«ՀԱՅԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը, ով հանրությանը հայտնի է նաեւ սերիալներից, «ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնել է, որ ցանկանում է Հայաստանում տեսնել փողոցային թատրոն եւ վստահ է, որ այն մեզ մոտ մեծ հաջողություն կունենա: Սակայն նրա խոսքով՝ այդ գաղափարը միայնակ իրականացնելը դժվար է: Սոնան անդրադարձել է նաեւ իր առաջիկա ծրագրերին եւ շոու-բիզնեսում իրենց հայտնի քառյակի` իր, Անաիսի, Լեւսի եւ Մովսեսի անվան շուրջ հյուսվող սիրային պատմություններին:

-Սոնա՛, արդեն չորս տարի է` աշխատում եք Պատանի հանդիսատեսի թատրոնում, փորձն ի՞նչ է ցույց տվել` պատանիների համար այսօր ո՞ր թեմաներն են առավել գրավիչ: Երեխաներին այսօր հնարավո՞ր է հեքիաթներով զարմացնել:
-Պատկերացրեք, որ այո: Մենք ներկայացումների ընթացքում դահլիճից լսում ենք նրանց բացականչությունները եւ հասկանում, որ ամեն բան դեռ կորած չէ: Թե՛ պատանիներին, թե՛ երիտասարդներին այսօր գրավում են թեթեւ, հումորային ներկայացումները` արդիական թեմաներով, երեւի հանդիսատեսն ունի առօրյա հոգսերից ցրվելու կարիք: Ներկա պահին մեր թատրոնում փորձեր ենք անցկացնում, աշխատում ենք երկու նոր ներկայացման վրա, հոկտեմբերին արդեն կբացենք խաղաշրջանը:
-Սերիալներում Ձեզ էլ չենք տեսնում, ինչու՞, հոգնե՞լ եք:
-Դադարի ընթացքում ունեցել եմ մի շարք առաջարկներ, բայց քանի որ արդեն այդ ոլորտում որոշակի փորձ ունեմ, մի փոքր բծախնդիր եմ դարձել, սպասում եմ լավ առաջարկի: Հիմա ես եւ ընկերներս մեր ուժերը կենտրոնացրել ենք մի նոր աշխատանքի վրա: Ես, դերասաններ Անաիս Սարդարյանը եւ Լեւս Դավթյանը բացել ենք դերասանական ստուդիա` երեխաների համար: Այնտեղ դասավանդվելու է դերասանի վարպետություն, բեմական խոսք եւ բեմական շարժում: Խումբն արդեն աստիճանաբար հավաքվում է:
-Բայց այսքան երիտասարդ տարիքում պարտավորեցնող չէ՞ նման նախաձեռնությամբ հանդես գալը:
-Իհարկե, պարտավորեցնող է, սակայն կարծում ենք, որ մեզանից յուրաքանչյուրն էլ կարող է ինչ-որ բան փոխանցել կրտսեր սերնդին: Եվ հետո, այսօր այնքան են շատացել ստուդիաները, որոնք ղեկավարում են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ, որ մենք, կարծում ենք, այդ գործով զբաղվելու իրավունք հաստատ ունենք: Մեր սաների մեջ ես կուզենայի առաջին հերթին ներարկել սեր, նվիրվածություն բեմին: Բոլորս գիտենք, թե որքան չնչին է դերասանի վարձատրությունը Հայաստանում, եւ, այնուամենայնիվ, շատ նվիրյալներ աշխատում են այնտեղ ու չեն դժգոհում:
-Մոսկվայում մաստեր-կլասներ եք անցել, որոշակի փորձ ձեռք բերել` որպես դերասանուհի, այնտեղի թատերական աշխարհից ի՞նչ կցանկանայիք ներմուծել մեզ մոտ: Ինչի՞ պակաս ունենք մենք:
-Ինքս Հայաստանում նոր նախաձեռնությամբ հանդես գալու մեծ ցանկություն ունեմ, սակայն դա դժվար է միայնակ իրականացնել: Օրինակ` կարծում եմ` կարելի է Հայաստանում փողոցային թատրոն հիմնել: Այն մեզ մոտ չկա, բացակայում է, սակայն թատրոնի անչափ հետաքրքիր մի տեսակ է: Ինքս Մոսկվայում խաղացել եմ փողոցային թատրոնի ներկայացումներում եւ տեսել եմ տեղացիների հետաքրքրվածությունն այս արվեստի նկատմամբ. նրանք ժամերով կանգնում էին, ուշադիր նայում էին, նկարահանում էին մեզ: Ես վստահ եմ, որ Հայաստանում էլ փողոցային թատրոն հասկացությունն իրեն կարդարացնի, պարզապես հայերը վախենում են, որ գուցե մեզ մոտ ինչ-որ բան չստացվի: Արդեն վաղուց ժամանակն է, որ հայ թատրոն հասկացությունը չորս պատի շրջանակից դուրս գա: Դեկորացիան, լուսային էֆեկտները ամենակարեւոր նախապայմանները չեն` լավ ներկայացում ունենալու համար: Կարելի է ընդամենը մեկ աթոռով ներկայացում տալ եւ հաջողություն ունենալ:
-Հանրությունը շատ է քննարկում Ձեր, Անաիս Սարդարյանի, Լեւս Դավթյանի եւ Մովսես Կարապետյանի 10-ամյա ընկերությունը: Հաճախ Ձեր քառյակի շուրջ սիրային պատմություններ են հյուսվում, ասում են, թե քառյակից երկու զույգ է կազմվել եւ այլն… Ի՞նչ կասեք` տղայի եւ աղջկա միջեւ իրական, անկեղծ ընկերություն հնարավո՞ր է:
-Մենք արդեն այնքան ենք լսում նման խոսակցություններ, որ ծիծաղում ենք դրանց վրա, ուշադրություն չենք դարձնում: Բնականաբար, տղայի եւ աղջկա միջեւ կարող է գոյություն ունենալ նման ընկերություն. դրա ապացույցը մեր տասը տարվա շփումն է: Մեզ ամեն օր հնարավոր է տեսնել միասին, բայց մենք պարզապես քույր-եղբայրներ ենք, եւ մեր միջեւ ոչ մի սիրային կապ չկա: Ի դեպ, վերջերս մեզանից երեքը` բացի Լեւսից, ընդգրկված էինք «Հիվանդները» ներկայացման մեջ, բայց միշտ մտածում ենք` ինչ լավ կլինի, եթե չորսով ինչ-որ նախագծում ընդգրկվենք, որեւէ ֆիլմում նկարահանվենք: Հուսով ենք` մի օր կստացվի:

 

 

 
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿՎՃԱՐԵՆՔ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ՈՉ

Սեպտեմբերի 19-ին Երեւանում տեղի կունենա աննախադեպ բացօթյա համերգ` «Ռեինկարնացիա» (Հայաստան), «Բումբոքս» (Ուկրաինա) եւ «Ումատուրման» (Ռուսաստան) խմբերի մասնակցությամբ: One Production ընկերությունը խոստանում է 5 ժամանոց տոն պարգեւել հայ հանդիսատեսին: Ըստ կազմակերպիչների` սա հավակնում է լինել վերջին տարիների ամենամարդաշատ համերգը:

«Ժողովուրդ»-ը ARPR հոլդինգի ներկայացուցիչ Հրաչուհի Բարսեղյանից, ով փիարի եւ մարքեթինգի հարցերով One Production-ի գործընկերն է, հետաքրքրվեց` համերգը հավակնում է լինել ամենամարդաշատը` վաճառվող տոմսերի մեծ քանակությա՞ն հաշվին. «Պարզապես մեր փոքրիկ հետազոտությունը ցույց է տվել, որ այս խմբերի հանդեպ հայաստանցիների շրջանում բավական մեծ հետաքրքրություն կա: Երեքն էլ ոճային առումով յուրահատուկ խմբեր են, բացի այդ` արտասահմանյան երկու խմբերը որեւէ անգամ Հայաստանում չեն եղել, ինչը ավելի է սրում նրանց հանդեպ մեր քաղաքացիների ունեցած հետաքրքրությունը»,-պատասխանեց նա:
Հ. Բարսեղյանի խոսքով` համերգը կարող է նաեւ լավ հնարավորություն ընձեռել «Ռեինկարնացիա»-ին արտերկրի խմբերի հետ կապեր հաստատելու, նոր համագործակցություններ ունենալու առումով:
Մեր այն հարցին, թե արդյոք բացօթյա համերգի համար սահմանված տոմսի արժեքը` 7000 դրամը, շատ չէ, Հ. Բարսեղյանը պատասխանեց. «Հայաստանից մի շարք անձինք պատրաստ են մասնակցելու Թբիլիսիի «Open Air» բացօթյա փառատոնին, վճարել, որքան հարկավոր է եւ չնստել, իսկ Հայաստանի 5 ժամանոց փառատոնատիպ համերգը նրանց տարօրինակ է թվում: Մենք, ցավոք, երաժշտական միջոցառումների անցկացման մշակույթ չունենք, մենք սիրում ենք գնալ, նստել, պահանջել բարձրակարգ ելույթ, բայց դրա դիմաց չվճարել»:
Հ. Բարսեղյանի խոսքով` թե՛ «Բումբոքս»-ի, թե՛ «Ումատուրման»-ի անդամները գիտեն Հայաստանի մասին եւ հետաքրքրությամբ են սպասում հայ հանդիսատեսի ընդունելությանը: Երեք խմբերն էլ խոստանում են երիտասարդական, վառ գույներով միջոցառում:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ
Ճանաչված երգչուհի Էռնա Յուզբաշյանը հոբելյանական շրջագայությամբ հանդես կգա Հայաստանում եւ Արցախում: «Արմենպրես»-ի հետ զրույցում շրջագայության կազմակերպիչ, պրոդյուսեր եւ ռեժիսոր Էմիլ Կարատը նշել է, որ երգչուհին ելույթ կունենա Երեւանում, Ստեփանակերտում, Գյումրիում եւ Վանաձորում: Նա տեղեկացրել է, որ Ստեփանակերտում կանցկացվի երկու համերգ` սեպտեմբերի 25-ին եւ 26-ին, այնուհետեւ Յուզբաշյանը սեպտեմբերի 28¬ի-ն հանդես կգա Վանաձորում: Հոկտեմբերի 7-ին նախատեսվում է, որ երգչուհին ելույթ կունենա Գյումրիում, իսկ հոկտեմբեր 8-ին եւ 9-ին` Երեւանում: Սեպտեմբերի 2-ին էլ Էռնա Յուզբաշյանի ընկերները եւ գործընկերները հնարավորություն կունենան ERNA Party¬ի ժամանակ շնորհավորելու սիրելի երգչուհու բեմական գործունեության 35-ամյակը եւ ներկա լինելու նրա ձայնասկավառակի շնորհանդեսին: Հոբելյանական շրջագայության անցկացմանն աջակցում են Հայաստանի եւ Արցախի մշակույթի նախարարությունները:

 

ՌՈՆԱԼԴՈՒՆ` ԴԵՐԱՍԱՆ
Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կնկարահանվի «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի շարունակությունում։ Դերը երկրորդական է, սակայն դրա համար նա մեծ ջանքեր է ներդրել։ Ի դեպ, նրան պայման են առաջարկել. նա կկարողանա ֆիլմում նկարահանվել, եթե թույլ տա նկարահանումներ իրականացնել իր նյույորքյան բնակարանում։ Այդ շքեղ բնակարանը Ռոնալդուն գնել է օգոստոսին՝ 18.5 մլն եվրոյով։ Դրա փոխարեն Ռոնալդուի գործակալը պայմանավորվել է ֆիլմի ռեժիսորի հետ մի քանի հատվածներում մասնակցության մասին։ Ֆիլմը, որը համաձայնել է նկարահանել Մարտին Սկորսեզեն, կպատմի Քրիստիան Գրեյի՝ աղմկահարույց ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպի՝ իտալացի մագնատ Ալեսանդրո Պրոտոյի մասին։
 

ՀՅՈՒՍԹՈՆԸ «ԿՎԵՐԱԴԱՌՆԱ»
Ուիթնի Հյուսթոնի երկրպագուները հաճելիորեն զարմանալու են։ Լեգենդար երգչուհին նոր տեխնոլոգիաների շնորհիվ «կվերադառնա» մեծ բեմ։ The Guardian-ի փոխանցմամբ՝ երգչուհու լուսանկարները 3D ֆորմատով հայտնվելու են էկրանին, ինչն այնպիսի տպավորություն կստեղծի, որ երգչուհին, ասես, ներկա է համերգին։ Այսպիսի շոու-ծրագրով առաջին համերգը կկայանա ԱՄՆ-ում, ինչից հետո նախատեսվում է համաշխարհային շրջագայություն սկսել։ Ծրագիրը հնարավորություն կտա աշխարհին կրկին ցույց տալ Հյուսթոնի մեծ տաղանդը. հիմնական գաղափարը հենց սա է։ Շոուի ընթացքում կհնչեն Հյուսթոնի լավագույն հիթերը։




Լրահոս