ՓՈՔՐ ՏՈՒԳԱՆՔՆԵՐՈՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՆ ԱՆԻՄԱՍՏ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեսչությունը, 2012թ. օգոստոսին պետական վերահսկողություն իրականացնելով ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում, ինքնաթիռների թռիչքների ապահովման ծառայությունում կատարված ստուգմամբ պարզել է, որ օգտագործվող չափման միջոցների մի մասը ստուգաչափված չէ: Սա նշանակում է, որ չի եղել այդ միջոցների ճիշտ աշխատելու երաշխիք: Բայց չէ՞ որ խոսքն ինքնաթիռների թռիչքների ապահովման եւ չափման միջոցների մասին է… Թույլ տրված խախտման համար ընկերության նկատմամբ կիրառվել է 600 000 դրամ վարչական տուգանք:
Տեսչությունն այս տարի պարզել է նաեւ, որ «Արման-օիլ մեկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (Երեւան, Ն. Շենգավիթ 4-րդ փ., տուն թիվ 60), որը տուրբինային յուղերի ներմուծմամբ ու իրացմամբ է զբաղվում, պետական համապատասխան կառույցին կեղծ տեղեկատվություն է ներկայացրել: Դրա համար ընկերությունը ենթարկվել է 100 000 դրամ վարչական տուգանքի:
Թերեւս ավելորդ է ասել, որ տուրբինային յուղի առեւտրով զբաղվողի համար 100 000 դրամը մեծ գումար չէ: Հետաքրքիր է` ինչով են մտածել կեղծ տեղեկատվության դեպքում տուգանքի նման չափ որոշած պետական պաշտոնյաները: Ստացվում է, որ բռնվելու կամ կեղծիքի բացահայտման դեպքում կարելի է ընդամենը 100 000 դրամ վճարել ու պրծնել, եւ եթե հետագայում նորից անհրաժեշտ լինի կեղծ տեղեկատվություն ներկայացնել, դա հանգիստ անել` աչքի առաջ ունենալով տուգանքի մի գումար, որը դժվար չէ վճարել՝ հետն էլ մտածելով, որ ամեն անգամ կեղծիքը հո չե՞ն նկատելու ու բացահայտելու:
Մեկ այլ ստուգմամբ, որը կատարվել է «Միկա-ցեմենտ» ընկերության ցեմենտի արտադրությունում, բացահայտվել է առանց համապատասխանության սերտիֆիկատի ցեմենտի իրացման փաստ, վարչական տուգանքը կազմել է 300 000 դրամ: «Վիշկա» ՍՊԸ-ն նույնպես իր բետոնի պողպատյա ամրաններն իրացրել է առանց համապատասխանության սերտիֆիկատի, ինչի համար տուգանվել է 200 000 դրամով: Համապատասխանության սերտիֆիկատ չի ունեցել նաեւ «Հիդրոէներգաշին»  ՓԲԸ-ի բետոնի արտադրության կողմից արտադրված, շինմոնտաժային աշխատանքներում օգտագործվող ցեմենտը, ինչի համար ընկերությունը տուգանվել է 100 000 դրամով: Հիշյալ ընկերությունները 88-ի դեկտեմբերյան երկրաշարժից դասեր չե՞ն առել…
«Սահակյանշին» ՓԲԸ-ի ասֆալտբետոնի եւ բետոնի արտադրության ու «Կամուրջշին» ընկերության կամուրջների շինարարության եւ վերանորոգման ծառայության ստուգմամբ պարզվել է, որ խախտվել են չափման միջոցների միջստուգաչափման ժամկետները, ինչի համար ընկերություններից յուրաքանչյուրի նկատմամբ կիրառվել է 300 000 դրամ վարչական տուգանք: Եթե վերոնշյալ ընկերությունների կողմից խախտվել են միջստուգաչափման սահմանված ժամկետները, ապա «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի բետոնի շաղախի արտադրությունում օգտագործվող չափման միջոցների մի մասն ընդհանրապես ստուգաչափված չի եղել, տուգանքը դարձյալ կազմել է 300 000 դրամ:
Տեսչությունն այս տարվա հունիսին պարզել է, որ ստուգաչափված չէ նաեւ «Շեն-կոնցերն» ՍՊԸ-ի բետոնե սնամեջ պատքարերի, սոսինձների, չոր շինարարական խառնուրդների, ներկերի, լաքերի արտադրության եւ իրացման մեջ օգտագործվող չափման միջոցների մի մասը, սակայն, չգիտես ինչու, ընկերությանը տուգանել է ընդամենը 100 000 դրամով, թեեւ, եթե անկեղծ լինենք, ֆինանսական մեծ միջոցներ ունեցող ընկերությունների պարագայում 300 000 դրամ տուգանքն էլ հետագա խախտումները կանխելու հարցում դերակատարում չի կարող ունենալ: Այս դեպքում խնդրի լուծումը կախված է ընկերության՝ տվյալ հարցում պատասխանատուների բարոյական նկարագրից. նրանք, առանց որեւէ տուգանքի, թույլ տրված խախտումներից արդյո՞ք պատշաճ հետեւություններ կանեն: Եթե ոչ, պետք է մտածել սահմանված վարչական տուգանքների չափերը նշանակալիորեն բարձրացնելու մասին:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս