Սերժանտների ինստիտուտի ներդրումն օգնելու է սպայական կազմին. ՊՆ փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՆ փոխնախարար Արա Նազարյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքում: Նշենք, որ օրենքի նախագծով սահմանվում են գնդի, բրիգադի և գումարտակի, դիվիզիոնի սերժանտների պարտականությունները` որպես ենթակա սերժանտական կազմի զինծառայողների ուսուցման, կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի, մարտական և մասնագիտական պարտաստվածության համար պատասխանատու անձինք: Վաշտի ավագի, դասակի հրամանատարի տեղակալի, ջոկի հրամանատարի պաշտոնները փոխարինվում են վաշտի, դասակի ջոկի սերժանտների պաշտոններով:

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Զինված ուժերում արհեստավարժ սերժանտական կազմի ընդլայնման և որպես առանձին հրամանատարական օղակի ձևավորման հանգամանքով»,- նշեց Նազարյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե սերժանտների ինստիտուտի հիմնումը լուծելո՞ւ է ստորին հրամանատարական կազմի պակասի խնդիրը:

Արա Նազարյանն էլ նշեց, որ ոչ միայն լրացնելու, այլ նաև օժանդակելու է սպայական կազմին: «Տվյալ ինստիտուտի ներդրումն ավելի շատ օգնելու և օժանդակելու է այդ կրտսեր հրամանատարական կազմի լուծմանը»,- պատասխանեց Նազարյանը:




Լրահոս