ԳԱՂՋ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ղեկավարությունը պարբերաբար բողոքում է, թե ինչու են լրագրողները եւ հատուկենտ ընդդիմադիր քաղաքական գործիչները պնդում, որ ներկա կառավարման համակարգի պայմաններում Հայաստանի տնտեսությունը զարգացման հեռանկար չունի եւ լավագույն դեպքում այն կարող է ինքնապահպանվել, ոչ ավելին: Պարբերաբար մենք ականատես ենք լինում, թե ինչպես են ՀՀ իշխանություններն ամենաբաձր մակարդակով հակադարձում բոլոր քննադատներին, եւ քիչ է մնում՝ բոլորին «շամանության» մեջ մեղադրեն:

Սերժ Սարգսյանը, օրինակ, քննադատներին մեղադրում է երկրում «գաղջ մթնոլորտ» տարածելու մեջ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը քննադատություններն ընկալում է որպես իր անձնական թշնամիների կողմից հյուսված դավադրություն եւ այսպես շարունակ: Իշխանական վերնախավը պարբերաբար կրկնում է, որ Հայաստանում բիզնես ծավալելու ոչ մի խոչընդոտ չկա, եւ որ ցանկացած ոք կարող է ներդրում կատարել եւ իր գործը սկսել: Ավելին՝ պաշտոնական քարոզչությունը պնդում է, թե իբր Հայաստանում բիզնեսը պաշտպանված է:
Սակայն իրական կյանքի ամեն մի միջադեպ հօդս է ցնդեցնում իշխանական քարոզչության ստեղծած «քողերը», եւ մարդիկ անմիջապես վերադառնում են իրականություն: «Էյր Արմենիայի» տնօրեն Արսեն Ավետիսյանի հետ տեղի ունեցածը հենց նման` մարդկանց դեպի իրականություն վերադարձնող դեպքերից է: Հիշեցնենք, որ «Էյր Արմենիան» օգոստոսի 14-ին պաշտոնապես հայտարարեց ընկերության բալանսում 68 միլիոն 600 հազար դոլարի ներդրման մասին: Մեկ օր անց ընկերության տնօրենի կինն ահազանգեց լրագրողներին, որ ՀՀ ֆուտբոլր ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, նույն Նեմեց Ռուբոյի հրահանգով ծեծել եւ զենքի սպառնալիքով Արսեն Ավետիսյանին տարել են ՀՖՖ գրասենյակ եւ պահել են այնտեղ:
Իսկ ինչ հետեւեց այդ լուրին, ոչինչ: Փառք Աստծո, որ այս անգամ զոհեր չեղան, եւ Արսեն Ավետիսյանը Հայրապետյանի պատանդից ազատվեց մարմնական վնասվածքներով: Տեղի ունեցածը հենց այն խոցի դրսեւորումներից է, որն արգելակում է եւ երբեք թույլ չի տա, որ Հայաստանը զարգանա: Իհարկե, բոլոր երկրներում էլ լինում են գործարարներին ծեծելու դեպքեր: Նույնիսկ զարգացած երկրներում են լինում դեպքեր, երբ գործարար հարաբերություններին խառնվում է քրեական աշխարհը` պարտք ետ ստանալու կամ ձեռնարկությունը տիրոջից խլելու նպատակով: Սակայն, երբ միջադեպը հրապարակայնացվում է, Հայաստանի պես արձագանք լինում է միայն ուղնուծուծով կոռումպացված եւ քրեական աշխարհի վրա հենվող կառավարման համակարգ ունեցող երկրներում:
Բայց Հայաստանում դեպքի մասին ահազանգից հետո իրավապահները սովորաբար սկսում են գլուխ կոտրել, թե ինչպես պատասխանատվությունից ազատեն գործարարին ծեծած եւ պատանդ վերցրած քրեական աշխարհի ներկայացուցիչներին, քանի որ նրանք իշխանությունների հենարանն են: Նման երկրում ներդրումներն էլ գնալով կնվազեն, տեղի գործարարներն էլ առաջին իսկ լավ առաջարկի դեպքում կարտագաղթեն: Նման պետությունները կարող են ապագա ունենալ միայն կառավարման համակարգը փոխելու եւ օրենքի հիման վրա գործող իշխանություն ունենալու դեպքում:
Ի դեպ, երբ ասում ենք, որ տեղի ունեցած դեպքը Հայաստանի զարգացումը խոչընդոտող խոցի դրսեւորումներից է, նկատի չունենք, որ այդ «հրեշը» միայն Ռուբեն Հայրապետյանն է: Հայաստանում առնվազն 40 ընտանիքներ կան, որոնց անդամները նույնքան օրենքից վեր են: Նույն իշխանության ղեկավարների ընտանիքները եւս օրենքից վեր են եւ ումից ինչ ուզում, խլում են, ում երբ ուզում, «սամասուդ» են անում եւ այսպես շարունակ: Ուստի, երբ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ մնացած ղեկավար կազմը շատ է նեղվում, որ իրենցից մարդիկ միայն վատի ակնկալիք ունեն, ապա թող հեռու տեղերում այդ ամենի պատասխանը չփնտրեն եւ ընդամենը հայելու մեջ նայեն ու վերհիշեն, թե վերջին, ասենք, մեկ ամսում իրենք քանի ապօրինություն եւ հանցագործություն են արտոնել:
Հ.Գ. Ի դեպ, Հայաստանում, հատկապես իշխանության ներկայացուցիչների շրջանում, այսպիսի մի ընկալում կա, որ բոլոր այն պնդումները, թե պատժվելու են, ռոմանտիկայի շարքից են եւ իրական կյանքի հետ կապ չունեն: Սակայն հետաքրքիրն այն է, որ պատմության ողջ ընթացքը ցույց է տվել, որ մարդիկ, եթե անգամ օրենքի առաջ պատասխանատվությունից կարողացել են խուսափել, ապա միեւնույն է՝ վերջնահաշվարկում ուրիշից խլված ունեցվածքը իրենց ու իրենց ընտանիքին երբեք երջանկություն չի բերել: Կարող եք վերցնել Հայաստան կամ ցանկացած այլ երկրի պատմությունը եւ ուսումնասիրել ուրիշին ունեզրկելով հարստացած մարդկանց մասին 40-50 տարվա կտրվածքով, վերջնահաշվարկում մնացել են միայն վատ հիշողություններ, իսկ նրանց ունեցվածքը եւ ժառանգները պատմության հորձանուտում «վերացել» են:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՀԷՑ-Ը ԿՏՈՒԳԱՆՎԻ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջիկայում 10 միլիոն դրամով կտուգանի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին: Համապատասխան տուգանքը ՀԾԿՀ-ն պատրաստվում է ՀԷՑ-ի նկատմամբ կիրառել երկու որոշումներով, որոնցից յուրաքանչյուրով ընկերությունը կտուգանվի 5-ական միլիոն դրամ: Երկու դեպքում էլ պատճառը գրեթե նույն է: Մի դեպքում քաղաքացին, իսկ մյուսի պարագայում ընկերությունը դիմել են ՀԷՑ-ին՝ էլեկտրական ցանցին միանալու համար: Սակայն ՀԷՑ-ը օրենքով նախատեսված ընթացք չի տվել այդ դիմումներին: Մասնավորապես, էլէներգիայի սպառման համար քաղաքացուց ՀԷՑ-ը պահանջել է սեփական միջոցներով իրականացնել ցանցին միանալու աշխատանքները, որոնք պետք է կազմեին 3 մլն 563 հազար դրամ: ՀԷՑ-ն իր առաջարկը պատճառաբանել է ընկերության ծանր տնտեսական կացությամբ: Իսկ քաղաքացուն խոստացել են ծախսված գումարը դուրս գրել հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարներից: Ստացվում է, որ ՀԷՑԸ-ը սպառողին ցանցին միացնելու համար գումար չունի, բայց մեկ ավտոմեքենայի վարձակալության համար ամսական 700 հազար դրամ ի վիճակի է վճարել:

 

ԱՆՆԱԽԱԴԵՊ, ԲԱՅՑ ՈՉ ԼԻԱՐԺԵՔ
«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի՝ 2014 թվականի «Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատման» զեկույցի համաձայն՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բյուջեն 2014 թվականին կազմել է 219 միլիոն 379 հազար դրամ՝ մոտ 535 հազար 420 դոլար: ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Արման Վարդեւանյանի գնահատմամբ՝ նշված գումարի հատկացումն աննխադեպ է եւ կբավարարի, որպեսզի իրենց գրասենյակը արդյունավետ գործի: ԹԻ-ն արձանագրել է, որ ֆինանսավորման պակասի պատճառով մարզային 6 գրասենյակներից 3 փակվել են: Նկատենք, որ, որպես կանոն, ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը միշտ բավական համեստ է եղել, քանի որ ՀՀ Կառավարությունը համոզված է, որ անհրաժեշտ գումարի մի մասն էլ կհատկացնեն միջազգային կառույցները:

 

ՄՈՏ 7 ՄԼՆ ԳՈՐԳԻ ՀԱՄԱՐ
«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ Կառավարության աշխատակազմը օգոստոսի 4-ին պայմանագիր է կնքել «Մեգերյան կարպետ» ԲԲԸ-ի հետ: Ըստ այդ պայմանագրի՝ Կառավարության աշխատակազմը 6 մլն 996 հազար դրամ է ծախսել դահլիճի ձեւավորման վրա: Այդ գումարից 6 մլն 720 հազար դրամը ծախսվել է բամբակյա հենքով ձեռագործ գորգ ձեռք բերելու համար, որի տեղադրման համար էլ ծախսվել 276 հազար դրամ: Ի դեպ, պաշտոնական փաստաթղթերից պարզ չի դառնում, թե նման ճոխ ձեւավորումը Կառավարության որ դահլիճի համար է նախատեսված:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ
Երեկ կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոր` Էմմա Օհանյանի հոգեհանգիստը, որին մասնակցել են ՀՀ քաղաքական եւ բիզնես էլիտայի գրեթե բոլոր ներկայացուցիչները, այդ թվում նաեւ՝ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախօրեին էլ վախճանվել էր քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հայրը: «Ժողովուրդ»-ը ցավակցում է Քոչարյաններին եւ Հովսեփյաններին` ծանր կորստի կապակցությամբ:

 

ԱՌԱՋԱՐԿ Է ԱՆԵԼՈՒ
«Այս տարվա քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը սահմանադրական բարեփոխումներն են»,- երեկ ասել է Աժ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` ընդգծելով, որ նախագծի քննարկմանը հասարակության մասնակցությունը շատ կարեւոր է: Պատգամավորը հայտարարել է, թե մասնագիտական հանձնաժողովին պատրաստվում է մի շարք առաջարկներ ներկայացնել, որոնցից մեկը կապված է կայուն մեծամասնության հետ: Ըստ նրա՝ նախագծում պետք է հստակ ձեւակերպվի, որ ԱԺ-ում հայտնված խմբակցություններն իրենք պետք է կարողանան ձեւավորել կայուն մեծամասնություն, եւ միայն չհաջողվելու դեպքում երկրորդ փուլ լինի:

 

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դուստր է ունեցել: Այս մասին պատգամավորը գրել է սոցցանցի իր էջում: «Լուսաբացին ծնվեց իմ ու Աննայի չորրորդ զավակը՝ աղջիկ՝ 4 կիլոգրամ 170 գրամ քաշով»:

 

ԾՆՈՒՆԴԸ ՀԱՐԱՄՎԵՑ
Ինչպես ավելի վաղ գրել էր «Առաջին լրատվական»-ը՝ քաղաքական էլիտան Մոնակո էր մեկնել՝ օգոստոսի 18-ին մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ծննդյան տարեդարձին մասնակցելու։ Պարզվում է՝ այդ օրը նաեւ նրա սանիկ Սամվել Ալեքսանյանի ծննդյան օրն է։
Ծննդյան տոները նշելու նպատակով Մոնակո էին մեկնել ՍամվելԿարապետյանի սանիկներ Գագիկ Ծառուկյանը, նրա փեսա Արգամ Աբրահամյանը, որն այնտեղ Հովիկ Աբրահամյանին էր ներկայացնում, Գագիկ Բեգլարյանը, Սամվել Ալեքսանյանը եւ այլք։
Սակայն տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքներն ընդհատվել են մեկ օրով, քանի որ նրանք վերադառնում են Հայաստան՝ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հոր եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոր հոգեհանգստի արարողություններին մասնակցելու։

 

ԱՆԱՉԱՌ ՉԵՆ ԼԻՆԻ
«Դելոյթ եւ Տուշ ԱՊՀ» խորհրդատվական կազմակերպությունը չի կարող կատարել էլեկտրաէներգիայի սակագնի ձեւավորման անաչառ ուսումնասիրություններ, հայտարարում է «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը՝ նշելով, որ «ընկերությունը չեզոք չէ Հայաստանի Կառավարության նկատմամբ»։
««Դելոիթ» ընկերությունը Հայաստանում ներկայացված է «Դելիթ Արմենիա» ՓԲ ընկերությամբ, որի գրասենյակը գտնվում է Ամիրյան 4/7 հասցեում։ Այդ ընկերությունը սկսած 2013 թվականից իր աուդիտորական ծառայություններն է մատուցում Հայաստանի Կառավարության եւ «ՀԷՑ»-ին փոխկապակցված ձեռնարկություններին:Դա նշանակում է, որ 2016 թվականի հունվաի 1-ից, ամենայն հավանականությամբ, Հայաստանի բնակչությունը Սերժ Սարգսյանի համոզմունքին համապատասխան ստիպված է լինելու վճարել էլեկտրաէներգիայի դիմաց բարձր սակագնով», – ասված է «Ոտքի՛, Հայաստան»-ի հայտարարությունում։




Լրահոս