«ԵՍ ԳԻՏԵՄ՝ ՈՒՄ ՀԵՏ` ԻՆՉՊԵՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դժվար ապրուստ» սերիալից, «Տնփեսա» սիթքոմից հայտնի դարձած դերասանուհի Շուշաննա Թովմասյանի խոսքով` սիթքոմի նկարահանումները բավական ուրախ մթնոլորտում են անցնում: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է, որ հաճախ իրենք էլ են խճճվում եւ խառնում սիթքոմյան կյանքը իրականության հետ: Շուշաննան անդրադարձել է իր մասին հնչող կարծիքներին, նշել, թե ինչ հատկությամբ օժտված տղաներն են իրեն դուր գալիս:

-Շուշաննա՛, ինչո՞ւ Ձեզ գեղարվեստական ֆիլմերում չենք տեսնում:
-Ֆիլմում նկարահանվելու հետ կապված ունեմ մի առաջարկ, սակայն այն քննարկման փուլում է, փակագծերը դեռեւս չեմ բացի: Առաջարկներ նախկինում էլ եղել են, հրաժարվել եմ կոնկրետ պատճառներով: Ես չեմ ձգտում ամեն գնով ներգրավվել ֆիլմերում, ինձ համար կարեւոր է սյուժեն, իմ կերպարը, սցենարը: Ամեն դեպքում, հետաքրքիր կլիներ փորձել ուժերս յուրաքանչյուր ժանրում:
-Կա՞ մի հատկություն, որ ինքներդ Ձեզանից փոխանցել եք «Տնփեսա» սիթքոմում Ձեր մարմնավորած կերպարին:
-Այո՛, ես ինչ-որ բան փորձել եմ Շուշաննայից դնել Անուշիկի մեջ, թե ինչ, դա թող մնա փոքրիկ գաղտնիք: Ինձ համար այդքան էլ հետաքրքիր չէ խաղալ մի կերպար, որը բոլորովին ինձ հետ կապ չունի, ինչ-որ բան պետք է ներդնես ինքդ քեզնից:
-Խաղում եք սիրված դերասանների` Մկոյի, Հովոյի հետ, պետք է որ նկարահանումները ուրախ մթնոլորտում անցնեն:
-Միանշանակ, ողջ թիմի անդամներն են հումորով, մեզ մոտ ամեն բան սկսվում եւ ավարտվում է ժպիտով: Հաճախ նկարահանման հրապարակում զվարճալի դրվագների ենք առնչվում: Օրինակ` Մկոն այնքան բնական է խաղում հոր եւ պապիկի դերը, որ երբեմն ինքներս էլ շփոթում ենք, ու մեզ էլ այնպես է թվում, թե այդ կերպարները տարբեր մարդիկ են կերտում… (ծիծաղում է):
-Հաճախ հանդիպումներ եք ունենում երկրպագուների հետ, նրանք, կարծես, բավական պահանջկոտ են:
-Շատ շնորհակալ եմ նրանց, երկրպագուներիս առկայությունն ինձ համար մեծ նվաճում է: Կան հայտնիներ, որոնց երկրպագուները պարզապես համակրողներ են, իսկ իմ դեպքում նրանք շատ հետեւողական են: Թեկուզ մի քանի րոպեով անպայման հանդիպում եմ նրանց հետ, այս պարագայում շփումն ինձ համար էլ շատ սպասված է:
-Շուշաննա՛, մերվե՞լ եք Ձեր ոլորտի իրականության, միջավայրի հետ:
-Այո՛, եթե ես ինքս ինձ չգտնեի այս ոլորտում, երեւի թե չէի շարունակի աշխատել հատկապես այս բնագավառում: Սա նաեւ էմոցիաներ պահանջող եւ խլող աշխատանք է, նկարահանումներն էլ` ժամանակատար, եւ առաջին հերթին ինձ է պետք, որ մերվեմ միջավայրի հետ: Ես գիտեմ՝ ում հետ` ինչպես, եւ դա ինձ օգնում է, որ խնդիրներ չունենամ:
-Ոմանք այն կարծիքին են, որ Դուք փակ, պարփակված, լռակյաց անձնավորություն եք, այդպե՞ս է:
-Ինքս չեմ համաձայնի այդ կարծիքի հետ, քանի որ ինձ փակ մարդ չեմ համարում` ելնելով սեփական չափանիշներից: Յուրաքանչյուրի համար փակ մարդու պատկերացումները տարբեր են, ես նույնիսկ կարող եմ ասել, որ շփվող մարդ եմ, թեպետ կան բաներ, որ այո՛, փակ եմ պահում, եւ դա նորմալ է: Ինձ լռակյաց էլ չեմ համարում, օր կա, որ շատ եմ խոսում, օր կա` ոչ. ընկերներս կփաստեն:
-Դուք ունեք յուրահատուկ պաշտպանվողական ռեակցիա, չե՞ք վախենում, որ դրա պատճառով տղաներին մոտ չեք թողնի:
-Դա կախված է դիմացինից եւ այն հանգամանքից, թե նրա վրա ինչպիսի աուրա է լավ ազդում: Ամեն դեպքում, ես սիրում եմ այն տղաներին կամ տղամարդկանց, ովքեր չեն բավարարվում այնքանով, որքանով դու ներկայանում ես: Ամեն մեկիս մեջ էլ, եթե խորը նայենք, մի հետաքրքիր բան կբացահայտենք: Իսկ նրանք, ովքեր դրա ձգտումը չունեն, այդպես էլ ոչնչի չեն հասնի:

 

 

 

 

 
«ՇԵՐԵՆՑԸ ԵՐԵԽԱՅԻ ՊԵՍ ՄԻԱՄԻՏ ԷՐ…»

Ամիսներ առաջ էր, երբ հանդիպեցինք ՀՀ վաստակավոր արտիստ, երջանկահիշատակ Կարեն Ջանգիրովի հետ, ով մեզ պատմեց դերասանական աշխարհի մեծերի կյանքից մի քանի բացառիկ, քիչ հայտնի դրվագների մասին: Նա հատկապես ջերմությամբ էր խոսում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ազատ Շերենցի մասին, «Երեխայի պես միամիտ մարդ էր»,-ասում էր նա:

Դերասանը հիշում էր մինչ այժմ երբեւէ չհրապարակված մի դեպք` կապված Շերենցի հետ: Դա պատահել է «Քաոս» ֆիլմի նկարահանման օրերին, Լենինգրադում. «Երբ ֆիլմի շրջանակներում մի քանի օրով Լենինգրադում էինք, էդ ժամանակ ձեռքներիս շատ փող չունեինք: Հերթական անգամ սրճարաններից մեկում նախաճաշում էինք, մեկ էլ Սոս Սարգսյանը կատակով ասաց` Շերե՛նց, հերիք է մեր հաշվին ուտես, հիմա էլ դու մեզ մի բան պատիվ արա՛: Շերենցն ասաց` անեմ: Կանչեց մատուցողուհուն, ասաց` «դեվուշկա, պրինեսի տրի լանգետա, տրի սուրճա», աղջիկը հարցրեց` ի՞նչ, նա թե` սուրճ, սուրճ… Որ տեսավ` մատուցողուհին չի հասկանում, շրջվեց, ասաց` արա, Սոս, հլա մի բացատրի` ռուսերեն կոֆեն ոնցա…»:
Գաղտնիք չէ, որ Շերենցը սիրում էր մի լավ խմել, եւ քիչ չեն պատահել դեպքեր, երբ նա նկարահանման է ներկայացել գինովցած: «Նույն՝ «Քաոս» ֆիլմի նկարահանումների ժամանակ կաբարեում խրախճանքի տեսարանը ստանալիս կադրից դուրս էլ իրական խրախճանքի պահ էր, ու դրա գլխավոր «կազմակերպիչներից» մեկն էլ Շերենցն էր: Մի քանի դերասաններ, առիթից օգտվելով, լավ հարբել էին, մտել էին շամպայնով լի ավազանի մեջ, Շերենցն իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում, ոչ մի բան չէր գիտակցում, հիշում եմ, որ հազիվ համոզեցինք, որ հանենք ավազանից»,-պատմում էր Ջանգիրովը:
Շերենցի ու խմիչքի «յուրահատուկ կապի» մասին վկայում է նաեւ դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը: «Հերիք է նա նկարահանումների ժամանակ ոտքը դներ որեւէ գյուղ, էդ գյուղացիք համոզում-տանում էին նրան, մի լավ պատիվ տալիս, խմեցնում, ու դրա հետեւանքով Շերենցը հաճախ հարբած ու անպատրաստ էր գալիս նկարահանումներին, բայց ֆիլմի անձնակազմը նրան այնքան էր հարգում, որ որեւէ նկատողություն չէր անում, դե, իսկ Շերենցն էլ իր դերասանական ունակությունների շնորհիվ ինչ-որ կերպ դուրս էր պրծնում ստեղծված իրավիճակից»,-մեզ հետ զրույցում հիշեց դերասանուհին:
Ապրիլի 5-ին կլրանա Ազատ Շերենցի ծննդյան 102-ամյակը, եւ այդ առթիվ «Ժողովուրդ»-ը ներկայացրեց նրա կյանքի մի քանի բացառիկ դրվագ:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

100 ԵՐԱԺԻՇՏ՝ 40 ԵՐԿՐԻՑ
Աշխարհի 40 երկրների 100 երաժիշտներ ապրիլի 24-ին կմասնակցեն Հանրապետության հրապարակում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգին: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ին՝ ժամը 20:15-ին, տեղի կունենա «24/04 Orchestra» նվագախմբի համերգը: Աշխարհի ավելի քան 40 երկրից Հայաստան ժամանած երաժիշտներն իրենց հայ գործընկերների հետ բացառիկ այդ համերգով հանդես կգան խաղաղության, սիրո, հումանիզմի կոչերով: Համերգը ղեկավարելու են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին: Այն կկայանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում:

 

ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ «ՌԵՔՎԻԵՄ»-Ը՝ ՄԵԽԻԿՈՅՈՒՄ
Մեքսիկայում ՀՀ դեսպանության եւ Մեխիկոյի ամենամյա «Պատմական կենտրոնի» փառատոնի նախաձեռնությամբ Մեխիկոյի Գեղարվեստների պալատում օրերս հնչել է մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմ»-ը: Փառատոնի շրջանակներում կոմպոզիտորի ստեղծագործությունը կատարվել է երկրի գլխավոր՝ «Միներիա» նվագախմբի եւ «Վոկալիս» երգչախմբի կողմից՝ Հայաստանից հատուկ հրավիրված դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Երեկոյի առաջին մասում ելույթ է ունեցել նաեւ աշխարհահռչակ հայազգի ալստիստ Քիմ Քաշքաշյանը՝ Կոմիտասի եւ Բրիթթենի կատարումներով:

 

ՊԼԱԳԻԱ՞Տ
Երգչուհի Ռիհանան օրերս թողարկել է իր նոր «Bitch Better Have My Money» սինգլը, որը նա արդեն հասցրել է ներկայացնել iHeartRadio Music Awards-ի ժամանակ` բեմում հայտնվելով ուղղաթիռով: Այժմ, սակայն, երգչուհուն այդ երգի պատճառով մեղադրում են պլագիատի մեջ: Երգչուհի Just Brittany-ի երկրպագուներն արդեն մի քանի օր է՝ հայտարարում են, թե Ռիհանան կրկնօրինակում է իրենց սիրելի աստղի Betta Have My Money երգը: Նշենք, որ Betta Have My Money երգը թողարկվել է 2014թ.-ին, իսկ Ռիհանայի Bitch Better Have My Money հիթը ներկայացվել է 2015թ.-ին:




Լրահոս