Սա ուղղակի այլանդակություն է, սա երկիր չէ. Գուրգեն Եղիազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահների ձեռագիրը նույնն է, ոչինչ չի փոխվել, նրանք ոչ մի նոր բան այդպես էլ չսովորեցին: Armlur.am-ի հետ զրույցումմ անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված 5 անդամների ազատ արձակմանը`  այսպես արտահայտվեց ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպա, հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Վերջինիս գնահատմամբ` ՀԽ անդամների` Ժիրայր Սէֆիլյանի, Գարեգին Չուգազսյանի, Գևորգ Սաֆարյանի, Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի ձերբակալությունն էլ, կալանքից ազատելու որոշումն էլ դուրս է տրամաբանությունից.

«Ստացվում է` երբ ցանկանան, օրվա հետ կապված կարող են ձերբակալե՞լ մարդկանց: Քրեական օրենսգրքում նման բան կա՞. ես չեմ հիշում: Դա նոր օրենք է հա՞ երևի Հայաստանում: Այսպիսի բաներ միայն մեր երկրում կարող են լինել, մեկ էլ, ասենք, աֆրիկյան մի բռնապետությունում. ուրիշ տեղ նման բան չի կարող լինել: Սա ուղղակի այլանդակություն է: Ես կարող եմ ավելի փայլուն օրինակ  բերել, թե ինչպես վարվեցին 2008թ.-ին իմ ընկերների հետ: Այն ժամանակ այդ ընդդիմադիրներից մեկի տանից բահի երկու կոթ էին առգրավվել և որպես զինատեսակ ներկայացրել»:

Գուրգեն Եղիազարյանի խոսքով, իրավապահներն ամեն բան զավեշտի են վերածում: Մեր զրուցակիցը որևէ կերպ չկարաղոցավ հասկանալ` ինչ է նշանակում ձերբակալել, հետո բաց թողնել` ասելով, թե այլևս անհրաժեշտություն չկա, ապրիլի 24-ն անցել է: «Այսինքն, եթե հանկարծ սրանց մտքով անցնի մարդուն ձերբակալել ամսի 30-ին, պետք է այդպե՞ս լինի: Սա երկի՞ր է, թե՞…»:

Գ. Եղիազարյանը նկատեց, որ կալանքը, իհարկե, սկզբում երկու ամսով են նշանակվում, որպեսզի նախաքննությունը կարողանա իր գործերն ավարտին հասցրել, բայց, նրա խոսքով, այս «խեղկատակության մեջ ավարտին հասցնելու-չհասցնելու խնդիր դրված չէ»:

Armlur.am-ի հարցին` իր կանխատեսումներով հնարավո՞ր է գործը կարճվի, պատասխանեց. «Գործ կա՞, որ կարճվի կամ էլ չկարճվի: Մարդկանց հանիրավի վերցրել-պահել են: Սա ուղղակի այլանդակություն է, սա երկիր չի: Իրենք նախադեպ են ստեղծում` առանց հասկանալու, որ վաղը, մյուս օրը իրենց հետ է´լ ավելի վատ կվարվեն:

Նրանք չեն հասկանում` ինչ է նշանակում մարդկանց այդպես վերցնել ձերբակալել: Վաղը, մյուս օրը ուրիշները կգան, իրենք իշխանության չեն լինի, այդպես կվերցնեն կպահեն: Ամենավատն այն է, որ ընդդիմադիրներից մեկի վրա խցում հանցագործ են ուղարկում: Վաղը իրե՞նց էլ են, չէ՞, սատկացնելու, չե՞ն հասկանում դա: Այս երկրում հնարավոր է ամեն բան, քանի որ օրենքը չի գործում, քրեական օրենսգիրք գոյություն չունի, նրան եղունգ նայողներ են, կարող է նայեն իրենց եղունգին ու մի բան որոշեն անել»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ, առաջին դասի խորհրդական Վ.Պողոսյանը նախաքննական մարմնից ստուգման նպատակով պահանջել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ տարածքում 2015 թվականի ապրիլի 24-ին կազմակերպվող համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում մի խումբ անձանց կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստություն իրականացնելու դեպքի առթիվ 2015 թվականի փետրվարի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Որոշումը կայացվել է նկատի առնելով, որ արդեն անցել է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակման օրը և վերոնշյալ անձինք չեն կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, նախաքննության ընթացքում արդեն կատարվել են անհետաձգելի անհրաժեշտ քննչական գործողությունները, ու վերջիններս, ազատության մեջ մնալով, չեն կարող խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, ուստի նախաքննության տվյալ փուլում վերացել է մեղադրյալներին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:




Լրահոս