Մեր երկրի հզորացումը պահանջատիրության հիմքն է. Տիգրան Ուրիխանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն երկրները, որոնք ճանաչում, ընդունում և դատապարտում են Հայոց ցեղասպանությունը, ուղղակիորեն վերականգնում են պատմական արդարությունը: Նրանք ապահովագրում են մարդկությանը հետագա ցեղասպանություններից: Armlur.am-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանոթյան 100-ամյա տարելիցի և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ու երկրների կողմից դրա ճանաչման վերաբերյալ նման տեսակետ հայտնեց ԲՀԿ նախկին պատգամավոր, այժմ «Այլանս» առաջադիմական, ցենտրիստական նորաստեղծ կուսակցության հիմնադիր Տիգրան Ուրիխանյանը:

Նրա խոսքով` Հայոց ցեղասպանության ճանաչումը նախ պետք է միջազգային հանրությանը, մարդկությանը: «Այնպես չէ, որ սա մեծ լավություն է հայ ժողովրդին: Սա մեծ լավություն է արդարությանը, մարդկությանը, հումանիզմին: Իսկ այն երկրները, որոնք որևէ քայլ չեն կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ժամանակի ընթացքում կենթարկվեն համամարդկային ճնշմանը»,- նշեց Ուրիխանյանը:

Խոսելով ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայի հայտարարության և Հայոց ցեղասպանությունը չճանաչելու մասին` Ուրիխանյանն ասաց. «ԱՄՆ-ի նախագահը ընտրվելուց հետո յուրաքանչյուր տարի չի կատարում իր խոստումը: Այսինքն` ստել է: Խաբել է ոչ միայն հայությանը, ամերիկահայերին, այլև` ամբողջ աշխարհի մարդկությանը, համաշխարհային մակարդակով»:

Տիգրան Ուրիխանյանը տեսակետ հայտնեց, որ Հայաստանին անհրաժեշտ է  ոտքի հանել և հզորացնել: «Հայաստանում մարդիկ իրենց պիտի զգան կայուն, ամուր ու հեռանկարով: ՀՀ պետք է սկսեն վերադառնալ լքած հայերը: Մեր երկրի հզորությունը լավագույն երաշխիքն է, և պահանջատիրության թափը մեծացնելու, ինքնաբերաբար արտաքին քաղաքականությունը մեծացնելու և հետագայում երկրի նկատմամբ ոտնձգությունները կանխելու` հաշվի առնելով բարդ հարևանների առկայությունը և նրանց ոտնձգությունները: Ամենաառաջին խնդիրը սա է` տնտեսություն ոտքի հանել, սոցիալական վիճակ կարգավորել, արդարություն վերականգնել, ստեղծել իրավունքի գերակայություն ունեցող երկիր: Սա այն հիմքն է, որի վրա, անշուշտ, պետք է խարսխվի արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը, բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանում իրենց շահերն ունեցող պետությունների հետ»,- շեշտեց Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ մի շարք երկրներ ճանչեցին հայոց ցեղասպանությունը, այդ թվում` Գերմանիան:




Լրահոս