Գառնեցիները ստորագրահավաք են սկսել և կպայքարեն իրենց խմելու ջրի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչների եւ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի միջեւ հակամարտությունը տեւական ժամանակ է՝ շարունակվում է: Արդեն մի քանի անգամ Գառնի համայնքում «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ»-ի նախագծի հետ կապված հանրային քննարկում է տեղի ունենում, սակայն գառնեցիները դեմ են արտահայտվում նախագծին: Նրանք ծրագրի իրագործումը կանխելու նպատակով ստորագրահավաք են կազմակերպել, եւ այս պահին արդեն 2500 ստորագրություն է հավաքվել:

Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման ծրագրին: Այդ նախագծով նախատեսվում է Ազատ գետի միջին հոսանքներից ոռոգման նպատակով 820/1,020 մմ տրամագծով 27 հազար 685 մ երկարությամբ պողպատե խողովակաշարով ջուր տանել Արարատի մարզի 12 համայնք: Դրանք են՝ Այգեստան, Բերդիկ, Գետազատ, Դեղձուտ, Հնաբերդ, Մրգանուշ, Նարեկ, Ներքին Դվին, Նորաշեն, Վարդաշեն, Վերին Դվին, Քաղցրաշեն:

Ի դեպ, Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգը պետք է կառուցվի Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Ոռոգման համակարգի բարելավման ծրագրի» շրջանակներում: Իսկ պատասխանատվությունը կրելու է ծրագիրն իրականացնող մարմինը` ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն:

Սակայն գառնեցիները մտահոգված են այս ծրագրի իրագործմամբ: Բանն այն է, որ Քաղցրաշենի ծրագրի շնորհիվ Ազատ գետից ու Ազատի ջրամբարից ոռոգման ջրով ապահովվող համայնքների հաշվին Արարատի մարզի 12 համայնքների ոռոգումը կհանգեցնի ջրի սակավության եւ արդյունքում արդեն իրենք` գառնեցիները, ոռոգման ջրի խնդիր կունենան: Ծրագրի իրագործմանն ընդդիմանալու նպատակով գառնեցիները ստորագրահավաք են կազմակերպել, եւ այս պահին արդեն հավաքվել է 2500 ստորագրություն:

Խնդրի շուրջ Գառնիի բնակիչները նաեւ բաց նամակ են գրել Սերժ Սարգսյանին, որում մասնավորապես ասված է. «8.000 բնակչություն ունեցող Գառնի գյուղն ունի խմելու եւ ոռոգման ջրի խիստ կարիք: Գառնի համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 600 հա, որից 367 հա` վարելահող, 51 հա` այգիներ, 12,5 հա` խոտհարք, տնամերձեր՝ 151 հա, որոնք ոռոգվում են Ազատ գետի ջրով: Գառնի համայնքն ունի չոռոգվող եւս 600 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որի ոռոգումը չի ապահովվել դրանց բարձրադիր գոտում գտնվելու պատճառով: Գառնիի համայնքապետարանը նույնպես ցանկանում է ավելացնել իր ոռոգելի տարածքները, սակայն դրա համար ներդրումներ են անհրաժեշտ: Այս դեպքում նախապատվությունը տրվում է, ոչ թե Գառնիի լրացուցիչ 600 հեկտար հողատարածքը ոռոգելուն, այլ Արարատի մարզի 387 հեկտարին»- ընդգծել են գառնեցիները: Սերժ Սարգսյանի կողմից դեռ արձագանք չկա:

Գառնիի բնակիչներից մեկը՝ Գրիգորը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ վերջին տարիներին Ազատ գետը խիստ սակավաջուր է դարձել, Ազատի ջրամբարը լիարժեք չի լցվում եւ չի բավարարում այդ ջրամբարից օգտվող համայնքների ոռոգման կարիքները: «Եթե այդ ջուրն էլ վերցնեն, ապա ոչնչացման վտանգի տակ կհայտնվեն մեր ցանքատարածությունները եւ մի հսկա տարածաշրջան, որը միշտ էլ հետաքրքրել է զբոսաշրջիկներին»,- լրացրեց Գրիգորը:

Բացի Գառնիի բնակիչներից՝ այս նախագծի իրականացմամբ մտահոգված են նաեւ բնապահպանները, քանի որ Ազատ գետը Ազատի կիրճի էկոհամակարգի ձեւավորման գլխավոր գործոնն է: Նախագծի ազդեցության գոտում են գտնվում Խոսրովի արգելոցը, Գառնիի ձորը եւ այն համայնքները, որոնք օգտվում են Ազատ գետի եւ Ազատի ջրամբարի ջրերից:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Մեսրոպ Խաչատրյանի հետ, ով լավ ծանոթ է վերը նշված նախագծին: «Այդ դժգոհող բնակիչները հին` ջրի հետ կապված խնդիրներ ունեն եւ այս ծրագիրը ցանկանում են օգտագործել՝ դրանք լուծելու համար: Այս ծրագիրը ես լրիվ վերջացրել, նոր ազատվել եմ աշխատանքից: Այն իրենից ոչ մի խնդիր չի առաջացնում»:

«Ժողովուրդ»-ը Գառնիի բնակիչներից տեղեկացավ, որ մոտ օրերս «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները այցելել են գյուղ՝ բնակիչների հետ հանդիպման: Սակայն գառնեցիների զգալի մասը չի մասնակցել հանդիպմանը, այդ պատճառով էլ քննարկումը չի կայացել:

Գառնեցիներին միայն մեկ հարց է հետաքրքրում՝ արդյոք Ազատ գետում առկա ջրի քանակությունը հնարավորություն տալիս է խողովակաշարով մոտ 900լ/վրկ քանակությամբ ջուր վերցնել ինքնահոս եղանակով Արարատի մարզի գյուղերին մատակարարելու համար: «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները բնակիչներին խոստացել են հաջորդ քննարկմանը ներկայանալ մասնագետների հետ միասին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս