Երեկ՝ երկու ժամից ավել տեւած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ, ըստ պաշտոնական տեղեկության՝ որոշվեց, որ Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրելու է Երեւանի կադաստրի պետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանի (Տարոն Մարգարյանի կնոջ եղբայրը), իսկ Շիրակի թիվ 35-ում՝ ՀՀԿ-ական Արման Սահակյանի թեկնածությունները: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ նիստը նախագահող Սերժ Սարգսյանը խիստ բարկացած է եղել: Նա ասել է, թե շատ վատ է, որ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը 6 դեմ ձայն է ստացել: «Մենք որեւէ տեղից որեւէ սպասելիք չունենք: Հույսներս մեզ վրա պիտի դնենք»,-մոտավորապես այսպիսի խոսքեր է հնչեցրել ՀՀԿ առաջնորդը՝ սպառնալով նաեւ, որ ձերբակալությունները շարունակվելու են, եւ որեւէ մեկը չի ներվելու: Տպավորություն է ստեղծվել, որ Սարգսյանը նախագահական ընտրություններին միայնակ է մասնակցելու՝ չակնկալելով որեւէ քաղուժի աջակցությունը: ՀՀԿ-ն քննարկել է նաեւ ԲՀԿ-ի պահվածքը՝ այն որակելով որպես «անհասկանալի վարքագիծ»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ