«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՈՐԵՎԷ ՓԱԿ ԴՈՒՌ ՉԿԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Անահիտ Շահբազյանը, ով բազմաթիվ միջազգային մրցույթներում բարձր է պահել Հայաստանի անունը, իր հայրենիքում ճանաչվեց միայն «Հայաստանի ձայնը» նախագծին մասնակցելուց հետո: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իր արվեստը մասսայականացնելու համար իրեն պակասում է լավ փիարը:

-Անահի՛տ, այժմ ստեղծագործական ի՞նչ պրոցեսի մեջ եք: Հատկապես, երբ արդեն երկու բենդ ունեք. ի՞նչ անակնկալներ են սպասվում երկրպագուներին:
-Բենդերիցս մեկի հետ միայն ջազ ենք ներկայացնում, իսկ մյուսով՝ արտասահմանյան cover-ներ: Ունեմ մի քանի նոր երգ, դրանցից մեկի խոսքերը գրել է Լեւոն Բլբուլյանը, այն մշակման փուլում է, իսկ մյուսի հեղինակը երգահան Արսեն Գրիգորյանն է:
-Ձեր ստեղծագործություններում եւ հատկապես «Կարոտի անուրջներ»-ում ոմանք նկատում են Էլվինա Մակարյանի շունչը. գուցե ոգեշնչվե՞լ եք նրանից, կրկնօրինակելու վտանգ չե՞ք տեսնում:
-Շատ եմ սիրում Էլվինա Մակարյանին, որն ինձ համար յուրօրինակ երգչուհի է, բայց որ ասեմ՝ նրանից ոգեշնչվել եմ, ոչ: Շատերից եմ լսել, որ մեր ձայները նման են, դա ինձ ուրախացնում է: Միեւնույն ժամանակ Էլվինա Մակարյանի երգացանկում մի տեսակ գերակշռող թախիծ եմ նկատել, որը չէի ուզենա՝ լիներ իմ երգացանկում: Իսկ նրան նմանակելու խնդիր բացարձակ չունեմ:
-Մի քանի անգամ մասնակցել եք միջազգային մրցույթների եւ առաջնային տեղեր գրավել. ինչպե՞ս ստացվեց, որ «Հայաստանի ձայնը» նախագծից հետո միայն Ձեզ սկսեցին ճանաչել:
-Պարզապես մինչ այդ նախագծին մասնակցելն ինչ-որ արել եմ, չի պրոպագանդվել, լավ չի «փիարվել», ուստի այդ մրցույթների մասին քչերն են իմացել: Ինձ ճանաչում էին միջազգային բեմերից, բայց ոչ իմ հայրենիքում: Իսկ «Հայաստանի ձայնը» նախագծին մասնակցելով՝ շատ լավ գիտակցում էի, որ այն ինձ ճանաչում բերելու լավ առիթ էր:
-Նույն «Discovery» մրցույթը, որին Դուք պետք է մասնակցեիք, իր վարկանիշով ոչնչով չի զիջում, օրինակ, «Նոր ալիքին»: Ինչո՞ւ այդպես էլ հանդես չեկաք այդ մրցույթում, եւ ի՞նչն է պատճառը, որ հայերս ավելի շատ տեղ ենք տալիս, ասենք, «Եվրատեսիլ»-ին:
-Այո՛, «Discovery»-ում, օրինակ, ավելի շատ գնահատվում է երգչի ձայնն ու տաղանդը, քան ներկայացրած շոուն: Իմ մասնակցությունը չստացվեց զուտ տեխնիկական պատճառներով: Իսկ մեր երկրում, չգիտես ինչու, «Եվրատեսիլ»-ի բեմը հաղթահարելուց հետո որոշ արտիստների թվում է, թե իրենք արդեն ամեն ինչի հասել են, կայացել են: Բայց դա այդպես չէ… Աշխարհում ավելի լուրջ մրցույթներ կան, որոնք, շատ արտիստներ հաղթահարելով, չեն գոռազացել…
-Մի առիթով Դուք Ձեր կատարմամբ ցնցել եք անգամ թուրքի. իսկ հայերին ցնցելը դժվար չէ՞:
-Մեր հայ հանդիսատեսն իր արտիստի հանդեպ ավելի նրբանկատ է եւ խստապահանջ: Այս հանգամանքն ուժ է տալիս, որ վերջինս կատարելագործվի: Իսկ ես իմ հայրենիքում էլ կարողացել եմ շատերին հուզել:
-Արվեստը մասսայականցնելու համար Ձեր առջեւ ի՞նչ դռներ են դեռեւս մնում փակ:
-Ասեմ, որ իմ արվեստը մասսայականացնելուն զուգահեռ երբեք էժան որակի երաժշտություն չեմ մատուցելու ու կոմպրոմիսի չեմ գնալու: Իսկ հիմա ինձ համար որեւէ փակ դուռ չկա:
-Մի ժամանակ ֆինանսական խնդիրների պատճառով չէիք կարողանում տեսահոլովակ նկարահանել, հետո անսպասելիորեն հայտնվեցիք Կոստա Բլանկայում, այնտեղ տեսահոլովակ նկարահանեցիք, ոմանք սկսեցին բամբասել՝ բա ինչպե՞ս այդպես ստացվեց:
-Այդ տեսահոլովակը նվեր է եղել ինձ: Առհասարակ, չեմ կարող նման խոսակցությունների ուշադրություն դարձնել, դրանք տարածվում են այն ժամանակ, երբ մարդիկ տվյալ թեմայի վերաբերյալ ճշգրիտ ինֆորմացիա չեն ունենում: Իսկ ինձ դա միայն ծիծաղի տեղիք է տալիս, ուրիշ ոչինչ:
-Անահի՛տ, մի ժամանակ նշել էիք, որ երբեք ակումբներում չեք երգի, ինչպե՞ս ստացվեց, որ շրջանցեցիք այդ որոշումը, ի՞նչ փոխվեց:
-Այո՛, ասել եմ նման բան, ուղղակի եկավ մի պահ, երբ հասկացա, որ ապրելու միջոց պարզապես չունեմ, Հայաստանում չկան այնքան համերգասրահներ ու համերգներ, որ կարողանամ բեմելուս ծարավը հագեցնել: Հայաստանում այլ կերպ հնարավոր չէ:
-Երգի պետական թատրոնից հեռանալուց անցել են տարիներ. շատերին է հետաքրքիր՝ Ձեր ուսուցչի՝ Արթուր Գրիգորիչի հետ հաշտվե՞լ եք:
-Այո՛ (ծիծաղում է): Մենք երբեք չենք էլ վիճել, ուղղակի ժամանակն անցել է, եւ կարոտի շնորհիվ ամեն բան իր տեղում է:
-Հիմա ի՞նչ մեծ նպատակ ունեք:
-Ինչ վերաբերում է կարիերային, երգարվեստում իմ հետքը թողնելու, լավ երգեր մատուցելու մասին եմ մտածում… Իսկ անձնական կյանքում ամեն բան դեռ խաղաղ է…

 

 

 

ՍՈՖԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔԱՂՑԸ ՀԱԳԵՑՐԵՑ ՍԵՐԸ

Սոֆիկ Սարգսյանն այժմ էլ արցունքով է հիշում իր կյանքի փոքրիկ մի դրվագ մոտ քառասուն տարի առաջ նկարահանված «Երկունք» ֆիլմի շրջանակներից: «Նահապետ», «Խնձորի այգի», «Եռանկյունի» եւ մի շարք այլ ֆիլմերից հայտնի դերասանուհին «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է, որ այս մի դեպքը նրա մոտ առանձնակի է տպավորվել՝ հույզերի, սիրո ու թաքնված սպասումի զգացումները մեկտեղելով կնոջ սրտում:

Երբ երիտասարդ Սոֆիկը նկարահանվում էր «Երկունք»-ում եւ ֆիլմի ստեղծագործական անձնակազմի հետ մեկնել էր Գավառ, ինչպես բոլորը, պետք է հյուրանոցում հաստատվելուց առաջ նախ օրավարձ ստանար տնօրենից: Վերջինս, սակայն, Խորեն Աբրահամյանի օրավարձը տալուց հետո անմեղ մի հումոր է անում դերասանուհու հետ՝ հարցնելով. «Քե՞զ էլ է օրավարձ պետք»: Այդ խոսքերի ներքո Սոֆիկը որոշակի տողատակ է տեսնում եւ հրաժարվում իր օրավարձից: Անհավատալի է, բայց արդյունքում այնպես է ստացվում, որ դերասանուհին նկարահանման չորս օրերին պարզապես սոված է մնում, եւ այդ մասին ոչ ոք չի էլ ենթադրում, իսկ ինքն էլ ամաչում է որեւէ մեկին դիմել: Սոֆիկ Սարգսյանը երջանիկ հուզմունքով է հիշում այդ գիշեր իր տեսած երազը՝ հացից պատրաստված մանկական փայլփլուն կոշիկներ…
Չորրորդ օրը Երեւանից Գավառ մի ավտոբուս է գալիս՝ նկարահանման նոր խմբով. «Եվ ես նրանց մեջ տեսա Միհրան Քեչողլյանիս… Շատ եմ նրան սիրել եւ չեմ թաքցնում, որ սիրում եմ ու կսիրեմ… Շատերն էին նրան սիրահարվում, անհնար էր դիմանալ Միհրանի ոչ միայն գեղեցկությանը, այլեւ ներքին բովանդակությանը»,-անկեղծացավ դերասանուհին: Ֆրունզե Դովլաթյանի որոշ ֆիլմերում հանդես եկած նկարիչը նկատում է, որ Սոֆիկը գունատ է. «Արդեն հազիվ էի ոտքիս վրա կանգնում, ասացի՝ Միհրա՛ն, կարո՞ղ եմ քեզ մի բան խնդրել, ինձ համար մի բուտերբրոդ կառնե՞ս: Զարմացած նայեց վրաս, ասաց՝ ո՞նց, այսքան օր սոված ես եղել ու ձայն չե՞ս հանել… Գնաց, մի մեծ բուտերբրոդ բերեց, իսկ իմ արցունքները չէին թողնում, որ ես այն ուտեմ… Այդպես, Միհրանս փրկեց ինձ սովամահ լինելուց»,-արդեն ծիծաղելով՝ պատմեց դերասանուհին:
«Որքան տարի է՝ նա չկա, Կանադայում էր, երբ իմացա, որ հեռացել է կյանքից… Ես ուզում եմ այս փոքրիկ պատմությունը նվիրել նրա չքնաղ հիշատակին…»,-եզրափակեց Սոֆիկ Սարգսյանը:
Դեկտեմբերի 8-ին դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը նշեց իր 63-ամյակը: «Ժողովուրդ»-ն այդ առթիվ ներկայացրեց այս փոքրիկ, բայց սրտառուչ պատմությունը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

«ԳՐԵՄՄԻ»-ՈՒՄ՝ ՕՐԲԵԼՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
«Delos» ստուդիայի թողարկած «Virtuoso Rossini Arias» ձայնասկավառակն առաջադրվել է «Գրեմմի» մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն դասական մեներգեցողության ալբոմ» (Best Classical Solo Vocal Album) անվանակարգում: Ամերիկացի տենոր Լորենս Բրաունլին ձայնագրել է Ջոակինո Ռոսսինիի վիրտուոզ մեներգերը՝ Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ եւ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:
«Գրեմմի» 57-րդ ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2015թ. փետրվարի 8-ին, Լոս Անջելեսում եւ կհեռարձակվի CBS-ի եթերում: Մրցանակներ կշնորհվեն 83 անվանակարգերում: «Գրեմմի» ամենամյա մրցանակը պարգեւատրվում է 30 երաժշտական ժանրերում, ձայնագրման ակադեմիայի լիազորված անդամների քվեարկության արդյունքում:

 

 

«MAROON 5»-Ը՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔԻՆ
Աշխարհահռչակ «Maroon 5» խումբը հաճելիորեն անակնկալի է բերել հայ նորապսակներին՝ մասնակցելով նրանց հարսանիքին: Իրանահայ երգիչ Անդին, ով եւս մասնակցել է խնջույքին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հարսանիքը տեղի է ունեցել Գլենդելում: Taghollywood կայքը եւս անդրադարձել է այս իրադարձությանը՝ նշելով, որ ամերիկահայ զույգն անակնկալից հետո յոթերորդ երկնքում է եղել՝ հյուրընկալելով միջազգային ճանաչում ունեցող Անդիին: Եվ սա դեռ ամենը չէ. համացանցում տարածված լուսանկարներից պարզ է դառնում, որ Ադամ Լեւինը խմել է հայ նորապսակների կենացը:

 

ՍՊԱՆԵԼ Է ԿՆՈՋԸ, ԱՊԱ՝ ԻՐԵՆ
Դեկտեմբերի 8-ին ամերիկյան հայտնի պարուհի Ստեֆանի Մոզլիին եւ նրա ռեփեր ամուսնուն՝ Հայեսին, Լոս Անջելեսում մահացած են գտել: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան 7:30-ին, հարեւանները 10 կրակոց լսելուց հետո դիմել են ոստիկանությանը: Daily Mail-ի փոխանցմամբ՝ դեպքի առնչությամբ մեկ վարկած կա. հայտնի ռեփերը սկզբում սպանել է կնոջը, ապա՝ ինքնասպան եղել: Ի դեպ, ոստիկանները մեկնելով դեպքի վայր՝ եւս երկու կրակոց են լսել, այնուհետեւ հայտնաբերել են աստղերի դիակները:
Հիշեցնենք, որ Մոզլին ու Հեյեսը ամուսնալուծության շեմին էին, քանի որ լուրջ ընտանեկան խնդիրներ ունեին:




Լրահոս