ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՆՈՐ «ԵՐԿՐԱՊԱՀ» Է ՍՏԵՂԾՈՒՄ

Ինչպես երեւում է` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ղարաբաղյան կլանին մաքրելու ուղղությամբ լրջագույն քայլեր է իրականացնում եւ կուլիսային խոսակցությունները կամաց-կամաց միս ու արյուն են ստանում: Գործի են անցել ուժայինները` ազատամարտիկների դեմքով:

Երեկ armlur.am-ը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո) եւ Ռուստամ Գասպարյանն արդեն երկու ամիս է, ինչ «դռնեդուռ ընկած» ազատամարտիկներ են որոնում: Նրանք նպատակ ունեն «Երկրապահ» կամավորականների միության նման մի նոր կառույց սարքել՝ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ:
ԱԺ ազատամարտիկ պատգամավորները Գագիկ Ծառուկյանին խոստացել են միավորել բոլոր ազատամարտիկներին (նաեւ նրանց, ովքեր տարբեր պատճառներով ԵԿՄ-ում չեն) եւ իրենց շուրջ ստեղծել ուժային մի թիմ, որը պատրաստ կլինի ցանկացած զարգացման: Ծառուկյանն էլ համաձայնել է եւ հրահանգել գործի անցնել:
Եվ այսպես, մեզ հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել ազատամարտիկ պատգամավորների գործունեությունից: Պարզվում է` նրանք որպես հիմնավոր քարոզչություն, ընտրել են Սերժ Սարգսյանի «Երկրապահ» կամավորականների միության համագումարի ժամանակ ունեցած ելույթը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե «այսօր պետք է լսելի դառնա երկրապահի ձայնը, փոխարենը լսելի են առանձին անհատների նվնվոցները տարբեր հրապարակներում, թե մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել, եւ հիմա կամ շատ բարձրացրեք մեր թոշակները, կամ էլ հեղափոխություն ենք անելու: Մենք շատ լավ գիտենք` ով որտեղ եւ ինչքան արյուն է թափել, մենք նաեւ շատ լավ գիտենք այդպիսի մարդկանց խոսքի արժեքն ու նրանց գործողություն կատարելու ունակությունը»:
ԲՀԿ-ականները փորձում են կոնսոլիդացիան ապահովել հենց այս խոսքերից վիրավորվածների, Մանվել Գրիգորյանից տարբեր պատճառներով նեղացածների եւ իսկապես սոցիալապես ծայրահեղ պայմաններում ապրող ազատամարտիկների հաշվին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գասպարյանն ու Գեւորգյանը ազատամարտիկներին խոստանում են ամեն ամիս թոշակ տալ, օգնել կենցաղային շատ այլ հարցերում, գրասենյակներ բացել ողջ երկրում, եւ այսպես շարունակ:
Իհարկե, Սերժ Սարգսյանի կողմից չգնահատված, ջիփեր չունեցող եւ ԵԿՄ-ի հետեւից վազելու պատրաստակամություն չցուցաբերող ազատամարտիկները կարող են օգտվել առավել մարդկային թվացող առաջարկից, եթե իրականում հասկանային, թե ինչ կարող է լինել «առաջիկա զարգացում» ասվածը: Բացի այդ, կա եւս մեկ կարեւոր հանգամանք. ԵԿՄ-ից դուրս մնացած ազատամարտիկների մի զգալի հատված պարզապես չի վստահում Ռուբեն Գեւորգյանին, որովհետեւ նա առավել շատ խոսում է, քան գործում: Ու թվացյալ խիզախությունը շատ հարցերում հակառակ կերպ է դրսեւորվում:
Քանի որ ե՛ւ Ռուբեն Գեւորգյանը, ե՛ւ Ռուստամ Գասպարյանը ԵԿՄ անդամներ են, նրանք միաժամանակ չեն ցանկանում իրենց հարաբերությունները փչացնել նաեւ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ: Իմանալով, որ Գրիգորյանը կարող է նեղանալ կամ բարկանալ, Ռուբեն Գեւորգյանը վերջերս զրուցել է գեներալի հետ` բացատրելով, որ իրենց նախաձեռնությունը «Երկրապահ»-ի դեմ չէ, այլ նպատակ ունեն ԵԿՄ-ից դուրս եկած, ինչ-ինչ պատճառներով նեղացածներին համախմբել:
Իսկ իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում ԲՀԿ-ն` ազատամարտիկներին համախմբելով: armlur.am-ի այս հարցին ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսպես պատասխանեց. «Ես տեղեկություն չունեմ»:
Իսկ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, ԵԿՄ նորընտիր փոխնախագահ Մխիթար Հարությունյանը armlur.am-ին հայտնեց, թե «Երկրապահ կամավորական միությունը` որպես կառույց, կա արդեն Հայաստանում: Որեւէ մեկը չի կարող նման երկրորդ կառույց ստեղծել: Իսկ այն, ինչ քաղաքականությանն է վերաբերում, ես դրանով չեմ զբաղվում: ԵԿՄ-ից ավելի շատ ոչ ոք չի մտածում կռված տղաների ու նրանց ընտանիքների մասին: Այն, ինչ անում է ԵԿՄ-ն, որեւէ մեկը չի կարող անել, քանի որ շատ ժամանակ է պետք, արիություն, հոգի, ոգի: Երկրորդ Մանվել Գրիգորյան չկա Հայաստանում»:
Նրա խոսքերով՝ քաղաքական ուժերը չպետք է կռված տղաների էմոցիաները, նեղվածությունը, վիճակը օգտագործեն քաղաքական շահերի համար, քանի որ նրանք դատապարտված են ձախողելու: «Բոլոր կռված տղաները հոգով-սրտով երկրապահ են: Ես չգիտեմ` ով ինչ է ասում կամ անում, այն չի ստացվի, երկրորդ՝ չի կարելի, երրորդ` ամենամեծ ստորությունն է կռված տղաներին օգտագործել քաղաքական նպատակներով»,-եզրափակց Հարությունյանը:
Տեսնենք, թե ինչ կստացվի ԲՀԿ-ի նոր ստեղծելիք Երկրապահից:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

 

ՆԱՄԱԿ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ

Սիրիա մեկնած ԱԺ երիտասարդ պատգամավորները երեկ հանդիպել են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին` Դամասկոսի իր նստավայրում: ՍԱՆԱ հեռուստաընկերության փոխանցմամբ՝ հայաստանյան պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանն Ասադին է փոխանցել Սերժ Սարգսյանի նամակը, որում նա իր եւ հայ ժողովրդի անունից դատապարտել է Քեսաբում ահաբեկչական խմբավորումների՝ Թուրքիայի աջակցությամբ իրականացրած հարձակումները: 

Իհարկե նորմալ է, որ պատգամավորները Սերժ Սարգսյանի նամակը տեղ են հասցրել, խնդիրն այս իրավիճակում այն է, որ պատգամավորների՝ Սիրիա մեկնելը դարձել է զավեշտի առարկա: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամները հայտարարում են, որ դա եղել է պատգամավորների նախաձեռնությամբ ու ՀՀ-ն պատվիրակություն չի ուղարկել Սիրիա, հիմա էլ պարզվում է, որ Ս. Սարգսյանը պատգամավորների միջոցով նամակ է փոխանցել Ասադին:
Հետաքրքիր է, ինչո՞ւ է իշխող ՀՀԿ-ն ամեն կերպ թաքցնում իրականությունը: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանից պարզել խնդիրը:
-Ինչո՞ւ իշխանությունները լուրջ չեն վերաբերվում Սիրիայում կատարվող դեպքերին, որ բավարարվել են միայն երիտասարդ պատգամավորների նախաձեռնությամբ:
-Սա մասնավոր այց էր ու մի խումբ պատգամավորներ նախաձեռնություն են ցուցաբերել, գնացել հասել են այնտեղ, մարդկանց հետ շփվել են: Սա այն հարցը չէ, որ շահարկվի, ով ցանկանում է կարող է ինքն էլ գնալ: Պատվիրակություն չէ, որ ԱԺ մյուս ֆրակցիաները եւս ներկայացված լինեին: Խնդիրը շատ լուրջ է, իսկ այդ լրջությանն արձագանքելու ձեւեր կան, կա ԱԳ նախարարության հայտարարությունը, կա ՀՀ նախագահի արձագանքը, այսինքն՝ լրջորեն արձագանք եղել է:

 

 

ԻՐԱՐ  ԱՐԺԱՆԻ

ԱԺ ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունների միջեւ «փոխհրաձգությունը» երեկ եւս շարունակվեց, քանի որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը կրկին ԱԺ ամբիոնի մոտ էր: Արմեն Աշոտյանն այս անգամ ներկայացնում էր «Կրթության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը ու կողքից էլ շարունակում ԲՀԿ-ականներին «շշպռել»: Նկատենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Ահրահամյանն արդեն երկրորդ օրն է, ինչ անընդմեջ նիստերի դահլիճում է եւ անձամբ է հետեւում «բռնցքամարտին»: Սակայն երեկ, կարծես թե, ԲՀԿ-ականների նյարդերը տեղի էին տվել, քանի որ Ա. Աշոտյանի ելույթի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Տիգրան Ուրիխանյանն ու Վահան Բաբայանը շատ վրդովված դուրս եկան Աժ դահլիճից, իսկ Տ. Ուրիխանյանն էլ հայտարարեց, թե արդեն «չափներդ անցել եք» ու շրխկալով փակեց դուռը:
Նախարար Աշոտյանն էլ, երբ ավարտեց իր «առաքելությունը», ԱԺ միջանցքում Կարեն Ավագյանի հետ «կիսվում» էր «արկածների» մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ԴԵՍՊԱՆԸ  ԿՎԵՐԱԴԱՌՆԱ

Ուկրաինայի դեսպանության խորհրդական Իգոր Ռոման երեկ հայտարարել է, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հաջորդ շաբաթ կվերադառնա Երեւան եւ կշարունակի իր աշխատանքը: Խորհրդականը նաեւ նշել է, որ Ուկրաինան մտադիր չէ խզել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ կամ իջեցնել հարաբերությունների մակարդակը: Հիշեցնենք, որ Սարգսյան-Պուտին հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում Ս. Սարգսյանը Ղրիմի հանրաքվեն որակել էր որպես «ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ», պաշտոնական Կիեւը հայտարարեց, որ հետ է կանչել Երեւանում իր դեսպանին՝ մինչեւ հայկական կողմը չհստակեցնի իր դիրքորոշումը՝ ճանաչո՞ւմ է արդյոք Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին: Այդպիսով` կարելի է ենթադրել, որ Ս. Սարգսյանն արդեն հստակեցրել է իր դիրքորոշումը, մնում է` այդ մասին նաեւ ՀՀ քաղաքացիներին հարկ համարեն տեղեկացնել:
ՆԱՄԱԿԸ ԵՂԵԼ Է

Պատասխանելով Aravot.am-ի հարցմանը` կապված Դավիթ Շահնազարյանի այն հայտարարության հետ, թե անցած դեկտեմբերին Երեւան կատարած այցի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Սերժ Սարգսյանին Թուրքիայի վարչապետի կողմից նամակ էր բերել , ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանն ասել է, որ Ս. Սարգսյանը բազմաթիվ նամակներ եւ ուղերձներ է ստանում, որոնք հրապարակվում են ըստ նպատակահարմարության եւ փոխադարձ համաձայնության: «Ինչ վերաբերում է անցյալ տարվա դեկտեմբերին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Երեւան կատարած այցի ժամանակ իր երկրի ղեկավարության անունից ներկայացրած տեսակետներին, մոտեցումներին, ապա Հայաստանի արտգործնախարարը ժամանակին դրանց անդրադարձել է»:

 

ՈՉ ՀՐԱՇԱԼԻ

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ անդրադառնալով «հրաշալի քառյակին», ասել է, թե այն «կպատրաստվի, կկոնսուլտացվի, կհավաքվի տարբեր գինեգործական կոմբինատներում եւ իրարից նյութեր փախցնելու ցանկություն կունենա»: Ի պատասխան` ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հակադարձել է. «Մենք հրաշալի քառյակ չենք, մոռացեք: Մենք քաղաքական ուժեր ենք, որոնք կոնկրետ խնդիրների շուրջ համագործակցում են ցանկացած պարագայում: Եվ փորձել նույնացնել եւ գնահատականներ տալ, մի՛ արեք այդ գործը: Տասնապատիկը կստանաք անձամբ Դաշնակցության կողմից: Լրիվ անտեղի, անիմաստ շահարկում է»: Վարդանյանին իր հերթին հակադարձել է Աշոտյանը` հիշեցնելով, որ այդ ձեւակերպման հեղինակը Լեւոն Տեր-Պետրոսյանն է. «Չնեղանա ոչ ոք, բայց ամենահեղինակավոր մարդը պետական ապարատում երկրի առաջին նախագահն է, որը նման բան է ասել, եւ որը ոչ ոք չի հերքել»:

 

ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ՞Ց

Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ տեղահանված քեսաբահայերը օգնության կարիք ունեն, նրանք ակնկալում են, որ ՀՀ-ն օգնություն է տրամադրելու տեղահանված բնակիչներին: Բացի այդ, ըստ Չափարյանի՝ նրանք ակնկալում են պաշտոնական Երեւանի ճիշտ դիվանագիտությունը, որ քեսաբահայերի խնդիրը բարձրացնեն միջազգային մակարդակով: «Մեզ շատ են օգնել այս օրերի ընթացքում, շնորհակալություն ենք հայտնում առաջին հերթին Սիրիայի իշխանություններին, Լաթաքիայի տեղի իշխանություններին. նրանք ամեն ինչով մեզ աջակցում են: Մենք օգնություն ենք ստանում նաեւ Կարմիր Խաչից, մեզ օգնում են Դամասկոսի, Հալեպի գաղթօջախներից»:




Լրահոս