ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԱՆԿՈՒՄՆ ՈՒ ԹՌԻՉՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սամվել Բալասանյանն Ազգային Ժողովի հնաբնակներից է, առաջին անգամ պատգամավոր է դարձել Գյումրիի թիվ 63 ընտրատարածքից` «Ստեղծենք նոր աշխատատեղեր» կարգախոսով: Հենց գարեջրի գործարանի սեփականատիրոջ այդ կարգախոսն էլ ոգեւորեց շատ ընտրողների, ովքեր հավատացին, որ գարեջրի գործարանի սեփականատեր-տնօրենը, գոնե հանուն իր եկամուտների, կավելացնի աշխատատեղերը, իր համաքաղաքացիներից շատերին բարեկեցիկ ապրելու հնարավորություն կտա: Իհարկե, Սամվել Բալասանյանը հավատարիմ մնաց իր կարգախոսին եւ… Գյումրիում կրճատելով աշխատատեղերը` Երեւանում գրեթե ջրի գնով ձեռք բերեց շենքի բացվածք Կոմիտաս փողոցի հարեւանությամբ, ստեղծեց «Շիրակ» ռեստորանը, ապա Մյասնիկյան պողոտայի վրա գնեց ահռելի հողատարածք` այստեղ հյուրանոցա-ռեստորանային համալիր կառուցելու համար:Իր կենսագրությունը ներկայացնելիս` Սամվել Բալասանյանը կարող է հպարտությամբ նշել, որ 1976-ին ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը, մեկ տարի ծառայել բանակում, ապա մոռանալով մաթեմատիկոս-մանկավարժի իր որակավորման մասին` աշխատանքի է անցել գարեջրի գործարանում որպես բանվոր, ապա մեկ տարի անց` 1978-ին հրուշակեղենի ֆաբրիկայում զբաղեցրել տեխնոլոգի հաստիք: Մանկավարժ աշխատելու որեւէ ցանկություն եւ մտադրություն չունենալով` նա աշխատանքին զուգընթաց ընդունվել եւ 1983-ին ավարտել է Մոսկվայի սննդի արդյունաբերության ինստիտուտի հեռակա բաժինը: Խորհրդային տարիներին շատերն էին մոսկովյան այդ ինստիտուտը համարում «անդրկովկասյան», քանի որ հեռակա բաժնի ուսանողների գերակշռող մեծամասնությունը ադրբեջանցիներ ու հայեր էին: Դե, հայկական կոնյակը, սուջուխն ու բաստուրման էլ բավական էին` Բուհ-ը պատվով ավարտելու համար: 1988-ի երկրաշարժից հետո, երբ Գյումրիում շատ բան ավերվել ու ոչնչացել էր, իսկ կանգուն մնացած ձեռնարկությունների մեջ աչքի էր ընկնում գարեջրի գործարանը, Սամվել Բալասանյանը, որն արդեն դարձել էր քաղխորհրդի պատգամավոր, կարողացավ 1992-ին ստանձնել գործարանի տնօրինությունը: Լինելով անկուսակցական պատգամավոր, Բալասանյանն Ազգային ժողովում սկզբում դարձավ Կարեն Կարապետյանի գլխավորած «Կայունություն» խմբակցության անդամ, իսկ հետո էլ ընդգրկվեց Հմայակ Հովհաննիսյանի ղեկավարած Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում խմբի կազմում: Երբ 2003-ին Արթուր Բաղդասարյանի հորդորներով Բալասանյանը դարձավ «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, Հմայակ Հովհաննիսյանը, նկատի ունենալով նաեւ խմբից ՕԵԿ տեղափոխված Վռամ Գյուլզադյանին, հրապարակավ հայտարարեց, թե` ՕԵԿ-ն անասնագողությամբ է զբաղվում: Իր կուսակցությունը փողատերերով համալրելու տենչով բռնված Բաղդասարյանի բանակցությունների արդյունքում, Բալասանյանը դարձավ ՕԵԿ անդամ. նրան խոստացվել էր խմբակցության ղեկավարի պաշտոնը:Դառնալով խմբակցության ղեկավար` Բալասանյանը ԱԺ-ում ստանձնեց Արթուր Բաղդասարյանի գովերգուի պարտականությունները` իր ամեն մի ելույթ սկսելով` «Ինչպես ասում է Արթուր Բաղդասարյանը»: Արթուր Բաղդասարյանն էլ լիուլի վարձահատույց եղավ` նպաստելով այն բանին, որ Բալասանյանը Գյումրիում ջրի գնով ձեռք բերի նշանավոր Ծաղիկովների գարեջրի գործարանի տարածքն ու կիսավեր շենքերը, արտոնյալ վարկ ստանա, կառուցի համալիրն ու դարպասի ճակատին տեղադրի իր արձանը:Երբ ՕԵԿ-ն իրեն ընդդիմադիր հռչակեց, փոքր-ինչ նվազեց Բալասանյանի ելույթային եռանդը, սակայն դա չխանգարեց, որ նա դառնա ԱԺ պատմության մեջ արձանագրված ամենահայտնի արտահայտություններից մեկի հեղինակը. «Իմ ճակատին գրված է «Օրինաց երկիր»»: ՕԵԿ-ն իսկապես նպաստավոր եղավ գյումրեցի պատգամավորի համար. նա Շիրակի փոխմարզպետ նշանակել տվեց իր փեսային` Ռուբեն Սանոյանին, ով իր ամեն մի հրապարակային ելույթից հետո դառնում էր նոր անեկդոտների հերոս: Բալասանյանն էր պաշտելի Վահանիչին ներկայացնում շիրակցի օեկականներին, զբաղվում նրանց պաշտոնական վերընթացով կամ տապալումներով: Այդ ընթացքում Բալասանյանից անբաժան էր գյումրեցիների կողմից «պրյանիկ Հովո» մականունով,  «կաթի փոշու» գործով նշանավոր դարձած Հովհաննես Մարգարյանը: Իսկ այսօր Մարգարյանը Արթուր Բաղդասարյանից է անբաժան, իր երբեմնի ընկերոջն էլ ԱԺ փոխնախագահի պաշտոնում չընտրեց` Բաղդասարյանն էր հրահանգել:Ինչեւէ, մոտ երեք տարի Բալասանյանը մոռացության մատնված լինելով խորհրդարանում, հեռացած ամբիոնից` 2010 թ. հոկտեմբերի 7-ին, որպես նախածննդյան նվեր (նա ծնվել է հոկտեմբերի 12-ին), ԲՀԿ-ի կողմից ստացավ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը: Այս ողջ ընթացքում շատերին էր թվում, թե ՕԵԿ երբեմնի «բլբուլը» մշտապես լռել է, թե այլեւս ավարտվել է նրա քաղաքական եւ պաշտոնական կարիերան, մանավանդ որ Բալասանյանն այս ժամանակահատվածում զբաղված էր իր բիզնեսով` անգամ շատ հաճախ ներկա չգտնվելով ԱԺ նիստերին: Բայց տեղի ունեցավ թռիչքը:Այսօր ոչ ոք չի կասկածում, որ 2012 թ. խորհրդարանական ընտրություններում Բալասանյանն ընդգրկված կլինի ԲՀԿ համամասնական ցուցակում, բայց թե ընտրություններից հետո ինչ պաշտոն կստանա`  անհայտ է: Չնայած ոչ մեկին գաղտնիք չէ, որ Բալասանյանի գերագույն նպատակներից մեկը Գյումրիի քաղաքապետ դառնալն է:ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ16 02 2011




Լրահոս