ՁԱԽՈՂՎԱԾ ՓՈՐՁԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում  «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատաքննությունը տեւեց   ավելի քան 6 ժամ, սակայն պատժաչափը կրճատելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննություն, որպես այդպիսին, տեղի չունեցավ: Երեկ տեղի ունեցած դատական նիստից առաջ, Փաշինյանը հանդես եկավ միջնորդությամբ. «Ես ՀՀ քաղաքացի եմ, որն ունի իրավունքներ եւ ձեզ տեղյակ եմ պահում, որ դուք պարտավոր եք ապահովել իմ իրավունքները: Ես էս դատական նիստին չեմ կարող մասնակցել առանց իմ ձեռքի տակ ունենալու այն փաստաթղթերը, որոնք պատրաստել եմ»,- դիմելով դատավոր Եվա Դարբինյանին՝ հայտարարեց Փաշինյանը:  Վերաքննիչ դատարանի դատավորը  միջնորդությունը բավարարեց եւ նիստն ընդմիջեց 20 րոպեով, սակայն տեւեց ուղիղ 2 ժամ ու կես: Նիկոլ Փաշինյանը դահլիճ եկավ դատարկաձեռն, հայտարարեց, որ իրեն թույլ չեն տվել վերցնել գրառումները եւ որ դատարանի որոշումը  չի  կատարվել: «Էս ընթացքում քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչները զանգում էին, զանգեր էին ստանում, հետո նորից զանգում էին… Ըստ ամենայնի, հիմա Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրված, որպեսզի հանրապետության ավազակապետական ղեկավարությունը որոշի, թե ո՞ր թղթերն է, որ կարելի է խցից դուրս բերեմ»:Դատարանն ընդունեց երկրորդ որոշումը. գրառումները փոխանցել փաստաբաններին ոչ թե առձեռն, այլ` փոստով: Կողմերը գնացին կատարելու երկրորդ որոշումը, բայց չկատարվեց: «Արթիկ» ՔԿՀ-ում հրաժարվել էին: Միայն ՔԿՀ պետի տեղակալ Աղասի Խաչատրյանը վերջապես համաձայնեց  կատարել դատարանի որոշումը` հրահանգելով ծրարներն ուղարկել փաստաբաններին, որից հետո դատն անորոշ ժամանակով հետաձգվեց: Նկատենք, որ դատական նիստին մասնակցում էին նաեւ մի քանի երիտասարդներ, ովքեր թեեւ լրագրող չէին, բայց ձայնագրում էին ամբողջ ընթացքը: Հ.Գ.Դատաքննության սկզբում Նիկոլը հանդես եկավ հայտարարությամբ, որից  մեջբերում ենք մի հատված. «Իմ նկատմամբ բանտային ապօրինությունների ցանկը «Արթիկ» ՔԿՀ-ում համալրվել է: Շուրջ 2 ու կես ամիս ես զրկված եմ նամակներ ուղարկելու հնարավորությունից: Հարկ եմ համարում հայտարարել ի լուր հանրության. ինձ պայմաններ պարտադրելու սերժանտական իշխանության փորձերը դատապարտված են ձախողման: Իմ կյանքը դրված է հանուն ազատ եւ երջանիկ Հայաստան ունենալու համար մղվող պայքարի զոհասեղանին` հանուն ճշմարտության, օրինականության, արդարության, խոսքի ազատության: Պայքարելու եմ մինչեւ վերջ, անկախ նրանից, բանտում կլինեմ, թե ազատության մեջ: Եւ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»:   ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԱրթիկ




Լրահոս