ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈ՞ՒՄ Է ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս տարի բոտուլիզմի 16 դեպք է գրանցվել, տուժել է 31 հոգի, որից 4-ը` մահացու ելքով: Սակայն ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության բաժնի պետ Մարգարիտա Բաբայանի կարծիքով` բոտուլիզմի դեպքերը աստիճանաբար նվազում են:
Այս պահի դրությամբ Տավուշի մարզի 4 բնակիչ բոտուլիզմով գտնվում են հիվանդանոցում, նրանցից երկուսի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ մյուս երկուսինը՝ բավարար:
ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խորհուրդ տվեց չօգտագործել տնային պայմաններում պատրաստված պահածոները, հատկապես կարմիր պղպեղը: «Կոնկրետ այս դեպքերը եղել են կարմիր պղպեղն օգտագործելուց հետո: Գոնե օգտագործելուց առաջ բանկայի պարունակությունը թող դատարկեն կաթսայի մեջ եւ 20-25 րոպե եռացնեն: Քանի որ այդ ժամանակահատվածում թույնը քայքայվում է, ու սնունդը անվտանգ է դառնում»: Մասնագետի  խոսքով՝ պահածո արտադրող կազմակերպությունների արտադրանքն անվտանգ է, քանի որ տեխնոլոգիական գործընթացի ժամանակ համապատասխան ջերմային մշակումից հետո  սպորները ոչնչանում են:
«Նման բան միայն պահածո արտադրող կազմակերպություններում է արվում: Տնային տնտեսուհիներից շատերը բանկան են եռացնում, բայց դա սխալ է: Նշեմ նաեւ, որ բոտուլիզմով պահածոյի ո՛չ համն է փոխվում, ո՛չ տեսքը եւ ո՛չ էլ գույնը»,-ավելացրեց Մ. Բաբայանը: Ըստ նրա՝ անցյալ տարի գրանցվել է բոտուլիզմի 18 դեպք` 30 տուժածով, որից երեքը` մահվան ելքով. «2005-2006թթ. ունեցել ենք 30 դեպք 50 տուժածով: Այն ժամանակ ավելի շատ էր, քան հիմա: Դեպքերը նվազել են»:
«Ժողովուրդ»-ը փորձեց հետաքրքրվել, թե այս օրերին գրանցվող բոտուլիզմի դեպքերն ինչքանով են նպաստում կամ խոչընդոտում պահածո արտադրող ընկերությունների արտադրանքի սպառմանը: Նրանցից մի քանիսի` «Եվրոթերմ»-ի, «Շամբի»-ի ներկայացուցիչները մեզ տեղեկացրին, որ պահածոների վաճառքի վրա դա չի ազդել: Իսկ «Սարդարապատ»-ի ներկայացուցիչն ասաց. «Ճիշտ է, վաճառքը մի փոքր կանգնած է, բայց անկեղծ ասած` չեմ կարող ասել, թե ինչու: Միգուցե դա՞ է պատճառը»:
Հատկապես վտանգավոր են սխալ ջերմամշակված եւ տնային պայմաններում պահածոյացված մթերքները` սունկը, բանջարեղենը, միրգը եւ այլն: Վտանգավոր է նաեւ ապխտած ձուկը: Բոտուլիզմի մանրէները, որոնք թույն են արտադրում, շատ տարածված են բնության մեջ: Այդ մանրէների թույնը պարունակող սննդամթերքն օգտագործելիս թույնը ներծծվում է աղիքներ եւ արյան միջոցով տարածվում ամբողջ օրգանիզմում` ախտահարելով տարբեր օրգաններ: Առաջին հերթին ախտահարվում է նյարդային համակարգը:
Հիվանդությունը սկսվում է հանկարծակի` վարակված մթերքը գործածելուց մի քանի ժամ անց: Նկատվում է փորկապություն եւ որովայնի փքվածություն: Առաջանում է գլխացավ, գլխապտույտ, թուլություն, անքնություն, բերանի չորություն եւ ծարավի զգացողություն: Մի քանի ժամից կամ 1-2 օրից խանգարվում է տեսողությունը: Աչքերի առջեւ «վանդակներ» են հայտնվում, առարկաները երեւում են մշուշում, հաճախ` երկակի, բիբերը լայնանում են, իսկ կոպերը` իջնում: Խանգարվում է կլումը, խոսքը դառնում է անհասկանալի, շնչառությունը դժվարանում է: Ջերմաստիճանը կարող է աննշան բարձրանալ: Հիվանդության ախտանշաններն ի հայտ գալուն պես հիվանդը պետք է անմիջապես հոսպիտալացվի: Կյանքի փրկությունը կախված է հակաբոտուլիային շիճուկի ներարկման ժամանակից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս