«Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակից Բեթթին այցելել է Սփյուռքի նախարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մանկական Եվրատեսիլ երգի 12-րդ մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Էլիզաբեթ Դանիելյանին (Բեթթիին) և հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանին: Մրցույթը տեղի է ունենալու 2014 թվականի նոյեմբերի 15-ին Մալթայում:

ՀՀ սփյուռքի նախարարը վստահություն հայտնեց, որ Բեթթիի երաժշտական տվյալները, գեղեցիկ ժպիտն ու բեմական անկաշկանդ պահվածքը կօգնեն՝ գրավելու ողջ աշխարհի երաժշտասեր հանրության ուշադրությունն ու համակրանքը:
Նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց. «Սիրելի՛ Բեթթի, ողջունելի է հատկապես մայրենիի քո հրաշալի իմացությունը և արտահայտվելու կարողությունը: Համոզված եմ, որ Սփյուռքում ապրող ոչ մի հայ չի կարող անտարբեր մնալ, և իրենց ձայնը կտան հօգուտ քո կատարման»:

ՀՀ սփյուռքի նախարարը հավելեց, որ Մալթայի հայ համայնքն անհամբեր սպասում է հայ մանուկին: Նա Բեթթիին և պատվիրակության ողջ կազմին հանձնեց Հայոց Ցեղասպանությունը խորհրդանշող «Անմոռուկ» կրծքանշաններ և կոչ արեց համերգային շրջագայության ողջ ընթացքում կրել դրանք:

Նախարարը Բեթթիին նվիրեց նաև Հայրենիք-Սփյուռք գործակցությունը խորհրդանշող վերտառությամբ դրոշ, հայկական երգերի ժողովածու, խտասալիկ և հայատառ գլոբուս-լուսամփոփ:

«Մանկական եվրատեսիլ-2014»-ը ներկայացնող Բեթթին հանդիպման մասնակիցներին ներկայացրեց մրցույթից առաջ իր զգացողությունները և կատարեց «Արևի մարդիկ» երգը:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ և՛ մանկական, և՛ մեծերի եվրատեսիլ մրցույթներում մշտապես զգացել է ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությունը: «Շնորհակալ ենք հատկապես այս տարի Արամ MP3-իի ելույթին ձեր ցուցաբերած գործուն աջակցության համար, որը, կարծում եմ, նպաստեց, որ մեր ներկայացուցիչը գրավի 4-րդ պատվավոր հորիզոնականը: Նոյեմբերի 15-ին կայանալիք մանկական եվրատեսիլին նույնպես ակնկալում ենք ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությունը», – հավելեց Գոհար Գասպարյանը:

ՀՀ սփյուռքի նախարարը համոզմունք հայտնեց, որ տաղանդաշատ Բեթթիի և փորձառու պատվիրակության ջանքերով մանկական եվրատեսիլը կդառնա իսկական տոն աշխարհասփյուռ ողջ հայության համար և Բեթթին Հայրենիք կվերադառնա գերազանց արդյունքներով:




Լրահոս