ԼՔՈՒՄ Է, ԲԱՅՑ ՉԻ ԼՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ՕԵԿ-ը դեռ տասն օր առաջ էր հայտարարել իշխող կոալիցիայից դուրս գալու մասին, սակայն ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հրաժարական ներկայացրեց միայն երեկ: Այն էլ՝ Բաղդասարյանի երեկվա ասուլիսից պարզ դարձավ, որ նա մեծ դժվարությամբ է կտրվում իշխանությունից. իր ԱԱԽՔ աշխատասենյակին Բաղդասարյանը հրաժեշտ կտա մի քանի օրից միայն, մեկ շաբաթից էլ կլքի կառավարական ամառանոցները:

«Հիմա ես իմ 6 հոգանոց ընտանիքով տեղափոխվելու եմ երեք սենյականոց բնակարան: Արդեն հաջորդ շաբաթ: 6 տարի է չենք ապրել, մի քիչ ներկում ենք պատերը: Եվ ոչ թե դղյակ պիտի կառուցեմ, այլ նպատակ ունեմ մի փոքրիկ տուն կառուցել, որովհետեւ էլ թերթեր չկային, որ ինձ դղյակներ չվերագրեին: Ես տեղեկացնում եմ, որ դուրս եմ գալու իմ ծառայողական ամառանոցից»,-«Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան ասաց Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանի համար 2008թ-ին կառավարական ամառանոցներում նոր առանձնատուն էին կառուցել: Երեկ Բաղդասարյանը փորձում էր հերքել դա, բայց արդյունքում՝ հաստատեց փաստը. նոր ամառանոցներ կառուցել են, բայց դա՝ ոչ անձամբ իր համար. «Դա ինձ համար չի կառուցվել, դա կառուցվել է 2008 թվականին: Այնտեղ կառուցվել է 4 առանձնատուն եւ դրանք ամենեւին շատ շքեղ չեն, ինչպես դուք ձեզ երեւակայում եք»,-հավաստիացրեց արդեն նախկին ԱԱԽՔ-ը:
Իսկ այսուհետ ինչ են անելու Արթուր Բաղդասարյանն ու նրա ՕԵԿ-ը: Ի վերջո, եթե որեւէ կուսակցություն դուրս է գալիս իշխող կոալիցիայից ու իրեն հռչակում ընդդիմադիր, ապա ենթադրվում է, որ պիտի գնա իշխանափոխության, այլապես՝ կմնար իշխանության կազմում: Սա, ինչպես ասում են, քաղաքագիտության այբուբենն է: Բաղդասարյանը, սակայն, երեկ վստահեցնում էր՝ լինելու են ընդդիմություն, բայց Ս. Սարգսյանի հրաժարականը չեն պահանջելու: «Ուրեմն, եթե ես Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեմ, դա իմ կողմից կլինի ոչ բարոյական քայլ: Ինչո՞ւ, որովհետեւ Սերժ Սարգսյանի հետ մենք վեց տարի աշխատել ենք: Ես արդեն ասացի, որ Ս.Սարգսյանի հետ ընկերներ ենք եւ մեր ճանապարհները բաժանվել են: Ավելին՝ Ս.Սարգսյանն է հայտարարել իր հեռանալու մասին եւ նույնիսկ ի զարմանս ինձ է այդ հայտարարությունն արել»,- նշեց ՕԵԿ ղեկավարը: Փաստորեն, բարոյականության մասին խոսում է մի քաղաքական գործիչ, ով 2008թ. ամենապատասխանատու պահին՝ մարտի 1-ից առաջ, լքեց իր ընդդիմադիր գործընկերներին ու ժողովրդին՝ համաձայնվելով ԱԱԽՔ պաշտոնի դիմաց մտնել իշխող կոալիցիա: Չնայած, երեկ Բաղդասարյանը կրկին փորձում էր արդարացնել մարտի 1-ի սպանդից առաջ իր քայլը, եւ խոստովանում, որ այդ ամենից հետո իրենց վարկանիշն ընկավ:
Արդյո՞ք իրեն ընդդիմադիր համարող ՕԵԿ-ը կհամագործակցի խորհրդարանական «հրաշալի քառյակ»-ի հետ, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ այդ կուսակցություններից երկուսի՝ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի առաջնորդների հետ Բաղդասարյանն անձնական խնդիրներ է ունեցել: Ա.Բաղդասարյանն այսօր փորձում է ցույց տալ, թե մոռացել է այդ ամենը` բերելով հայտնի հիմնավորումը. «Քաղաքականության մեջ հավերժ թշնամիներ չկան եւ չեն լինում»:
ՕԵԿ նախագահը երեկ նաեւ ՀՀԿ-ականներին «երեսով էր տալիս» իրենց արածները: «Ինձ մեկ-մեկ հարցնում են՝ պարոն Բաղդասարյան, վեց պատգամավորով հավակնում էիք վարչապետի պաշտոնի՞ն: Ես պատասխանել եմ՝ բայց չէ՞ որ մենք 6-ը չենք եղել, մենք եղել ենք 76-ը, մենք եղել ենք քաղաքական կոալիցիա, թե՞ մտածում են՝ 6 կարելի է հաշվել այն դեպքում, երբ անհրաժեշտ է, երբ որ բյուջեն է քվեարկվում՝ 70 ձայնով: Իսկ երբ որ բազմաթիվ վիճահարույց քվեարկություններ կյանքի են կոչվում ՕԵԿ-ի քվեներո՞վ»,-ԱԺ ՕԵԿ խմբակցության գործունեությունը, փաստորեն, վիճահարույց գնահատեց ՕԵԿ առաջնորդը:
Ասել է թե՝ ՕԵԿ-ը ՀՀԿ-ին մեկ առ մեկ հիշեցնում է՝ կարեւոր պահին նույն ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, իրենց վրա է հենվել, ու կարեւոր պահին, այնուամենայնիվ, ՕԵԿ-ն անուրանալի օգնություն է ցուցաբերել: Ափսոս, որ Սերժ Սարգսյանն իր «հաճախորդին» չբավարարեց. ախր՝ վարչապետի պաշտոնն ի՞նչ էր, որ չտվեց:
Հ.Գ. Ի դեպ, Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու պատճառների մասին խոսելիս 5 կետ էր առանձնացրել, որոնցից ամենաուշագրավն առաջինն էր՝ Ս.Սարգսյանի հայտարարությունն առ այն, որ նա այլեւս չի հավակնում ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի պաշտոնին, պատճառ է դարձել, որ ՕԵԿ-ը լքի կոալիցիան: «Կլինեն հարցեր` իսկ ինչ է, դուք ենթադրում էիք, որ նախագահը երրորդ անգամ կարող է առաջադրվե՞լ: Ուզում եմ միանգամից պատասխանել` Բելառուսի եւ Ադրբեջանի փորձը ցույց է տալիս, որ, այո, Սահմանադրություն փոխելով` առաջնորդները երկարացրել են իրենց գործունեության ժամկետները»,-ասաց նա, մյուս կողմից` ժողովրդավարության զարգացման տեսանկյունից կարեւոր համարելով, որ Ս. Սարգսյանը չգնաց նման քայլի: Փաստորեն, իր այս քայլով Արթուր Բաղդասարյանը ցույց է տալիս, որ Ս. Սարգսյանի մոտ սկսվել է կաղ բադիկի սինդրոմը, եւ չառաջադրվելու մասին հայտարարությունից հետո, նա կորցնում է իրավիճակի վրա վերահսկողությունը: Բայց մյուս կողմից՝ նաեւ անհասկանալի է՝ ինչու էր փետրվարին Արթուր Բաղդասարյանը վստահեցնում, որ մինչեւ 2017թ. ՕԵԿ-ը կլինի իշխող կոալիցիայի մեջ՝ հավատարիմ ստորագրած հուշագրին:
Արթուր Բաղդասարյանը երեկ չբացառեց նաեւ, որ 2018թ. նախագահական ընտրություններում առաջադրվելու է նախագահի թեկնածու: Այնինչ, 2008թ. կոալիցիա մտնելուց հետո նա ասուլիսում հայտարարել էր. «Այլեւս երբեք նախագահի թեկնածու չեմ առաջադրվելու»:

ՏԻՐԱՅՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՐՑԸ ՃԻՇՏ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

Օրեր առաջ Սերժ Սարգսյանը մասնակցեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որտեղ ամփոփվել են ակադեմիայի 2013թ. գիտական գործունեության հիմնական արդյունքները: Գիտաժողովի ընթացքում Սերժ Սարգսյանին զայրացրեց ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի այն հայտարարությունը, թե չի կարելի թույլ տալ, որ Սեւանից մեծ ծավալով ջրի բացթողումներ կատարվեն: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ռուբեն Ջրբաշյանի հետ:

-Ինչպես կմեկնաբանեք Ձեր ելույթին հաջորդած նախագահի արձագանքը:
-Իսկ ի՞նչ մեկնաբանելու առիթ կա:
-Չէ՞ որ Դուք մտահոգություն հայտնեցիք Սեւանից մեծ ծավալով ջրի բացթողման հարցով: Իսկ ինքը չկիսեց Ձեր մտահոգությունը:
-Այո: Արդեն դա նախագահի մեղքն է, ոչ թե իմ:
-Ձեր մյուս հայտարարությանը՝ թե քաղցրահամ ջրերը հոսում են դեպի Ադրբեջան, հակառակը պնդեց:
-Ես գտնում եմ, որ դա սխալ է, մենք պետք է մեր մակերեւութային ջրերն արդյունավետ օգտագործենք, այլ ոչ թե Սեւանից ջուր իջեցնենք: Դա կառավարության անելիքն է, որը պետք է անի:
-Գուցե Սերժ Սարգսյանը տեղեկացված չէ:
-Ինձ թվում է՝ նա տեղյակ է հարցին, բայց նրան ճիշտ չեն ներկայացնում կամ ճիշտ չեն մեկնաբանում, մանավանդ ստորադաս կառույցները, որոնք պարտավոր էին այդ հարցերը լուծել: Իմ կարծիքը դա է, ես իրեն էլ հենց դա ասեցի:
-Պարոն Ջրբաշյան, իսկ ելույթից հետո ձեր նկատմամբ ճնշո՞ւմ է գործադրվել:
-Ոչ մի բան: Ի՞նչ ճնշում պետք է գործադրվի: Ո՞վ: Էդ էր պակաս (ծիծաղում է- Ս. Հ.): Ոչ մի ճնշում:
-Շատերի կարծիքով՝ երկրի առաջին դեմքն իրեն վատ պահեց` Ձեր ելույթը բնորոշելով որպես հուզական խոսք:
-Դա արդեն իրեն մեկնաբանությունն է: Ի՞նչ անենք, հուզական կարող եմ լինել, որովհետեւ ես շատ մտահոգված եմ մեր ժողովրդի համար: Ես վստահ եմ, որ մեր կառավարության վերաբերմունքը քաղցրահամ խմելու ջրի հանդեպ ճիշտ չէ: Այս հարցին պետք է ավելի խիստ, ավելի հեռատես մոտենալ, քան կա այսօր:
-Եվ ի՞նչ եք հիմա պատրաստվում անել:
-Ոչ մի բան, ինձնից մնում էր միայն հարցը բարձրացնել: Այս խնդրի նկատմամբ պետք է զուտ վերաբերմունք ցուցաբերել եւ դա մի օրվա լուծելու խնդիր չէ: Դրա համար պետք է հետեւողական աշխատանք տանել, որովհետեւ ջուրն ամենամեծ արժեքն է մեր ժողովրդի համար:
-Հուսահատվե՞լ եք, հիասթափվե՞լ եք Սերժ Սարգսյանի պատասխանից:
-Բոլորովին: Ես նման բաները միշտ նորմալ եմ ընդունել, եւ եթե հարկ լինի՝ կրկին կխոսեմ դրա մասին: Միեւնույն է: Ես տեսնում եմ, որ աշխատանքն անարդյունավետ է ընթանում: Ես ահազանգում եմ այդ մասին: Իմ ամբողջ ելույթի իմաստն այն էր, որ այդ հարցը առաջնահերթ է: Դա պետք է լինի կառավարության ուշադրության հետեւողական աշխատանքի կենտրոնում:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՏՆՕՐԵՆՆ ԷԼ Է ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ
Սահմանամերձ Մովսեսի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Հարություն Շահնազարյանն առաջիկայում ընտանիքի հետ միասին «Հայրենակիցներ» ծրագրով հիմնական բնակության կմեկնի Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաք: Նա մեզ ասաց, որ արդեն ստացել է միգրացիոն քարտը: Հարություն Շահնազարյանը հայտնեց, որ ինքը «Հայրենակիցներ» ծրագրին դիմել էր 2013 թվականի ապրիլին, երբ գործազուրկ էր: Անցյալ տարվա օգոստոսից նա ղեկավարում է Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսեսի առողջության առաջնային պահպանման կենտրոնը: Հ. Շահնազարյանը ծագումով Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջանի Բարսում գյուղից է: Նա 1992-1997թթ. որպես վիրաբույժ աշխատել է Իջեւանում: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը մեզ ասաց, որ Հ. Շահնազարյանը բացի առողջապահական կենտրոնի տնօրենի աշխատավարձից եւ զբաղվածության կենտրոնից ստացած դրամական նպաստից, Մոսկվայում բնակվող մովսեսցիների կողմից ամսական ստանում էր 220 հազար դրամ աշխատավարձ: Գյուղապետը նշեց, որ այս տարվա փետրվարից մոսկվաբնակ մովսեսցիների կողմից տրվող գումարն այլեւս Շահնազարյանին չեն վճարում, քանի որ Հ. Շահնազարյանի հետ կապված խնդիրներ կան, որոնք նա չցանկացավ մանրամասնել: Ինքը` Հ. Շահնազարյանը, մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ իր աղջիկներից մեկը պետք է սովորեր Երեւանի բժշկական համալսարանի ինտերնատուրայում, սակայն ուսման վարձի պատճառով չի կարողանում ուսումը շարունակել: Նրա մյուս աղջիկը սովորում է Երեւանի «Էրեբունի» բժշկական համալսարանում: Հ. Շանազարյանի ներկայացմամբ` գյուղի առողջապահական հիմնարկի տնօրենի աշխատավարձը 180 հազար դրամ է, սակայն պահումներից հետո իր աշխատավարձը կազմում է մոտ 140 հազար դրամ: Բացի այդ, գոյություն ունեն բուժհիմնարկի պահպանության, կենտրոնի վարորդին վճարելու հետ կապված ծախսեր: Հ. Շահնազարյանն ասաց, որ մինչեւ այս տարվա օգոստոս ինքը կշարունակի պաշտոնավարել Մովսեսում, քանի որ զբաղվածության կենտրոնի հետ կնքված է 1 տարի ժամկետով պայմանագիր: Նրա խոսքով` մովսեսցիները չեն ցանկանում, որ ինքը Ռուսաստան տեղափոխվի, սակայն ինքն առաջիկայում կտեղափոխվի Կալուգա, ուր կաշխատի որպես բժշիկ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՎԱՐԿԵՐՈՎ
Առեւտրի եւ Զարգացման Սեւծովյան Բանկը (ՍԱԶԲ) 7 տարի ժամկետով 10 մլն 145 հազար դրամի չափով կորպորատիվ վարկ է տրամադրել «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ին: Նշենք, որ «ՍԱՍ» գրուպը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին: ՍԱԶԲ-ում «Մեդիամաքս»-ին հայտնել են, որ տրամադրած վարկը կուղղվի ընկերության ներդրումային ծրագրի իրականացմանը, որը ներառում է սուպերմարկետների ցանցի ընդլայնում, 4 վաճառակետերում արդեն իսկ գործող հացի եւ խմորեղենի արտադրության համար նախատեսված խոհանոցային սարքավորումների արդիականացում, ինչպես նաեւ օնլայն սուպերմարկետի գործարկում: Ի դեպ, 2008-ից մինչ օրս «ՍԱՍ գրուպ»-ը ֆինանսական աջակցություն ստանում է ՍԱԶԲ-ից:




Լրահոս