Ծաղկաձորում կայացավ «Դանակի նետում» և «Պատը` պատին» մարզաձևերում հաղթողների պարգևատրման արարողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի շրջանակում oգոստոսի 17-ի երեկոյան Ծաղկաձորի մարզաբազայում տեղի ունեցավ «Դանակի նետում» և «Պատը` պատին» մարզաձևերում հաղթող ճանաչված մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Անհատական ցուցանիշներով լավագույնն են ճանաչվել ՌԴ Սվերդլովսկի մարզի Իվդել քաղաքի «ՇԱՆՍ» ռազմահայրենասիրական ակումբի պատանիները: Թիմային մրցումներում առաջին տեղը զբաղեցրել է «Տիգրան Մեծ» դասակը, երկրորդը՝ «Դեսանտուրան», իսկ երրորդ տեղը զբաղեցրել են «Կարմիրբանակայինները»: «Պատը` պատին» մրցույթում, որի ընթացքում կողմերը պետք է ամբողջ թիմով դուրս մղեին մրցակցին նախանշված տարածքից, առաջատար ճանաչվեց «Դեսանտուրան», երկրորդ տեղում «ՍՈԲՐ» թիմն է, երրորդում՝ «ԱԼՖԱ»-ն:

Հաղթողներին պարգևները հանձնել են ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը, վարժարանի պետի տեղակալ, փոխգնդապետ Կարեն Ավագյանը:
Ի լրումն մրցույթների՝ օգոստոսի 17-ին կազմակերպվել են լողի և կշռաքարի բարձրացման, հրաձգային զենքի և քիմիական-կենսաբանական պաշտպանության վերաբերյալ վարպետության դասեր:

Օրն ամփոփվել է «Հայաստանի օր» մշակութային ծրագրով, որի ընթացքում «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» մրցույթ-հավաքին մասնակցող հայկական միացյալ թիմը ներկայացրել է Հայաստանի պատմությունը, մշակույթը, երգն ու պարը:




Լրահոս