Veolia Group-ի տնօրենը Հայաստանում իրենց ընկերության հաջողությունը կապում է տեղի կադրերի հետ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս 2005 թվականին Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի ապահովումը հանձնվեց ֆրանսիական Veolia Group ընկերությանը: Արդեն 9 տարի է, ինչ այս ընկերությունն իրականացնում է վերը նշված գործառույթները Երևանում: Հունիսի 1-ին Հայաստանում էր ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոն:

Լրագրողներին ներկայացվեց ընկերության գործունեությունն այս 9 տարիների ընթացքում: Նախքան Veolia Group-ի գլխավոր տնօրենը կներկայացներ իրենց ընկերության պատմությունը, «Երևան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանն իր խոսքում ասաց, որ մինչ Veolia Group ընկերության մուտքը Հայաստան, կային բազում խնդիրներ. «Ունեինք ջրամատակարարման շատ ցածր մակարդակ, 2-4 ժամյա ջրամատակարարում, համակարգի կառավարման հետ կապված խնդիրներ, հնացած, ցածր օրենսդրական դաշտ և այլն»: Իսկ Veolia Group ընկերության` Հայաստան գալուց հետո այս բոլոր խնդիրները, տնօրենի խոսքով, գրեթե վերացվեցին: «Մենք նաև կարողացել ենք 80%-ով նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը համակարգում»,- ասաց Գ. Գրիգորյանը: Նրա խոսքով, դեռ չեն լուծվել ներքին սպառման և օրենսդրական դաշտի խնդիրները: «Երևան ջուր» ընկերության գլխավոր տնօրենը հույս հայտնեց, որ դրանք ևս կլուծվեն:

Veolia Group ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոն նախ նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում և իր այցը համընկնում է Ցեղասպանության 100-ամյակի հետ: Տնօրենը շեշտեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և դրանում մեծ դեր ունի Ֆրանսիայի բազմահազարանոց հայկական համայնքը: Ֆրերոյի խոսքով, ընկերության 50 հազար աշխատակիցների մեծ մասը հայկական ծագում ունի: «Մեր նպատակն է ամբողջ աշխարհով մեկ մաքուր ջրով ապահովել մարդկությանը: Մենք Ֆրանսիայում կարողացանք բնակչության կյանքի միջին տևողությունը 20 տարով ավելացնել` ի շնորհիվ էկոլոգիապես մաքուր ջրի: Իսկ մաքուր ջուրը շատ կարևոր է բնակչության համար»,- ասաց տնօրենը:

Անդրադառնալով իրենց ընկերության գործունեությանը ամբողջ աշխարհում և մասնավորապես Հայաստանում, Ֆրերոն ասաց` իրենց համագհործակցությունը Հայաստանի հետ փոխշահավետ է և դրանից շահում է ՀՀ կառավարությունը, քաղաքապետարանը և «Երևան ջուր»-ը: Գլխավոր տնօրենը Հայաստանում իրենց ընկերության հաջողությունը կապում է տեղի աշխատանքային կադրերի հետ, որոնց մասնագիտական որակները շատ բարձր են:

Veolia Group ընկերությունը զբաղվում է նաև Երևան քաղաքի կեղտաջրերի հեռացման աշխատանքներով: Տնօրենը հույս հայտնեց, որ առաջիկայում իրենք կկարողանան  ջրահեռացման խնդիրը լուծել ամբողջ Հայաստանի տարածքում: Ի դեպ` հաջորդ տարի Կառավարությունը պատրաստվում է մրցույթ հայտարարել, որին Veolia-ն պատրաստվում է մասնակցել:

Veolia Group ընկերությունը սպասարկում է աշխարհի ավելի քան 50 մայրաքաղաքների ջրամատակարարումն ու ջրահեռացումը: Ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է 24 մլրդ եվրո: Այս ընկերության ֆինանսական վիճակը բարվոք է, ինչն էլ նշանակում է, որ կկարողանա նոր ներդրումներ կատարել Հայաստանում: Veolia Group ընկերության տնօրենը Հայաստանը համարում է գրավիչ երկիր միջազգային ընկերությունների համար:DSC_0224




Լրահոս