Մութ պատմություն. ի՞նչ են թաքցնում Չառլի Արմսթրոնգի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս երեւանյան ակումբներից մեկում` «Yans»-ում, տեղի ունեցավ լեգենդար ջազմեն Լուի Արմսթրոնգի թոռ ներկայացող Չառլի Արմսթրոնգի համերգը: Հայտնի է, որ նա երգիչ է, մի շարք ստեղծագործությունների հեղինակ, հասարակական գործիչ, բիզնեսմեն եւ պրոդյուսեր: Սակայն հայ հանրությունը սոցցանցերում ակտիվ քննարկումներ տարավ այն հարցի շուրջ, թե արդյո՞ք Չառլի Արմսթրոնգն իսկապես Լուի Արմսթրոնգի թոռն է: Ոմանք սոցցանցերում անգամ նրան անվանեցին ինքնակոչ. «Հայաստան եկած թոռանը Ռուսաստանից դուրս ոչ ոք չի ճանաչում»,-գրեց բլոգեր Տիգրան Քոչարյանը (Փիղ):

Եթե ուսումնասիրելու լինենք Լուի Արմսթրոնգի կենսագրությունը, կտեսնենք, որ նրա ամուսնություններից եւ ոչ մեկի արդյունքում սերնդի շարունակականություն չի գրանցվել: Եվ միայն 2012-ի դեկտեմբերին 57-ամյա մի կին` Շարոն Փրեսթոն -Ֆոլթան, պնդել է, թե ինքը Արմսթրոնգի դուստրն է, ծնվել է Լուի Արմսթրոնգի եւ պարուհի Լյուսի Փրեսթոնի միջեւ 1950-ականներին սկիզբ առած սիրավեպի արդյունքում: Նշենք, որ 1955-ին իր մենեջերին` Ջո Գլասերին, գրված նամակում Արմսթրոնգը հաստատել էր, որ Փրեսթոնի նորածին երեխան իր աղջիկն է, եւ մենեջերին պատվիրել վճարել ամսական 400 դոլար նպաստ մորը եւ երեխային:

Առհասարակ, Լուի Արմսթրոնգի անձնական կյանքի վերաբերյալ տվյալները շատ չեն, եղածներն էլ` վիճարկելի: Այս հանգամանքն էլ Չառլի Արմսթրոնգի անձի հետ կապված ավելի խորը կասկածի տեղիք է տալիս: «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց «Yans» ակումբի մամուլի ծառայության հետ, որտեղից հարցի շուրջ ստացված պատասխանները եւս հստակ չէին: «Չառլի Արմսթրոնգի ընտանեկան կարգավիճակը շատ բարդ է եղել, շատ բաներ մինեւ վերջ հայտնի չեն»,- փոխանցեցին ակումբից:

Մեր հարցին` դա նշանակում է, որ իրենք չե՞ն բացառում, որ Չառլին Արմսթրոնգի թոռը չէ, ակումբից պատասխանեցին. «Մենք ո՛չ բացառում ենք, ո՛չ էլ չենք բացառում, Չառլին հայտնի է որպես Լուիի թոռ, նրան ճանաչում են արտասահմանում…»: « Գուցե նա Արմսթրոնգի խո՞րթ թոռն է, ոչ կենսաբանական»,- մեր այս հարցադրմանը, այդուամենայնիվ, տրվեց հաստատուն դրական պատասխան. «Ո՛չ, նրա կենսաբանական թոռն է: Մենք մի քանի բան գիտենք, բայց դրանք իմացել ենք նրա հետ անձնական խոսակցության ժամանակ, ուստի` չենք կարող այդ մասին խոսել: Երեւի ճիշտ կլինի` մյուս այցի ժամանակ ինքը փաստաթղթերը հավաքի ու պատմի իր ընտանիքի պատմությունն այն սահմանների շրջանակում, որը թույլ կտա ընտանեկան էթիկետը»,-մեկնաբանեցին ակումբից:

Աննա Բաբաջանյան




Լրահոս