ԵՊՀ-ում անտեսե՞լ են վարչապետի հանձնարարականը. պարզաբանում են համալսարանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ երկու ամիս առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր պետական համալսարաններում սովորող նաիրիտցիների երեխաների ուսման վարձերի վճարումները մի քանի ամիս հետաձգելու վերաբերյալ դիմել բուհերի ռեկտորներին: Այսօր գործարանի աշխատակիցների հերթական բողոքի ակցիայի ժամանակ «Նաիրիտ»-ի ակցիաները համակարգող խմբի անդամ, գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը հայտարարեց, որ Հովիկ Աբրահամյանը խոստումը կատարել է և հանձնարարական է տվել բուհերի ռեկտորներին` նաիրիտցիների երեխաների ուսման վարձերի վճարումների ժամկետները հետաձգելու համար:

Սակայն, Անուշ Հարությունյանի տեղեկացմամբ` այս հանձնարարականին չի ենթարկվել Երևանի պետական համալսարանի ռեկտորատը, որտեղից իրենց նամակ է եկել, որ ուսման վարձի վճարումը չի հետաձգվում: «Վարչապետի հանձնարարականը, խնդրանքը համալսարանի մակարդակով չի կատարվում: Երկրում բեսպրեդել է, ուրիշ բառով անհնար է բնութագրել»,- հայտրարեց Անուշ Հարությունյանը:

Armlur.am-ը կապ հաստատեց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանի հետ և փորձեց ճշտել` ինչու է անտեսվել վարչապետի խնդրանք-հանձնարարականը և մերժողական պատասխան ուղարկվել նաիրիտցիներին:

Գրիգորյանը մեզ փոխանցեց, որ նման բան չկա և Երևանի պետական համալսարանում սովորող նաիրիտցիների երեխաներին ընդառաջել են` թույլ տալով մասնակցել քննաշրջանին, իսկ վարձը հետո մուծել: Նշենք` ԵՊՀ-ում սովորում են 4 նաիրիտցիների երեխաներ` 2-ը մագիստրատուրայի ավարտական կուրսում, իսկ մնացած երկուսը` առկա և հեռակա համակարգով դեռևս սովորում են, ավարտական կուրսում չեն: «Մենք կրթության նախարարությունից համապատասխան նամակը ստացել ենք և ընդառաջել ենք նրանց, թույլ տալով մասնակցել քննություններին: Իսկ դիպլոմը կստանան վարձը վճարելուց հետո»,- հավելեց Կարեն Գրիգորյանը:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս