ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ՄՍԱՄԹԵՐՔ ՉԵՆ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ՌԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով կլրանա ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության երկու ամիսը, սակայն ամենամեծ ակնկալիքը՝ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները, այդպես էլ հունի մեջ չեն ընկնում: Մինչդեռ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության ջատագովները վստահեցնում էին, որ ԵՏՄ անդամի կարգավիճակում Հայաստանի արտադրողների առջեւ կբացվեն ԵՏՄ բոլոր անդամների դռները, եւ հայկական արտադրանքի համար ստեղծվող նոր շուկան կխթանի երկրում տնտեսական աշխուժացմանը, աշխատատեղերի բացմանն ու հարկային մուծումների ավելացմանը: Իհարկե, երկու ամիսը դրա համար քիչ ժամանակ է, սակայն գործընթացի անգամ նախնական ազդակներն առայժմ չկան: Ավելին՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ որոշ սննդատեսակների արտահանումն առհասարակ դադարեցված է:

Մասնավորապես մսի, մսամթերքի արտադրության ոլորտում մեծ ոգեւորություն առաջացրեց այն, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դեպքում հայկական անասնապահությունը կարող է կտրուկ զարգանալ: Ավելին՝ 7 տարի դադարից հետո Հայաստանը, ի վերջո, դեպի ՌԴ եւ ԵՏՄ երկրներ մսամթերք արտահանելու թույլտվություն ստացավ: Մինչ այդ հայկական մսամթերքի արտահանման հիմնական շուկան Վրաստանն էր: Իսկ եվրոպական երկրներում հայկական մսամթերքը չէր ընդունվում, քանի որ Հայաստանը խոցելի է այնպիսի հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են խոզերի աֆրիկյան ժանտախտը եւ դաբաղը: Նախկինում ռուսական կողմը պնդում էր, որ Հայաստանում ընտանի կենդանիների շրջանում դաբաղի առկայություն կա, մինչդեռ հայ մասնագետների հավաստիացմամբ՝ այդ հիվանդությունը ՀՀ-ում վաղուց չկա:
Նախորդ տարվա հոկտեմբերի 13-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ ոգեւորված հայտարարեց. «ԵՏՄ-ին անդամակցությամբ Հայաստանի համար բացվում են նոր հեռանկարներ, եւ մեր առաջիկա խնդիրն է ոչ միայն ավելացնել արտահանման ծավալները դեպի Ռուսաստան, այլ նաեւ ամրապնդել գյուղատնտեսության ոլորտում առկա կապերը ԵՏՄ անդամ մյուս պետությունների հետ»: Կարճ ժամանակ անց՝ նոյեմբերի 5-ին, նույն ոգեւորությամբ ՀՀ գլխավոր գյուղատնտեսը ստեղծեց Հայաստանի մսամթերք արտահանողների միություն, որի նախագահ նշանակվեց «Ա. Բալյան» ՍՊԸ-ի տնօրեն Արամայիս Բալյանը:
Սակայն պարզվում է, որ առ այսօր ՀՀ-ից եւ ոչ մի կիլոգրամ միս, մսամթերք չի արտահանվել դեպի ռուսական շուկա: Նույնը վերաբերում է նաեւ երշիկեղենի, թռչնամսի արտադրության ոլորտներին, որոնց համար եւս ակնկալվում էր սպառման մեծ հնարավորություն ռուսական շուկայում:
Սրան զուգահեռ նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հայկական մսամթերքի շուկան նույնպես գնաճից զերծ չի մնացել: Այս առումով դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի գնաճ կլիներ այն դեպքում, եթե տեղական արտադրողները միս, մսամթերք արտահանեին դեպի ՌԴ:
Նշենք, որ, այնուամենայնիվ, տեղական արտադրողների համար ճանապարհը դեպի ռուսական շուկա բաց է: 11 ընկերություն թույլտվություն է ստացել դեպի ՌԴ եւ ԵՏՄ անդամ երկրներ միս, մսամթերք արտահանելու համար: Դրանք են՝ «Արաքս թռչնաֆաբրիկա», «Նատֆուդ», «Նատալի Ֆարմ», «Ռազմիկ-92», «Մուշ», «Բեկոն», «Մարիլա», «Աթենք», «Արարատ», ԱՁ «Համլետ Հովսեփյան», «Բարի Սամարացի» մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները: Սակայն, ինչպես արդեն նշվեց, հայկական ընկերություններից ոչ մեկը մսամթերք չի արտահանում: «Ժողովուրդ»-ի զրուցակից արտադրողները նշեցին, որ դրա պատճառը ռուբլու արժեզրկումն է եւ ռուսական շուկայում տիրող անկայունությունը:
«Ռազմիկ-92» ընկերության տնօրեն Լեոնարդ Կարապետյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ միս, մսամթերք չարտահանելու առաջին պատճառը ռուբլու արժեզրկումն է. «Բացի այդ՝ ՌԴ-ի կողմից հիմնական հետաքրքրող արտադրանքը եղել է հում ապխտած մսամթերքը: Իսկ մեր ունեցած այդ հում ապխտած մսամթերքի ժամկետները կարճ են: Այսինքն՝ ռուսական շուկայի պահանջարկը մեր ու ՌԴ-ի միջեւ կնքած պայմանագրի հետ չի համապատասխանում: Այս ուղղությամբ Կառավարությունն աշխատում է: Պետք է լավատես լինենք»:
«Մարիլա» մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն Արշակ Ուստաբաշյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին իրենք հայկական շուկայում դեռ կարողանում են սպառել իրենց արտադրանքը. «Մենք արտահանելու ուղղությամբ ինտենսիվ չենք զբաղվել: Չենք էլ նախաձեռնել: Թե երբ կկարողանանք արտահանել դեպի ՌԴ, հստակ չեմ կարող ասել»:
Իսկ, ահա, Հայաստանի մսամթերք արտահանողների միության նախագահ Արամայիս Բիլյանը նկատեց, որ դեռ թղթաբանության հետ կապված կիսատ հարցեր կան: «ՌԴ-ի սննդի վարչությունից եկել են մեր մսամթերքի գործարաններն են ստուգում, որպեսզի համոզվեն՝ համապատասխանո՞ւմ է իրենց պահանջարկի ստանդարտներին, օրենքներին, թե՞ ոչ: Այդքան հեշտ չէ ամեն ինչ, որքան թվում է: Պետք է նաեւ տեղական արտադրողները ՌԴ-ում գործընկերներ ունենան, ներդրումներ անեն, բացի այս՝ գնային քաղաքականությունն էլ իր դերն ունի: Չէ որ ռուբլին պարբերաբար արժեզրկվում է, դա էլ մեծ խնդիր է տեղական արտադրողների համար»,- ներկայացրեց Բիլյանը` ընդգծելով, որ դեռ երկու տարի կտեւի, մինչեւ փաստաթղթային խնդիրները կարգավորվեն եւ տեղական արտադրողները կարողանան մսամթերք արտահանել ԵՏՄ երկրներ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Մարտի 15-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում կկայանան համայնքի ավագանու ընտրություններ: Ավագանու թեկնածուների գրանցումը կկատարվի փետրվարի 13-18-ը: Փետրվարի 12-ի կեսօրի դրությամբ Իջեւանի ավագանու 15 տեղի համար առաջադրվել է 16 թեկնածու: Ակնկալվում է, որ ավագանու թեկնածուների թիվը կհասնի 23-25-ի:
Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ թեեւ առաջադրված թեկնածուների մեջ կան տարբեր կուսակցությունների անդամներ, սակայն բոլոր թեկնածուներն էլ հանդես են եկել ինքնաառաջադրմամբ: 16 թեկնածուներից 4-ը ՀՀԿ անդամ է, մեկը` ՀՅԴ, մեկը` ՕԵԿ անդամ, մնացածներն անկուսակցական են: Թեկնածուների մեջ միայն մեկ կին կա` Իջեւանի վարժարանի տնօրեն Հասմիկ Ամիրյանը, ով այժմ էլ հանդիսանում է Իջեւան համայնքի ավագանու անդամ: Առաջադրված թեկնածուների մեջ մեծ թիվ են կազմում ավագանու ներկայիս կազմի անդամները:
ՀՀԿ անդամներ Սամվել Չիբուխչյանը, Հասմիկ Ամիրյանը, ՕԵԿ անդամ Էմիլ Վարդապետյանը, անկուսակցականներ Արտակ Խաչատրյանը, Վահե Ղալումյանը, Վարդան Օրդինյանը այժմ էլ Տավուշի մարզկենտրոնի ավագանու անդամներ են: Տավուշի մարզկենտրոնի ավագանու թեկնածուների մեծ մասը երիտասարդներ են` 30-38 տարեկան: Ավագանու անդամ առաջադրվածների մեջ տարիքով քիչ թե շատ ավագ միայն մեկ անձնավորություն կա` 1958թ. ծնված Սամվել Չիբուխչյանը, ով նախկինում ղեկավարել է Իջեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կոմունալ ձեռնարկությունը: Ուշագրավ է նաեւ մեկ այլ հանգամանք: Առաջադրված թեկնածուների մեջ քիչ են կամ չկան Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմնակիցները:
Նշենք, որ վերջին 6-7 տարում Իջեւանի քաղաքապետարանի եւ ավագանու անդամների մի մասի մեջ եղել են բավական լարված հարաբերություններ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

ՆՎԱԶԵԼ Է
Երեկ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 479.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0,42 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 543.29 դրամ (աճել է 0.53 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 729.83 դրամ (նվազել է 3.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.40 դրամ (աճել է 0.14 դրամով): Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 258.98 դրամ, ոսկին՝ 19,030.21 դրամ, պլատինը՝ 18,745.03 դրամ: «Նասդաք ՕԷմԷքս Արմենիա» ԲԲԸ-ում փետրվարի 12-ին դոլարի առքուվաճառք չի կատարվել:




Լրահոս