ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՐԴԵՆԻՍԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԵՐԻ ՀԱՐՑԸ ԼՈՒՐՋ Է

Վարդենիսի ոստիկանապետ Վալերի Բաղյանը մարտի 18-ին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսելով Վարդենիսի ոստիկանությունում ծեծի ենթարկված քաղաքացիների մասին, կտրականապես հերքել էր, որ նման բան է եղել: Այս խոսքերից 7 օր անց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տեղեկացրեց, որ Վարդենիսում ծեծի համար սպա է կալանավորվել:

Հիշեցնենք, որ Վարդենիսի ոստիկանության բաժնում Ծովակ գյուղից հայր ու որդիներին այն աստիճանի էին ծեծի ենթարկել, որ վերջիններս հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: Ավելին` տեղեկություններ կային, որ ոստիկանապետն անձամբ էր զենքի պոչով հարվածել բերման ենթարկվածներից մեկի գլխին: Ծեծի ենթարկվածների հարազատ հորեղբայրը` Հայկ Հարությունյանը, «Ժողովուրդ»-ին թեեւ չէր պատմել, որ ոստիկանապետն անձամբ է ծեծել, սակայն նշել էր, որ առանց Վարդենիսի ոստիկանապետ Վալերի Բաղյանի հրահանգի, չէին կարող այդ աստիճանի ծեծի ենթարկել իր հարազատներին:
Սակայն Բաղյանը «Ժողովուրդ»-ին վստահեցնում էր, թե «Նման բան չի եղել եւ քննությունը կպարզի ամեն ինչ»:
Այս խոսքերին հետեւեց մարտի 25-ին Լոռու մարզ կատարած այցելության ընթացքում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունը. «Վարդենիսում ծեծի համար կալանավորել ենք սպայի: Եվ ծեծն էլ եղել է այն պարագայում, երբ հանցագործությունն ակնհայտ բացահայտված է եղել: Կան տասնյակ վկաներ, կան կատարողներ: Բայց պարզվում է` մեր շարքերում կան մարդիկ, որոնց տեսակն այնպիսին է, որ ուզում են իշխանություն ցույց տալ, ուզում են նվաստացնել: Չի կարելի, դա ատելություն է բերում մեր նկատմամբ»:
Արդյոք նույն ծեծի մասի՞ն է խոսքը: «Ժողովուրդ»-ը փորձեց հարցի պատասխանը ստանալ ՀՔԾ-ից, որտեղ ընթանում է Վարդենիսի ոստիկանությունում գրանցված ծեծի գործով քննությունը: Մարտի 11-ին ՀՔԾ-ն մեզ պատասխանել էր, որ ծեծի փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր.օր 309 հոդվածի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից պատժվում է առավելագույնը հինգ տարի ժամկետով):
Իսկ երեկ ՀՔԾ լրատվության պետ Միքայել Ահարոնյանը հայտնեց, որ ոստիկանության Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, ոստիկանության կապիտան Արտյոմ Թաթոսյանին մեղադրանք է առաջադրվել 309 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով): Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը: Նախաքննությունը շարունակվում է:
Այսպիսով, Վարդենիսի ոստիկանապետ Բաղյանի խոսքերը, թե իրենց մոտ ծեծ չի եղել, առնվազն երկու պաշտոնական աղբյուրներ հերքեցին` ի դեմս Վլ. Գասպարյանի եւ ՀՔԾ-ի:
Երեկ «Ժողովուրդ»-ը կրկին զանգահարեց Բաղյանին` պարզելու` արդյոք հիմա էլ է հերքո՞ւմ, որ Վարդենիսի ոստիկանությունում ծեծ չի եղել: «Իմ իմանալով, ծեծ չի եղել մեր մոտ»,- արդեն ավելի փափուկ տոնայնությամբ ասաց ոստիկանապետը:
Հիմա դառնանք ոստիկանապետ Բաղյանի մյուս խոսքերին` հասկանալու համար, թե արդյոք նրա մյուս հավաստիացումներն էլ այսկերպ չեն հերքվի առաջիկայում: Հիշեցնենք, որ Բաղյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, թե «Սոթքի ոսկու հանքի տնօրեն Արմեն Մելքոնյանի տանը կամ նրան պատկանող այլ վայրերում մենք ստուգումներ չենք արել եւ 1.5 տոննա ոսկի չենք հայտնաբերել»: Որքանո՞վ են իրական այս խոսքերը, դեռ ժամանակը ցույց կտա: Համենայնդեպս, Սոթքի ոսկու հանքավայրի տնօրենի ռեստորանի ցեմենտի բարակ շերտի տակից հանված 1,5 տոննա ոսկու պատմությունը դեռ շրջանառվում է Վարդենիսում:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին մի խումբ վարդենիսցիներ բողոքի ակցիա անցկացրեցին` դժգոհելով, որ ապրում են ահ ու սարսափի մեջ: «Ոստիկանները մտնում են մեր տները, ծեծում մարդկանց, ահաբեկում երեխաներին: Մեր տներից ոսկիներ են ման գալիս, ասում են, թե մենք գող ենք»,-ասում էին նրանք:
Հ.Գ. Թե ինչ կպարզվի ՀՔԾ-ում հարուցված քրեական գործերի ընթացքում, դեռ վաղ է կանխատեսել: Միայն արձանագրենք, որ փետրվարի 24-ին Վարդենիսի նախկին ոստիկանապետ Կարեն Մելիքյանը կալանավորվեց, իսկ մեկ ամիս անց նրան միացավ անչափահասների գործերով բաժանմունքի պետ, ոստիկանության կապիտան Արտյոմ Թաթոսյանը:

 

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՏԱՆՈՒՄ-ԲԵՐՈՒՄ ԵՆ

2013թ. նոյեմբերի 2-ին Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում ծեծի ենթարկված Ռազմիկ Մանուկյանի մայրը՝ Աննա Կարապետյանը, լուրջ հիվանդ է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կալանավորված զինվորի մայրը հայտնեց, որ քաղցկեղ ունի եւ վիճակը գնալով վատանում է.«Այս ամենն ինձ քիչ է, դեռ 4 ամիս է, չեմ հասկանում՝ երեխայիս հետ ինչ են անում: Գոնե խղճան հիվանդ մորը: Ինչու են երեխայիս մեկ հոսպիտալում պահում, մեկ էլ տանում բերդ: Խաղալի՞ք է»: Հիշեցնենք, որ հոսպիտալի զինվորները հայտնել էին, որ իրենց ծեծի են ենթարկել հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, հոսպիտալի ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանը, հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանը:
Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների` այս գործը քննող քննիչներն ասում են, թե տղաները հիվանդ չեն, «սաչոկություն են» անում, իսկ ահա բժիշկներն ասում են, թե նման բան չկա, տղաներն իսկապես լուրջ խնդիրներ ունեն: Ինչ կլինի այս ամենի վերջը, դեռ հայտնի չէ: Նշենք, որ Ռազմիկն ու Արշակն այս պահին գտնվում են Նուբարաշեն ՔԿՀ-ում:

 

ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԾԵԾ

Մարտի 16-ին լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գյուղի բնակիչներ Գեւորգ Սահակյանը եւ Դավիթ Մելքոնյանը, լուրջ վիճաբանել են, որն ավելի ուշ վերածվել է ծեծկռտուքի: Ըստ գյուղի բնակիչների՝ Դավիթ Մելքոնյանը դաժանաբար ծեծել է Գեւորգ Սահակյանին, եւ եթե չլիներ իրենց միջամտությունը, ամեն ինչ շատ ավելի վատ հետեւանքներ կարող էր ունենալ: Իսկ ահա Գեւորգը ոստիկանության Աշտարակի բաժնում հայտնել է, թե վնասվածքները ստացել է ընկնելուց: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին «Ժողովուրդ»-ի տեղեկությունը` հավելելով, որ կատարվում է քննություն:
ՎԻԱՎՈՐՎԵԼ Է ԳԼԽԻՑ
Մարտի 27-ին՝ ժամը 13:10-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը: Այս մասին հայտնել էին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ զինվորը մահացու վիրավորումը ստացել է գլխից: Նա Ստեփանակերտի բնակիչ էր: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Ա. Բաբայանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ծառայակիցներին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԲԼԹ

 

«Գրավոր կպատասխանենք»:

Արմեն Մովսիսյան Yerkir.am
Նման պատասխաններ պաշտոնյաները սովորաբար հնչեցնում են այդ դեպքում, երբ ասելիք չունեն: Եվ ի՞նչ ասելիք պիտի ունենա էներգետիկայի նախարարը, եթե պատգամավորի հարցը վերաբերում էր Որոտանի հէկ-ի վաճառքի խայտառակ պատմությանը: Սա ՀՀ իշխանությունների հերթական խայտառակությունն էր, հետեւաբար այս մասին ոչ մի հարցի նրանք ի զորու չեն պատասխանել եւ կիրառում են ընդունված մեթոդը: Այդ գրավոր պատասխաններն էլ, որպես կանոն, կամ չեն գալիս, կամ գալիս են գալուստսահակյանական ոճով ոչինչ չասող տեքստերի տեսքով, կամ էլ այնքան ուշացումով, որ արդեն հարց տվողն է մոռանում իր տված հարցի մասին:

 
«Ո՛չ, հավատալ-չհավատալու հարց չկա, պարզապես Սերժ Սարգսյանին Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, եթե մենք ընտրությունների արդյունքները չենք վերանայում, մեր զրույցն ավարտված է: Մնացածը, կներեք, Գյուլնազ տատի հեքիաթներից է»:

Խոսրով Հարությունյան armlur.am
Բայց չէ՞ որ եղել են նաեւ առաջարկներ եւ քննարկումներ երկու կողմից էլ, եւ որքան էլ հանդիպումն անարդյունավետ էր, այնուամենայնիվ, երկու կողմի աղբյուրներն էլ հավաստել են, որ առաջարկներ ու քննարկումներ եղել են: Այլ հարց է, որ այդ առաջարկները չեն ընդունվել եւ արդյունքում ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել: Ի դեպ, այդ աղբյուրը Գյուլնազ տատը չէ: Հիմա, փաստորեն, ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած՝ նախկին վարչապետը կասկածում է նաեւ իր կողմի աղբյուրների վրա, չի հավատում նաեւ Սերժ Սարգսյանի խոսքերի՞ն: Կարելի է նաեւ ավելի զգույշ լինել պատասխանների մեջ:

 
«Նախ՝ ինչ է նշանակում՝ չի ուզում: Բարձր կենսաթոշակ չի ուզում: Հանրությունն արդեն վստահել է: Հանրությունը չի մտածում, որ դուք, օրինակ, աշխատում եք, ձեր փողը 45 տարով տալիս եք, որ թոշակ ստանաք: Դե ֆակտո այդ չվստահելու խնդիրը լուծված է արդեն»:

Հակոբ Հակոբյան armlur.am
Եթե մարդը ՀՀԿ-ական պատգամավոր է, նաեւ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, դա դեռ չի նշանակում, որ պայծառատես է եւ կարող է կարդալ բոլոր մարդկանց մտքերը, նաեւ գուշակել, թե ինչ է ուզում ժողովուրդը, ում է վստահում: Բայց, փաստորեն, Հակոբ Ռաֆիկի Հակոբյանն իր մասին այդ կարծիքին չէ, նա երեւի վեցերորդ զգայարանով զգում է, որ հանրությունն արդեն վստահել է կուտակայինին: Եվ սա այն դեպքում, երբ ինքը՝ Սերժ Սարգսյանն էր ասել, որ հանրության 80 տոկոսը դեմ է այդ համակարգին: Ինչ-որ ՀՀԿ-ում շատանում են Սերժ Սարգսյանի խոսքերի վրա կասկածողները…

 

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 




Լրահոս