ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՐՁՐ ՈՒԺ ԿՈՒՆԵՆԱ

ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ որոշեց, որ «2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը»: Այս ձեւակերպումն առաջին հայացքից ոչինչ չասող դեկլարատիվ բնույթ ունի: Իրականում այս ձեւակերպմամբ փորձ է արվում թաքցնել Հայաստանի սահմանադրական կարգի փոփոխության գործընթացը, որը սկսվել է դեռեւս մեկ տարի առաջ:

Բանն այն է, որ իրականում ՍԴ-ն սահմանադրության համապատասխանող է ճանաչել ոչինչ չասող մի փաստաթուղթ` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագիրը: Իսկ ի՞նչ է գրված «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում, արդյո՞ք դրանում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Կասկածից վեր է, որ այս հարցերի պատասխանները ՍԴ-ն չի տվել եւ ոչ էլ կարող էր տալ, որովհետեւ նրա քննարկմանը նման հարց չի ներկայացվել: Ավելին՝ ոչ ոք, ՀՀ իշխանության նեղ վերնախավից բացի, չգիտի, թե նշված պայմանագրում, որը մի քանի հարյուր հոդվածներից է բաղկացած, ինչ է գրված: Ի՞նչ են իրենցից ներկայացնելու «Եվրասիական տնտեսական միության մարմիններ», «Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհուրդ» եւ «Եվրասիական տնտեսական հանձնաժողով» անվանումներով նրանց ենթակայությամբ կազմավորվելիք մարմինները, որոնց ակտերը եւ որոշումները պետք է կիրառվեն Հայաստանի տարածքում: Արդյո՞ք այդ պայմանագիրը սահամափակվում է միայն տնտեսական հարաբերությունները կարգավորելով, թե՞ դրանում կան նաեւ, ասենք, դատաիրավական ոլորտին վերաբերող, մասնավորապես Հայաստանի տարածքում ԵՏՄ անդամ երկրների ուժային կառույցներին գործելու լիազորություններ տվող հոդվածներ: Ոչ ոք չգիտի, թե այդ մարմինները եւ նրանց ստորաբաժինները ինչ լիազորություններ են ունենալու:
Կասկածից վեր է, որ այդ փաստաթուղթը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրը) ոչ միայն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, այլեւ ավելին՝ այն անմիջական հակասության մեջ է լինելու ՀՀ ինքնիշխանության հետ: Եթե նման խնդիր չլիներ, ապա այդ պայմանագրի բովանդակությունը գաղտնի չէր պահվի, եւ նման խաբեության` պայմանագրին միանալու պայմանագիր հնարելու կարիք չէր լինի:
Այսինքն՝ Սերժ Սարգսյանը նախաձեռնել է մի գործընթաց, որի արդյունքում, ՀՀ Սահմանադրական դատարանի լուռ համաձայնությամբ, ՀՀ ԱԺ մեծամասնության ստրկամտության շնորհիվ Հայաստանում իրավական ուժ կստանա եւ կսկսի գործել մինչ օրս գաղտնի պահվող մի փաստաթուղթ, որը փաստացի ՀՀ մայր օրենքից՝ Սահմանադրությունից, բարձր իրավական ուժ կունենա: Նման իրավիճակից խուսափելու միակ տարբերակը փաստաթղթի սահմանադրականության հարցը քննարկելն ու սահմանադրությանը հակասող փաստաթղթի վավերացումը թույլ չտալն է, ինչը նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ: Իսկ Սահմանադրությանը հակասող պայմանագիրը, վավերացնելով այդ փաստաթուղթը, փաստացի ավելի բարձր իրավական ուժ է ստանում:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի չորրորդ մասն արձանագրում է. «Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը: Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել»: Այսինքն՝ Հայաստանի օրենքները պետք է համապատասխանեցվեն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին: Այս դեպքում որեւէ կերպ չես կարող հղում կատարել ՀՀ Սահմանադրությանը, քանի որ միջազգային պայմանագրերի վավերացումից եւ ուժի մեջ մտնելուց հետո դրանց Սահմանադրությանը համապատասխանել-չհամապատասխանելու հարցը քննարկելու որեւէ իրավական ճանապարհ գոյություն չունի: Սահմանադրությունը մինչեւ վավերացումն է նախատեսում Սահմանադրության համապատասխանության հարցի լուծումը: Իսկ այս տարբերակով ՀՀ իշխանություններն այդ արգելքը շրջանցում են:
Սա պետական ամենաբարձր մակարդակով, նաեւ իրենց ոչ իշխանական հռչակած քաղաքական ուժերի մասնակցությամբ իրականացվող ՀՀ ինքնիշխանության դեմ ուղղված խարդախություն է, որը բացահայտման կարիք ունի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՄԻԱՅՆ ՀԵԳՆԱՆՔՈՎ
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ադրբեջանական կողմի գործողություններին պետք է միայն հեգնանքով մոտենալ: «Ադրբեջանի` Ղարաբաղի տարածքը ոչ թռիչքային գոտի համարելու հանգամանքը միայն հեգնանքի է արժանի: Նման հայտարարություններին մենք հեգնանքով ենք վերաբերում: Այս համատեքստում, խոսելով նման հայտարարությունների մասին, պետք է ասեմ հետեւյալը՝ մենք համաձայն ենք Ադրբեջանի հետ, ճիշտ է ասում, բայց մասամբ: Երբ Ադրբեջանը հայտարարում է, որ չվերթները պետք է չիրականացվեն կամ արգելվեն, իր ռազմաօդային նավերի համար է տեղ բացում: Ա՛յ, դա է իրականությունը: Ա՛յ, նման հայտարարությունը կարող էր լինել իրականությանը մոտ եւ տղամարդկային: Բայց Ադրբեջանը զուրկ է նման հատկություններից եւ դրա համար էլ այդպիսի անհեթեթ հայտարարություններ է անում: Կարծում եմ, որ սա ուղղակի հայտարարություն է: Այն որ ՀՀ նախագահն ուղղաթիռով ժամանել է ԼՂՀ եւ Ստեփանակերտի օդանավակայանում նրան դիմավորել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, կարծում եմ՝ լավագույն պատասխանն էր նման աննորմալ հայտարարություններին: Այլ ավելացնելու բան չունեմ»,- ասաց Դավիթ Բաբայանը:

 

ԿԱՄՓՈՓԵՆ
Սերժ Սարգսյանն արդեն երկու օր է, ինչ Արցախում մասնակցում է ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին: Զորավարժություններն ընթանում են այնտեղ, որտեղ նոյեմբերի 12-ին Ադրբեջանը հայկական ուղղաթիռ խփեց, ինչի արդյունքում հայկական կողմը երեք զոհ ունեցավ: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ զորավարժություններն արդեն մոտենում են ավարտին, ու պետք է ամփոփում կատարվի:

 

ՉԻ ԲՈՂՈՔՈՒՄ
Նոյեմբերի 12-ին Կոտայքի մարզի Քասախ համայնքում ԲՀԿ-ականների կողմից ծեծի ենթարկված «Ժողովրդական ուղի» կուսակցության անդամ Վիգեն Դավթյանը երեկ դուրս է գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վիգեն Դավթյանի մայրը` տիկին Հասմիկը, ասաց, որ ըստ բժիշկների՝ իր որդին գլխուղեղի ցնցում է ստացել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վիգեն Դավթյանն ասաց, որ ինքը ոստիկաններին հայտնել է, թե իրեն ծեծի ենթարկող տղաների դեմ որեւէ բողոք չունի: «Ես միայն հորդորում եմ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որ այնպես անի այդ տղաներն այլեւս ինձ չմոտենան եւ վախեցնելու կամ ծեծելու փորձեր չանեն»:

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԱԿ-Ը ՔՆՆԱՐԿԵԼ Է
Երեկ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստը, որը վարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական իրավիճակը, համաժողովրդական շարժման ընթացքը, ինչպես նաեւ՝ Կոնգրեսի հետագա անելիքները:

 

ԱԶԱՏՎԵԼ Է
Armlur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի տեղակալ Վաղինակ Քոչարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: ՔԿՎ հանրային կապերի բաժնից հաստատել են այդ տեղեկությունը՝ հավելելով, որ Վաղինակ Քոչարյանն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն: Կայքի տեղեկություններով` նա կզբաղեցնի Արթուր Օսիկյանի խորհրդականի պաշտոնը:

 

ՀԱՑԱԴՈՒԼԻ  ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ նախագահական նստավայրի դիմաց երեկ շտապօգնության մեքենա է ժամանել, քանի որ վատացել է հացադուլ եւ նստացույց սկսած Առուշանյան ընտանիքի անդամներից Անահիտ Առուշանյանի ինքնազգացողությունը։ Նրանք արդեն 3-րդ օրն է՝ դիմել են բողոքի նման ծայրահեղ քայլի, որպեսզի բոլորի ուշադրությունը հրավիրեն իրենց որդու՝ Աշոտ Առուշանյանի գործի վրա։ Վերջինս դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ «Մանանա գրեյն» ընկերությունից կատարված 57 մլն դրամի գողությանն օժանդակելու համար։

 

ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն երեկ հանդես է եկել հայկական ուղղաթիռի խոցման հետ կապված հայտարարությամբ. «Կարող եմ միայն ցանկանալ, որ մոտակա օրերին եւ շաբաթներին կողմերը ձեռնպահ մնան բանավոր լարվածության եւ սադրանքի ցանկացած դրսեւորումից եւ վերադառնան Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ Սոչիի, Նյուպորտի եւ Փարիզի հանդիպումների ժամանակ մեկնարկած երկխոսության դինամիկային։ Վստահության միջոցառումների որդեգրումն անհրաժեշտ է ավելի քան երբեւէ»։

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ համդիպել Է ՀՀ բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ: Նա ուսանողներին տեղեկացրել է, որ այս տարի համապատասխան ծրագրով աջակցություն է ցուցաբերվել բուհերի բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով 1.070 ուսանողի, որոնց ուսման վարձի 50-100 տոկոս փոխհատուցման համար ահրաժեշտ ֆինանսական միջոցները կազմել են 223.800.800 դրամ: Ա. Աշոտյանն ուսխորհրդի ղեկավարներին հորդորել է ուշադիր լինել իրենց բուհի սոցիալապես անապահով ուսանողների նկատմամբ եւ աջակցել նախարարությանը` վերոնշյալ ուսանողների բացահայտման եւ պետության կողմից նպատակային աջակցությունը ճիշտ հասցեատերերին տրամադրելու գործում:

 

20 ՄԵՏՐԻ ՎՐԱ
Ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում նոյեմբերի 12-ին խոցված հայկական ռազմական ուղղաթիռն ընկել է հակառակորդի դիրքերից ընդամենը 20 մետր հեռավորության վրա: Այս մասին երեկ հայտնել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը: Նա նաեւ նշել է, որ առայժմ հնարավոր չէ մոտենալ այդ տարածքին:

 

ԿԱՐԱՊԵՏԻՉՆ ԷՐ ՊԱԿԱՍՈՒՄ
ԲՀԿ-ն ողջունում է Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցության» պատրաստակամությունը՝ միանալու եռյակի պայքարին: «Բնական է, որ սեղմում ենք իրենց մեկնած ձեռքը եւ կարեւորում ենք լայն կոնսոլիդացիայի այս փուլում «Ժողովրդական կուսակցության» միանալու պատրաստակամությունը»,-ասել է ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

 

 




Լրահոս