ՀՀ և ՌԴ նախագահները վերահաստատել են` ԼՂՀ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով. մանրամասներ հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում այսօր քննարկվել են ներքաղաքական և ներկուսակցական հարցեր: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ի թիվս այլ հարցերի, քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ընթացքը, այս թեմայով ՀՀ նախագահի հանդիպումները, և Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման արդյունքները:

Նա նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Նախագահները վերահաստատել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով»,- նշեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ իրենք բարձր են գնահատում ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումը, որի ընթացքում Հայաստանի համար կարևորագույն հարցեր են քննարկվել: «Դա երկու դաշնակից երկրների հանդիպում էր: Մենք ևս մեկ անգամ ասում ենք, որ պետք է շարունակենք մեր ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Դուք գիտեք, որ մեզ համար անվտանգության հարցը շատ կարևոր նշանակություն ունի, և մենք ամեն ինչ անելու ենք մեր անվտանգության համակարգն ամրապնդելու համար, իսկ այդ գործում շատ կարևոր դեր ունի Ռուսաստանը»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:

Նա նաև հիշեցրեց, որ Ռուսաստանը 200 միլիոն դոլարի արտոնյալ վարկ կտրամադրի ՀՀ-ին՝ գերժամանակակից զինտեխնիկա ձեռք բերելու համար: Շարմազանովը նաև  կարևորեց այն հանգամանքը, որ Ռուսաստանը Հայաստանին մատակարարվող գազի սակագինը 198 դոլարից նվազեցրել է՝ դարձնելով 165 դոլար, որը Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն է տալիս գազը սպառել գործող սակագնով:




Լրահոս