ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ՝ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՐԱՆՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրությունը դեռ չէր հասցրել մարսել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին եւ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին ծեծելու պատմությունը, բոլորը փորձում էին հասկանալ՝ ի վերջո, ինչ է տեղի ունեցել, ով է ազատամարտիկների վրա հարձակվել եւ ինչու, երբ հաջորդ գուժը ստացվեց` երեկ էլ հարձակման էր ենթարկվել հեռուստալրագրող Սուրեն Սարգսյանը:

Վերջինս հարձակման էր ենթարկվել առավոտյան իր տան դիմաց, չորս անհայտ անձանց կողմից: Սարգսյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բնականաբար այս միջադեպը եւս կապվեց ազատամարտիկների վրա իրականացված նախորդ միջադեպի հետ, քանի որ Սուրեն Սարգսյանը վերջին առնվազն մեկ տարվա ընթացքում զբաղվում է ընդդիմադիր հայացքներ ունեցող ազատամարտիկներին մեկ կազմակերպության մեջ միավորելու գործունեությամբ: Նա համարվում է ազատամարտիկների` վերջերս կազմավորված «Ազատամարտիկների դաշինք» միավորման նախաձեռնողներից:
Երեկ՝ օրվա ընթացքում, ազատամարտիկների կողմից լրագրողներին տրամադրված տարբեր տեղեկությունների հանրագումարի արդյունքում, ի վերջո, սկսեց գծագրվել Մանվել Եղիազարյանի եւ Ռազմիկ Պետրոսյանի հետ տեղի ունեցածի պատկերը: Ըստ այդ պատմությունների՝ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի հրավերով Մանվել Եղիազարյանը եւ Ռազմիկ Պետրոսյանը երկուշաբթի գնացել են Հրազդան կիրճում գտնվող «Գետափ» ռեստորան: Լեւոն Երանոսյանը, Ռազմիկ Պետրոսյանը եւ Մանվել Եղիազարյանը մինչ այս բավական ջերմ հարաբերություններ են ունեցել, սակայն ճիշտ չի լինի, եթե ասենք, որ այդ օրն ընկերները հենց այնպես են հանդիպել` մի կտոր հաց կիսելու նպատակով:
Լեւոն Երանոսյանն իր մարտական ընկերներին հանդիպման է հրավիրել, որպեսզի նրանց հորդորի, համոզի, ինչ-որ տեղ նաեւ՝ սպառնա, թե կկրակեն, եթե նրանք չդադարեն քաղաքական գործընթացներին խառնվել կամ գոնե չհեռանան երկրից: Մերժում ստանալուց հետո, երբ Երանոսյանն ազատամարտիկներից պահանջել է «իր նախագահի դեմ» (նկատի ունենալով Սերժ Սարգսյանին) չգնալ` ասելով, որ դա շատ վատ կարող է վերջանալ, Մանվել Եղիազարյանը եւ Ռազմիկ Պետրոսյանը բաց տեքստով ասել են, թե ինչ են մտածում Սերժ Սարգսյանի մասին: Երանոսյանը պահանջել է «իր նախագահին» չհայհոյել, սական ազատամարտիկները կրկնել են, թե ինչ են մտածում «նրա նախագահի» մասին: Այդ ընթացքում նրանց կողքի առաձնասենյակում ինչ-որ տղաներ են ցուցադրաբար գնացել, եկել: Սկզբում Երանոսյանն ասել է, թե իր տղաներն են: Բայց վերջում, երբ մի պահ դուրս է եկել, երիտասարդները շարունակել են գնալ ու գալ: Երանոսյանի վերադառնալուց հետո ազատամարտիկները երիտասարդների պահվածքի համար նրանցից հաշիվ են պահանջել, բայց փոխոստիկանապետն այս անգամ ասել է, թե նրանք իր տղաները չեն:
Ինչեւէ, Երանոսյանը մնացել է ռեստորանում, իսկ նրա վարորդը Եղիազարյանին ու Պետրոսյանին ուղեկցել է դեպի նրանց մեքենաները: Երբ վերջիններս իրենց մեքենաների մոտ կանգնած են եղել, նրանց են մոտեցել հարեւան առանձնասենյակի երիտասարդները` 7-8 հոգի, եւ սկսել են հաշիվ պահանջել Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցրած որակումների եւ գնահատականների համար: Ի վերջո, բանը հասել է քաշքշոցին եւ հարվածներ հասցնելուն: Իսկ երբ աղմուկ է բարձրացել, ռեստորանից դուրս է եկել Երանոսյանի վարորդը եւ սաստել երիտասարդներին, որոնք անմիջապես ենթարկվել են: Եղիազարյանն ու Պետրոսյանը նստել են իրենց ավտոմեքենաներն ու հեռացել:
Իսկ ինչ կապ ունի այս միջադեպի հետ Սուրեն Սարգսյանի նկատմամբ իրականացված հարձակումը: Թերեւս կարելի է ենթադրել, որ անմիջական կապ չունի, բայց առավել հավանական է, որ այն կազմակերպվել է երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպի հետքերը թաղելու համար, քանի որ Եղիազարյանի եւ Պետրոսյանի հետ տեղի ունեցածի մասին հայտնի էր դարձել լրագրողներին, եւ միջադեպը հրապարակայնացվել էր: Դրանով է պայմանավորված նաեւ այն փաստը, որ Սուրեն Սարգսյանի վրա հարձակվածները ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի անունն էին տվել: Վերջինս հայտնի է իր ոչ ադեկվատ բնավորությամբ, եւ նման քայլը նրանից լրիվ սպասելի է: Բայց այս անգամ առավել հավանական է, որ Սեդրակյանի անունն ընդամենը օգտագործվել է:
Ի դեպ, վերը բերվածի ֆոնին հասկանալի է նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի արձագանքը, որը բացահայտ զայրույթ էր պարունակում` հասցեագրված ազատամարտիկներին: Նրանց ծեծելու վերաբերյալ լրագրողների հարցին Գասպարյանն առաջին հայացքից անհասկանալի պատասխան էր տվել՝ ասելով. «Ազատամարտիկները նստել, իրար հետ քեֆ են արել, հետո ինչ՝ իրար հետ չեն կիսել, ու ինչու են թերթերով հիմա խոսում, իմ համար զարմանալի է… Ուրիշ ժամանակ ասում են՝ կռված տղերքը նամուս ու թասիբ ունեն, թասիբ ու նամուս ունեք, թերթերում իրար մի՛ լափեք»: Այսինքն՝ Վ. Գասպարյանն ուղղակի ակնարկել է, որ երկուշաբթի տեղի ունեցածի մասին մամուլին հայտնի դառնալու համար նա մեղադրում է ազատամարտիկներին եւ կարծում է, որ լրատվական արտահոսքը միտումնավոր է տեղի ունեցել:
Բայց ինչ էլ լինի՝ ազատամարտիկների վրա ձեռք բարձրացնելն ուղղակի սրբապղծություն է:
Հ.Գ. Բռնության ենթարկված հրամանատարները աջակցում են եռյակին, որի թիկունքում երեւում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ականջները, իսկ գեներալ Երանոսյանը Սերժ Սարգսյանի զինակիցն է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տեսակետն իմանալ հրամանատարներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի եւ Սուրեն Սարգսյանի ծեծի հետ կապված: ԲՀԿ առանջորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց. «Ես դեռեւս հնարավորություն չեմ ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ խոսելու ազատամարտիկների հանդեպ տեղի ունեցող բռնությունների հետ կապված թեմայի մասին, սակայն ենթադրում եմ, որ ինչպես յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր ոք, բնականաբար, պարոն Ծառուկյանը դատապարտում է նման կարգի գործողություններն ազատամարտիկների նկատմամբ: Նրա վերաբերմունքը դատապարտող է»: Անհասկանալի է, որ մինչ այս պահը Ծառուկյանը դեռ չի խոսել. չէ՞ որ ինքն անձամբ է հովանավորում այն կառույցները, որտեղ այժմ ազատամարտիկները միավորվել ու ինչ-որ քայլեր են փորձում կատարել: Ի դեպ, «Ժառանգությունը» դատապարտել է միջադեպը:

 

«ԼՅՈՒԲՈՅ ԲԱՆԿԸ»
Վերջերս բավականին ուշագրավ դեպք է տեղի ունեցել Նոր Նորք վարչական շրջանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում (ԶԱԳՍ): «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երկու պարսկահայեր դիմել են նշված ՔԿԱԳԳ եւ փորձել են աշխատակիցներից պարզել, թե ինչ փաստաթղթեր են հարկավոր, որ վերջիններս իրենց ամուսնությունն օրինական գրանցեն: ՔԿԱԳԳ-ի աշխատակիցները նրանց ասել են. «Գնացե՛ք «լյուբոյ» բանկ, այնտեղ կատարե՛ք պետական վճարումը, որից հետո բանկի տրամադրած կտրոնը կբերեք մեր գործակալություն, իսկ մնացած անհրաժեշտ փաստաթղթերն արդեն կկարգավորենք»: Պարսկահայերը գնացել են եւ այլես չեն վերադարձել:
Նոր Նորք վարչական շրջանի ՔԿԱԳԳ-ի աշխատակիցներին զարմացրել է այն հանգամանքը, թե ուր անհետացավ պարսկահայ զույգը, միթե հրաժարվեց ամուսնանալու մտադրությունից: Երեք օր անց երիտասարդ զույգը նորից այցելել է ՔԿԱԳԳ-ի նույն գրասենյակը եւ աշխատակիցներից խնդրել. «Գիտեք, ողջ քաղաքը ման եկանք, բայց ցավոք «Լյուբոյ բանկը» այդպես էլ չգտանք, օգնեք մեզ՝ կասե՞ք, թե կոնկրետ, որտեղ է այն գտնվում»: Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են:

 

ԿԲ-Ն ԱՐԺԵԶՐԿԵԼ Է
ՀՀ Կենտրոնական բանկը երեկ սակարկություններով վաճառել է 6 մլն դոլար` 460.69 դրամ, 1 դոլարը՝ միջին փոխարժեքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ-ի տարածած պաշտոնական հաղորդագրությունից: Նախորդ օրվա համեմատ ԿԲ-ն մեկ դոլարի փոխարժեքը բարձրացրել է 2,38 դրամով:

 

ԱՅՍՕՐ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Նախատեսված է Հ. Աբրահամյանի հանդիպումը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Աբրահամյանը կայցելի նաեւ Թբիլիսիի հայկական եկեղեցի, կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՉԽՈՍԵՑ
Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին երեկ լրագրողները փորձեցին «դրդել»՝ խոսելու ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի դեմ՝ հիշեցնելով, որ թեեւ Հովսեփյանն ասում է, թե Մարտի 1-ն արդեն բացահայտված է, իսկ Կոստանյանը նոր քննություն է նշանակում: Սակայն Հովսեփյանը «դեմ» չխոսեց: Պատասխանելով Armlur.am-ի այն հարցին, թե ինչու են Կոստանյանի հետ մշտապես հաղորդագրությունների միջոցով բանավիճում, պատասխանեց. «Մենք երբեք չենք բանավիճում: Մեզնից յուրաքանչյուրն օրենքով նախատեսված իր վրա դրված գործառույթներն է իրականացնում»:

 

ՀԱՍՏԱՏԵՑԻՆ
Երեկ գրեթե միաձայն Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը` Պետական դուման, վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը։ 450 պատգամավորներից այսօր դահլիճում ներկա էին 441-ը, բոլորը կողմ են քվեարկել, բացառությամբ մեկի:
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին մինչեւ քվեարկությունը հայտարարել էր, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը նշանակալից իրադարձություն է միության համար: Սրա հետ մեկտեղ՝ Սլուցկին ասել է, որ լուծվել են Լեռնային Ղարաբաղի հետ կապված բոլոր տարաձայնությունները, եւ Հայաստանը միացել է Եվրասիական միությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Մինչեւ քվեարկությունը ելույթ են ունեցել Պետդումայի բոլոր 4 ֆրակցիաների ներկայացուցիչներ եւ կոչ են արել քվեարկել վավերացման օգտին:

 

ԴԵՄ Է
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դեմ է ներքին գործերի նախարարության ստեղծմանը: Այս մասին երեկ նա ասել է լրագրողների հետ զրույցում: Հիշեցնենք, որ նախարարության ստեղծման մասին ակնարկել էր ՀՀ վարչապետը: «Ես դեմ եմ, քանի որ ոստիկանապետը քաղաքականությունից դուրս է, ոչ մի կուսակցության անդամ չէ, հետեւաբար ավելի ազատ է իր գործունեության մեջ: Ես կարծում եմ, որ սա ամենալավ մոդելն է»:

 

ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ
«Ինքնիշխանություն կատեգորիան չի կարելի դիտարկել իր աբսալյուտի մեջ»: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությանն ու հնարավոր ինքնիշխանության կորստին, այս մասին նշեց ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը: «Ցանկացած միջազգային համագործակցության մեջ կա սուվերեն իրավունքի զիջում՝ ի շահ տնտեսական, քաղաքական խնդիրների: Եթե կա խնդիր, որը պետք է լուծել, միգուցե այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է զոհաբերել ինքնիշխանության որոշակի հատված, օրինակ` եվրոպական երկրները զոհաբերեցին իրենց ազգային արժույթը: Նրանք զոհաբերեցին դա հանուն ընդհանուր շահի: Հաշվարկված զիջումը, ի շահ որոշակի իրավիճակի, ոչ միայն հնարավոր է, այլեւ ցանկալի»,-նշեց նա:




Լրահոս