«ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է ԼԻՆՈՒՄ, ՔԱՆ ՀԱՃՈՒՅՔԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք նախեւառաջ պատասխանատվություն եւ պարտականություն ունենք մեր ժողովրդի առջեւ. որքան էլ մեծ արվեստագետ, հանճարեղ, տաղանդավոր դերասան կամ երգիչ լինես, դու ոչինչ, ոչ մի բան ես` առանց հանդիսատեսի։ Քանի որ ժողովուրդը միշտ արվեստագետի կողքին է, իր սերն է տալիս նրան, արվեստագետն էլ պետք է միշտ լինի իր ժողովրդի կողքին եւ ամեն ինչ անի նրա համար»,-համոզված է դերասան, օպերային երգիչ, տենոր Արման Նշանյանը։

-Մենք դժվարությամբ կապվեցինք Ձեզ հետ. անընդհատ զբաղված էիք, սերիալո՞ւմ եք նկարահանվում։
-Ես այլեւս սերիալում չեմ նկարահանվում։ Եթե բազմասերիանոց ֆիլմ լինի, եւ սցենարը դուր գա, միայն այդ դեպքում կհամաձայնվեմ նկարահանվել։ Անցյալ տարի՝ նոյեմբերին, Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրեցի Նիլ Սայմոնի «Կենտ զույգը» ներկայացումը, որտեղ Սոս Ջանիբեկյանի հետ նաեւ խաղում եմ գլխավոր հերոսներից մեկի դերը։ Պատրաստվում ենք այն ներկայացնել ԱՄՆ-ում եւ դրա տեսահոլովակն ենք նկարում։
-Դուք պրոֆեսիոնալ դերասան եք, պրոֆեսիոնալ օպերային երգիչ, սակայն համաձայնվել էիք նկարահանվել հեռուստասերիալում, որտեղ երբեմն ոչ դերասաններն ավելի շատ են։ Ի՞նչն էր Ձեզ մղել դրան։
-«Եղբայրներ» սերիալն իմ, այսպես ասած, առաջին նկարահանման փորձն էր Հայաստանում։ Ես բացարձակապես տեղեկացված չէի, թե Հայաստանում ինչպես ու ինչ սերիալներ են նկարահանում։ Ինչ-որ տեղ բախտս բերեց. դա, իմ համեստ կարծիքով, հաջողված սերիալներից էր (եթե նման արտահայտություն կարելի է օգտագործել Հայաստանում)։ Արվեստի հարցում մի քիչ ռոմանտիկ մտածելակերպ ունեմ. եթե դերը խորիմաստ է, եւ դրանով կկարողանամ ինչ-որ մի բան տալ ժողովրդին, ապա կհամաձայնվեմ խաղալ՝ անկախ գումարից, պայմաններից, վիճակից։ Սա հենց այդ դեպքերից էր, եւ լավ էր, որ գոնե 90 տոկոսը դերասաններ էին, ընդ որում, նաեւ լավ դերասաններ։
-Ձեզ ավելի հոգեհարազատ է օպերային երգչի՞, թե՞ դերասանի մասնագիտությունը։
-Ինչպես մայրը չի կարող տարբերություն դնել իր զավակների միջեւ, կյանքը պատկերացնել առանց նրանց, այդպես էլ ես իմ կյանքը չեմ կարող պատկերացնել առանց դրանցից որեւէ մեկի։ Եթե ինձ ասեն՝ ընտրիր դրանցից մեկը, չեմ կարողանա։ Թե՛ երգի մեջ, թե՛ կինոյում կամ թատրոնում ես առաջինը դերասան եմ, որովհետեւ ռոմանս կամ այլ երգ մատուցում եմ կերպարային վերլուծությամբ։ Դե իսկ օպերային կատարումը ինքնին կերպավորում է պահանջում։
-Մասնագիտության ընտրության հարցում ծնողների ազդեցությունը եղե՞լ է։
-Արվեստի ճանապարհն անչափ դժվար է, տանջալի, շատ պատասխանատու, եւ հիասթափությունն ավելի շատ է լինում, քան հաճույքը։ Իսկ դրա մասին ցանկացած լուրջ արվեստագետ, այդ թվում՝ իմ ծնողները, շատ լավ գիտեն, եւ նրանք չեն ցանկանա, որ իրենց զավակը տանի այդ նույն տանջանքները։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ Աստված է տալիս տաղանդը, եւ մենք՝ որպես արվեստի հետեւորդներ, նախեւառաջ պատասխանատու ենք Աստծո ու նաեւ ժողովրդի առաջ։ Իսկ դա նշանակում է, որ իրավունք չունենք մեր շահերը գերադասել պատասխանատվությունից։
-Կանանց միամսյակն է, եւ այդ կապակցությամբ հետաքրքիր է լսել հայ կնոջ մասին Ձեր կարծիքը։
-Մեր ազգը հին ազգ է, իսկ հին ազգն ունի հին հոգի։ Հինն այս դեպքում գինու պես է. լավ է խմորվում, խորիմաստ է։ Իսկ խորիմաստ մարդը գիտակից է եւ հասկանում է, որ կա Աստված, սեր ու բարություն։ Եվ մեր հայ կանանց հոգու մեջ անգիտակցաբար ներդրված է Աստծո հավատը եւ այդ խորությունը, իսկ որտեղ հավատ, քրիստոնեություն, այնտեղ՝ բարություն, հավատարմություն։ Այդ ամենն արտացոլվում է մեր կանանց աչքերի մեջ: Պատահական չի ստեղծվել հայի աչքերի մասին երգը։

 

 

 

ԲԱՐՁՐԱՔԱՇՆ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳՎԱԾՆԵՐԻՑ է

Ինչպես հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից, «Եվրոպա Նոստրա» մշակութային ժառանգության եվրոպական առաջատար կազմակերպությունը եւ Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտը հրապարակել են 2014 թ. «7 առավել վտանգված» ծրագրում ընդգրկված 11 հուշարձանների եւ տեսարժան վայրերի նախնական ցանկը: Միջազգային հանձնաժողովի փորձագետների կողմից ընտրված վտանգված հուշարձանների ցանկում է հայտնվել նաեւ ՀՀ Լոռու մարզի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մասնավորապես ասաց, որ դեռեւս 2009 թվականին Մշակույթի նախարարությունն առավել վտանգված հուշարձանների դիտանցման ծրագիր էր իրականացնում, եւ այդ ժամանակ արդեն Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը ընդգրկվել էր այդ ծրագրում։ «Այսինքն՝ նախարարությունը համարել է, որ այն առավել վտանգված հուշարձաններից մեկն է։ Եվ եթե հիմա Ձեր ասած ծրագիրը Բարձրաքաշն ընդգրկել է իր նախնական ցանկում, ցանկանում է ինչ-որ աշխատանքներ իրականացնել, դա ցույց է տալիս, որ Մշակույթի նախարարությունը հետամուտ է եղել այդ հարցին, միշտ աչքի տակ է ունեցել եւ տարբեր հնարավորություններ է փորձել»։ Պարոն Կարապետյանը առաջին անգամ Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքում եղել է շատ վաղուց՝ 1981 թվականին, իսկ վերջին տարիներին իրար հետեւից՝ մի քանի անգամ։ «Միմյանց կից եկեղեցիներ են։ Վանքը բաղկացած է երեք եկեղեցիներից, բոլորի ծածկերը փլված են, պատերը որոշ հատվածներում դեռ կան, եղած հատվածների մի մասն էլ թեքված է, այսինքն՝ ամբողջ վանական համալիրը քարուքանդ վիճակում է, եւ հիմքերն ամրացնելու խնդիր էլ կա։ Մի բանը լավ է, որ համալիրը գտնվում է դժվարամատչելի վայրում, այնտեղ հասնող ավտոմեքենայի ճանապարհ չկա, եւ ժամանակի ընթացքում քանդված վանքի քարերն, ըստ էության, բոլորը տեղում են։ Եվ եթե նախնական պեղումները կատարվեն, ու միայն դրանից հետո վերականգնման նախագիծը կազմվի, ընկած բոլոր բեկորները կարող են գտնել իրենց տեղը։ Ու ենթադրում եմ, որ նոր տաշուշարի անհրաժեշտություն համարյա չի լինի»,- վանական համալիրի վիճակի վերաբերյալ իր տպավորությունները ներկայացրեց մեր զրուցակիցը։
Վերջում հիշեցնենք, որ «Եվրոպա Նոստրա»-ի «7 առավել վտանգված» ծրագիրը մեկնարկել է 2012 թ. հունվարին, որի հիմնական նպատակներից է միեւնույն գաղափարի շուրջ միավորել մասնավոր եւ պետական մի շարք կազմակերպությունների` բացահայտելու մշակութային ժառանգության պահպանության համար ֆինանսական նոր աղբյուրներ:

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԲԱՑՎԵՑ ՐԱՖՖՈՒ ՀՈՒՇԱՔԱՐԸ
Մարտի 13-ին Թբիլիսի քաղաքում, որտեղ բնակվել է հայազգի տաղանդավոր գրող եւ հասարակական գործիչ Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան), Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ տեղի է ունեցել գրողի հուշատախտակի բացման արարողությունը: Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաեւ Վրաստանի ազգային ժողովի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի ներկայացուցիչ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը, վրացի եւ հայ մշակութային, հասարակական գործիչներ:

 

«ՆԻՄՖՈՄԱՆՈՒՀԻ»-Ն ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է
Օրերս Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում կայացել է դանիացի հայտնի կինոռեժիսոր Լարս ֆոն Թրիերի՝ աղմուկ հանած «Նիմֆոմանուհի» ֆիլմի առաջին մասի հատուկ ցուցադրությունը: Գլխավոր դերերում հանդես եկած արտիստները ժամանել են Նյու Յորք` հանրությանն իրենց նոր նախագիծը ներկայացնելու համար: Նշենք, որ ցուցադրությանը մասնակցել են Շառլոթ Գենսբուրը, Ումա Թուրմանը, Քրիստիան Սլեյթերը, Սթեյսի Մարտինը, Սթելան Սքարսգարդը եւ այլ աստղեր: Ավելացնենք, որ այս ֆիլմի ցուցադրությունը Ռումինիայում, Թուրքիայում եւ մի շարք այլ երկրներում արգելված է: Իսկ մեզ մոտ բուռն քննարկումներից հետո, Երեւանի 80՚s Pub ակումբը ցուցադրեց կինոֆիլմը: Ցուցադրությունը փակ էր, մուտքն անձնագրերով էր, իսկ կինոդիտողների տարիքը պետք է լիներ 18-ից բարձր:

 

ԿՈՉՈՒՄԻՑ ԶՐԿԵԼ ԵՆ
Հայտնի երաժիշտ Յուրի Բաշմետին զրկել են Լվովի Լիսենկոյի անվան ազգային երաժշտական ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչումից: Այս ամենի պատճառն այն է, որ Բաշմետը ստորագրել է Ռուսաստանի մշակույթի գործիչների նամակը, որով պաշտպանվում է Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն Ուկրաինայի եւ Ղրիմի հարցում: Հիշեցնենք, որ երաժիշտը պատվավոր պրոֆեսորի կոչմանն էր արժանացել 2 տարի առաջ:

 

ՆՈՒՅՆ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ
Ռուսական էստրադայի երգչուհիներ Լյուբով Ուսպենսկայան եւ Իրինա Դուբցովան համատեղ երգ են ձայնագրելու, որն արդեն տեսահոլովակ ունի: Այն կոչվում է «Ես նույնպես նրան սիրում եմ»: Տեսահոլովակի ռեժիսորը Ալեքսեյ Գոլուբեւն է: Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը Իրինա Դուբցովան է: Ի դեպ, երգչուհիները տեսահոլովակում մարմնավորել են գլխավոր դերակատարների, ովքեր պայքարում են միեւնույն տղամարդու համար:

 




Լրահոս