Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ գործընկերն է և գլխավոր ներդրողը. Էդ. Նալբանդյանի հարցազրույցը` ТАСС-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման նախօրեին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի հետ համագործակցությունը տնտեսական, քաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում:

Էդ. Նալբանդյանը նշել է, որ Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրը` այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը:

Նալբանդյանը հայտնել է, որ իր այցի շրջանակում կհանդիպի նաև Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: «Համոզված եմ, որ, ինչպես միշտ, բանակցությունները կլինեն արդյունավետ` ուղղված հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական փոխգործակցության հետագա ամրապնդմանը»,- հավելել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ 2 պետությունների միջև գոյություն ունի ամուր իրավական-պայմանագրային բազա՝ շուրջ 250 համաձայնագրեր ու պայմանագրեր: «Ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում սերտ համագործակցությունը կարևոր գործոն է մեր անվտանգության ապահովման գործում: Հաջող կերպով զարգանում է համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, հաղորդակցությունները, էներգետիան, այդ թվում ատոմային էներգիան, լեռնարդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաները, հեռահաղորդակցությունը, բանկային սեկտորը, գյուղատնտեսությունը»:

ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար առաջին տնտեսական և առևտրային գործընկերն է և Հայաստանում գլխավոր ներդրողը: «Հայաստանի և Ռուսատանի միջև ստորագրվել է տնտեսական համագործակցության երկարատև ծրագիր՝ մինչև 2020թ ,- ասել է նա,- Նման փաստաթուղթ մենք ունենք միայն Ռուաստանի հետ. դրա գոյության փաստը միայն վկայում է այն մասին, որ մեր տնտեսական հարաբերությունները բացառիկ բնույթ են կրում»:

Նալբանդյանի խոսքով, Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին երկրի առաջ բացում է նոր հնարավորություններ հետագա ընդլայնման և տնտեսական ու առևտրային հարաբերությունների խորացման համար:




Լրահոս