Առողջապահության նախարարությունը միայն 3 օր անց արձագանքեց 26-ամյա ծննդկանի մահվան դեպքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի առողջապահության նախարարությունն այսօր 26-ամյա ծննդկանի և նրա նորածնի մահվան դեպքերի առթիվ հայտարարությամբ է հանդես եկել:

«ՀՀ առողջապահության նախարարությունը խորապես ցավակցում է 26-ամյա Մերի Մարգարյանի մահվան կապակցությամբ: Տեղի ունեցած ողբերգության պատճառները պարզելու եւ մասնագիտական վերլուծություն կատարելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ եւ գլխավոր մասնագետների ներգրավածությամբ ստեղծվել է հանձնաժողով: ՀՀ առողջապահության նախարարությունը հետեւողական է մայրական մահացության յուրաքանչյուր դեպքի պատճառը պարզելու գործում եւ ակնկալում է անաչառ ուսումնասիրություն»,- ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ում մոտ էլ հաշվառված է եղել եւ 35 շաբաթ հետազոտվել է 26-ամյա կինը: Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, 2 օր անց նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:

Հարազատների խոսքով՝ Մերի Մարգարյանի մոտ «Էրեբունի» ԲԿ-ում հայտնաբերվել է երկկողմանի թոքաբորբ:




Լրահոս