Հովանավորները կլարնետային երաժշտություն են սիրում. «Բամբիռ»-ի անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բամբիռ»-ն արդեն տեւական ժամանակ է` անակնկալ է պատրաստում իր լսարանի համար: Հայկական ֆոլկ-ռոք խումբը ձայնագրում է իր նոր ալբոմը, որի շրջանակներում համագործակցում է «Բամբիռ»-ի առաջին սերնդի ներկայացուցիչ Ջագի` Գագիկ Բարսեղյանի հետ: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց խմբի կիթառահար, վոկալիստ Նարեկ Բարսեղյանը:

«Հայալեզու ալբոմի առաջին մասը կոչվում է «Արմաբետոն». այն ներկայացնում է այժմյան աշխարհիկ կյանքը եւ համեմված է հումորով, իսկ երկրորդը կոչվում է «Մետամորֆոզներ»: Այս նախագիծը սկսել էինք դեռ 2012 թվականից եւ շուտով կավարտենք: Դանդաղ էինք առաջ գնում, որպեսզի հասնեինք ցանկալի արդյունքին»,-ներկայացրեց Նարեկը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ օգոստոսի վերջին խումբը համերգով հանդես կգա Սեւանում` «Կիլիկիա» նավի մոտ: Մեր այն հարցին, թե արդյոք հայաստանյան պայմանները բավարարում են խմբի կայուն գործունեությունն ապահովելու համար, Նարեկը պատասխանեց. «Մեր խումբը այդ ստաբիլ գործունեությունը ծավալելու կարիքն ունի, պետք է նկատենք, որ արտերկրում ավելի մեծ թվով համերգներ են կազմակերպվում, ուստի այնտեղ ավելի հարմար է աշխատելը, ինչը չէի ասի մեր երկրի մասին. մեր իրականությունն այլ է: Հայաստանյան շուկան փոքր է: Եթե Երեւանից դուրս համերգ ենք կազմակերպում, ողջ գումարը ծախսում ենք տեխնիկական անձնակազմին վարձատրելու վրա: Այս պարագայում ելքը հովանավոր գտնելն է, սակայն հովանավորներն էլ կլարնետային երաժշտություն են սիրում. իրենց դա է հոգեհարազատ»:

Մեր այն հարցին, թե արդյոք «Բամբիռ»-ի մատուցած երաժշտությունը Հայաստանում մասսայական դառնալու հնարավորություն ունի, Նարեկը պատասխանեց, որ դա պայմանավորված է վերոնշյալ գործոններով եւ հասարակական գիտակցության զարգացմամբ:

«Ժողովուրդ»-ի դիտարկմանը, թե «Բամբիռ»-ը հազվադեպ է հանդես գալիս տեսահոլովակներով, խմբի կիթառահարն արձագանքեց, թե իրենք տեսահոլովակներ շատ չեն սիրում. «Մենք նախընտրում ենք հանդիսատեսի հետ կենդանի կապն ամուր պահել, հաճախ հայտնվում ենք Հայաստանի ամենատարբեր սարերում, ձորերում, քաղաքներում, փորձում ենք շփվել ժողովրդի հետ, այն, ինչ չենք ասում երգով, երբեմն տեղ ենք հասցնում խոսքի միջոցով»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս