարգսյանին դաժան ծեծի ենթարկելով: Դեպքից հետո Գագիկը տեղախոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ մի քանի օր անց մահացել էր: Իսկ Մանուկն ամբուլատոր բուժումներ է ստանում:
Դեպքից երկու օր անց ծեծողներից Հրանտ Շաբոյանը ձերբակալվեց: Մյուսների նկատմամբ հետախուզում հայտարարվեց: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հետախուզվողներից Մարտին Հակոբյանը, ով, ըստ շրջանառվող լուրերի, Գագիկին գլխավոր ծեծի ենթարկողներից մեկն է եղել, երեկ ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վարդենիսի բաժին: Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ը ճշտեց նաեւ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
Քանի որ մահացած Գագիկի հարազատներն անասելի զայրացած են ու չի բացառվում «սամասուդ»-ի ենթարկեն ծեծող կողմի հարազատներին, ՀՀ ոստիկանությունը որոշել է հնարավոր վենդետայի դրսեւորումներից խուսափելու համար այս օրերին հսկել ծեծի ենթարկած տղաների հարազատների բնակարանները:
Այժմ այս գործի շրջանակներում փնտրվում է 27-ամյա Զոհրաբ Կարապետյանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԿՈՒԼ ՏՎԵՑԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽԱՅԾԸ

Երեկ հարյուրից ավելի առեւտրականներ բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ Ազգային Ժողովի մուտքի մոտ: Պատճառը «Շրջանառության հարկի մասին» ՀՀ փոփոխված օրենքն է, որի դեմ բողոքով նախորդ շաբաթ նրանք հավաքվել էին ՀՀ Կառավարության շենքի մոտ:

Հիշեցնենք, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքն այս տարվա հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում: Համաձայն դրա՝ փոքր ու միջին ձեռնարկությունները պետք է փաստաթղթեր ներկայացնեն առանձին ապրանքների վերաբերյալ, թե որտեղից են ձեռք բերել եւ վաճառել: Ձեռնարկությունն առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ կարող է տուգանվել 20 հազար դրամի չափով, իսկ երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:
Երբ այս դժգոհությունները նախորդ շաբաթ ներկայացվել էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, նա ասել էր, թե կառավարությունը չէ քննադատության հասցեատերը, այլ խորհրդարանը, որտեղ ընդունվում են օրենքները: Առեւտրականներն էլ խայծը կուլ էին տվել ու երեկ հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ՝ իրենց իրավունքները պաշտպանելու: Մինչդեռ օրենքը երբ ընդունվում էր, ԱԺ նախագահը նույն Հովիկ Աբրահամյանն էր:
Ինչեւէ, ՀՀ Ազգային Ժողովի մոտ հավաքված առեւտրականները տեւական ժամանակ սպասեցին, որ խորհրդարանից որեւէ մեկն իրենց մոտենա: Սակայն օրենսդիրի որեւէ ներկայացուցիչ չիջավ: Երկար սպասելուց հետո հուսահատված առեւտրականները ստիպված փակեցին խորհրդարանի Դ.Դեմիրճյան փողոցի կողմի մուտքը: Ինչից հետո նրանց մոտեցան ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանը եւ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, Տիգրան Ուրիխանյանը եւ Վահե Էնֆիաջյանը:
Վերջիններս առեւտրականներին փոխանցեցին, որ երկու նոր օրենսդրական առաջարկ են մշակում եւ դրանք Աժ արտահերթ նիստի ժամանակ կքննարկեն: Իսկ ահա ակցիայի մասնակիցները պատգամավորներին ի պատասխան հայտնեցին, որ հարցին լուծում չտալու դեպքում գործադուլը կվերածեն նստացույցի, հացադուլի:
Նշենք, որ երեկվա բողոքի ակցիային առեւտրականների կողքին էր նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Անուշ Մարգարյանը, ով ուշագրավ հայտարարություն արեց՝ նշելով, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի համապատասխան փոփոխությունների ընթացքը չի ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին, որով խախտվել է ՀՀ նախագահի հրամանագիրը:
Ի դեպ, այս եւ նախորդ բողոքի ակցիաներին չեն մասնակցել «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները. նրանց տնօրեն Ռադիկ Սարգսյանն արգելել է: Իսկ Երեւանի «Ոսկու շուկա»-ի աշխատակիցներին «անասնանման արարած» որակմանն արժանացած Վաղարշ Աբրահամյանն է հրահանգել չմասնակցել ակցիային:
Ահա թե ինչպես են ՀՀ իշխանությունները խնդիրը չկարգավորելով փակել բողոքողների բերանները: Հիմա մնում է անսալ ոչ իշխանական ուժերի համառությանը. գուցե նրանց հաջողվի շրջանառության մեջ նոր օրինագիծ դնել, որը կընդունվի եւ կմեղմացնի առեւտրականների դժգոհությունը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 




Լրահոս