ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը գտնվում է «հոգեբանական վատ վիճակի մեջ, սակայն հրաժարվում է ստացիոնար բուժումից»,- երեկ գրել է «Ալ Գումխուրիա» Եգիպտոսի պաշտոնական թերթը: Մինչ այդ, մեկ այլ եգիպտական թերթ` «Ալ Մատին» տեղեկացրել էր, որ Մուբարաքը ընկել է կոմայի մեջ: 82-ամյա նախկին բռնապետը այժմ գտնվում է Շարմ Էլ Շեյխ քաղաքում` ընտանիքի անդամների հետ: Նշեցինք, որ փետրվարի 11-ին հրաժարական տալուց հետո, երկրում իշխանությունն անցել է Եգիպտոսի զինված ուժերի խորհրդին, որը երկիրը կղեկավարի մինչեւ հաջորդ ընտրություններ: Զինված ուժերի խորհուրդը հայտարարել է, որ Եգիպտոսը հավատարիմ կմնա կնքված բոլոր միջազգային պայմանագրերին եւ պայմանավորվածություններին:  Սա հատկապես կարեւոր է ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար` հաշվի առնելով, որ առայժմ չի ստացվում «իրենց մարդու» համբավ ունեցող փոխնախագահ Օմար Սուլեյմանին դարձնել նախագահ: Զինվորականները խոստացել են չուզուրպացնել իշխանությունը եւ առավելագույնը 6 ամիս հետո կազմակերպել արդար եւ թափանցիկ  ընտրություններ:Այսօրվա դրությամբ հայտնի են նաեւ ապագա նախագահական ընտրությունների առաջատարները: Սամի Ունանը 63 տարեկան է եւ զբաղեցնում է բանակի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Սակայն նա վարկաբեկվեց ճգնաժամի ժամանակ` Մուբարաքին  սատարելու պատճառով: Մագատեի նախկին ղեկավար Էլ-Բարադեյը, չնայած հանդես է գալիս «Մահմեդական եղբայրների» օրինականացման օգտին, այնուամենայնիվ համարվում է Արեւմուտքի  մարդը, իսկ դա այս  օրերին Եգիպտոսում այնքան էլ լավ գովազդ չէ: Ամենահավանական թեկնածուն արաբական լիգայի  նախկին ղեկավար Ամր Մուսան է: Նա մեծ հեղինակություն է վայելում հատկապես երիտասարդների մոտ, եւ դա ակնհայտ էր նրա ելույթներից «Թահրիր» հրապարակում: Նա նախկին ԱԳ նախարարն է եւ պաշտոնաթող եղավ, երբ ամերիկյան հեռուստատեսությունում բավական կոշտ զրույց ունեցավ Իսրայելի այն ժամանակվա ԱԳ նախարար Շլոմ Բեն-Ամիի հետ:




Լրահոս