ՌԴ նախագահի Հայաստան գալն ազդանշան էր. ռուս գործիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական լրատվամիջոցներն ու պաշտոնյաները շարունակում են քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ապրիլի 24-ի այցը Հայաստան: Թուրք պաշտոնյաներին հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ ՌԴ նախագահը 1915թ. դեպքերն անվանել է ցեղասպանություն: Դեպքերի նման զարգացումից հետո շատերն են նշում, որ ռուս-թուրքական հարաբերությունները կարող են վտանգվել: Այս հարցերի շուրջ Armlur.am-ը զրուցեց ռուս քաղաքական գործիչ Գեորգի Ֆյոդորովի հետ:

Նա կարծիք հայտնեց, որ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը ապրիլքսանչորսյան միջոցառումներին և Թուրքիայի արձագանքը էական նշանակություն չեն ունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա: «ՌԴ նախագահի այցը Հայաստան անակնկալ չէր ոչ ոքի համար: Հայաստանը համարվում է Ռուսաստանի բարեկամ և դաշնակից երկիր: Մեզ միավորում է միասնական պատմական անցյալը և երկարամյա արգասաբեր համագործակցությունը», – նշեց նա:

Քաղաքագետը ընդգծեց, որ Պուտինի այցը Հայաստան  նպատակ չուներ միայն ապացուցելու այդ դարավոր ընկերության անկեղծությունը: Նրա խոսքով, այլ նպատակներ ևս կային: «Այս այցն ազդանշան էր ոչ միայն Թուրքիայի, այլև միջազգային ողջ հանրության համար: Սա նշանակում է, որ Ռուսաստանն ու նրա ղեկավարությունը մտադիր չեն գործընկերների հետ հարաբերությունները զոհել հանուն նոր գործընկերների հետ համագործակցության: ՌԴ նախագահի քայլն ազդանշան էր, որ Ռուսաստանն ընտրել է աշխարհաքաղաքական ռազմավարություն, որը նշանակում է նաև հավատարմություն ավանդական ռազմավարական գործընկերներին», – ընդգծեց նա:

Ֆյոդորովը հավելեց, որ Թուրքիային անհրաժեշտ էր պահպանել սեփական դեմքը, և Անկարան չէր կարող չարձագանքել ՌԴ նախագահի քայլին: «Թուրքական պաշտոնական մարմինների արձագանքը կարող ենք ոչ ընկերական համարել, բայց չպետք է մոռանալ, որ Ռուսաստանն ու Թուրքիան անհրաժեշտ են միմյանց», – եզրափակեց նա:




Լրահոս