Սիրիահայերի բարդ իրավիճակն ու Սփյուռքի նախարարության «պարզ, հասկանալի» բացատրությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ վատ: Սիրիահայերի կողմից օրըստօրե ավելանում են օգնություն խնդրելու կոչերը, սակայն ՀՀ Սփյուռքի նախարարությունը որևէ բան անել չի կարող: Armlur.am-ի հետ զրույցում ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը կրկնեց նույնը, ինչ ասել էր օրեր առաջ:

Վերջինս նշեց, որ սիրիահայերի փոխարեն իրենք որոշում կայացնել չեն կարող: Զաքարյանի խոսքով` սիրիահայերի մոտ տանգնապ կա` իրենց վաղվա օրվա նկատմամբ: Վերջինս նշեց, որ սիրիահայերի փոխարեն իրենք որոշում կայացնել չեն կարող:

«Հիմա իրենք քննարկելու են, ցանկություն կա երեխաներին ամառային հանգստի բերել Հայաստան: Ինչպիսի որոշում էլ կայացնեն, ՀՀ կառավարությունն այդ փորձն ունի, պատրաստ է երեխաներին ամռանն ընդունել: Դա իրենց որոշելիքն է, ոչ ոք չի կարող իրենց փոխարեն որոշում չի կայացնելու: Մենք հեռվից սիրիահայերի փոխարեն որոշում չենք կայացնելու: Իրենց կարծիքը, ցանկությունը կձևակերպեն և ազգային իշխանությունների միջոցով կտեղեկացնեն»,- նշեց Զաքարյանը:

Մի քանի սիրիահայեր, ովքեր այս օրերին տեղափոխվել են Դամասկոս, Armlur.am-ի հետ զրույցում խոսեցին այն պատճառների մասին, թե ինչու չեն դիմում ՀՀ կառավարությանը` տեղափոխվեու Հայաստան: Նրանք միաձայն գլխավոր պատճառ նշեցին այն հանգամանքը, որ Հայաստանը ոչինչ չի կարող անել և որ անվստահություն կա ՀՀ իշխանությունների նկատմամբ:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարը, սակայն, վրդովվեց, երբ ասացինք, որ սիրիահայերի մոտ անվստահություն կա, այդ իսկ պատճառով չեն դիմում իրենց: «Դուք բոլորի փոխարեն մի երաշխավորեք: Ես ձեր հարցի իմաստ չեմ հասկանում: Դուք հիմա զանգել եք ի՞նչ ճշտեք: Ես ասում եմ` մենք չենք կարող իրենց փոխարեն որոշում կայացնել: Որ ընտանիքը ցանկանում է դուրս գալ, դուրս կգա, որը ոչ, կմնա: Մենք նրանց փոխարեն չենք կարող որոշում կայացնել:

Շատ պարզ և հասկանալի է: Ի՞նչ եք ուզում դրա տակ փնտրել: Սիրիայում ապրողն ունի տուն, բիզնես և այլն և այլն, հիմա մարդը պատրաստ չէ լքել, թողնել ու գնալ: Ով դա կարողացել է` արել է: Դա անհատական որոշում է»,- իր խոսքը եզրափակեց սիրիահայերի հարցերող զբաղվող հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս