«3-5 հարյուր հազար անգամ ես ասել եմ՝ էդ գումարն ինձ պետք չի, ճի՞շտ ա». Գագիկ Ծառուկյանի վերաինտեգրման անհաջող փորձերը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Փետրվարյան «պատերազմից»  հետո հասարակությանը վերաինտեգրվելու  ու կասկածի տակ առնված բարերարի կոչումը վերականգնելու Գագիկ Ծառուկյանի ոչ բոլոր փորձերն են հաջողվում: Շաբաթ օրն Արարատի եւ Արմավիրի մարզերում խաղողագործների հետ հանդիպումն ավելի շատ իր բարեգործությունների մասին հիշեցնելու, արած-չարածը երեսով տալու եւ «փրկչի» տիտղոսը վերականգնելու նպատակն էին հիշեցնում:

Շաբաթ առավոտվանից «Արարատ» գինու, օղու, կոնյակի գործարանի Մասիսի խաղողի մթերման կայանի բակում ասեղ գցելու տեղ չկար, արեւից խանձված հարյուրավոր գյուղացիների աչքը Գագիկ Ծառուկյանի ճամփին էր…

Գյուղացիների աչքը Ծառուկյանի ճանապարհին էր, մարդկանց հոգսը քիչ էր, քաղաքական անցուդարձն էլ մյուս կողմից էր ծանրացել նրանց ուսերին: Մի տարեց պապիկ կողքիններին բացատրում էր, որ եթե Ծառուկյանի հետ այդպես չվարվեին փետրվարին, իրենք այս օրը չէին ընկնի. «Մարդուն դրեցին ճզմեցին, հարկերը սղմեցին, դրա համար էլ էսօր գործերը վատացել ա»։ Իշխանություններից վառված ազատավանցի պապիկին կողքի կանգնածն էլ հանգստացնում էր, թե նորից բարիշել են Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը. «Իրար հետ են արդեն հանգստանում, ո՞վ ա նեղել, էդ մի պահ էր»:

Քննարկումն այնքան թեժացավ, որ շատերն անգամ չհասցրին տեսնել Ծառուկյանի գալ-գնալը․ նա իջավ մեքենայից, երկու մետրից առաջ չգնաց, խոսեց մի քանի րոպե ու արագ հեռացավ։ «Դուք գիտեք, որ ամեն տարի գարնանն ու աշնանը մենք հանդիպում ենք իրար հետ եւ քննարկում ենք՝ ինչ ա ձեզ պետք, ինչ խնդիրներ առաջարկել եք, ես միշտ ձեզ օգնել եմ, սատար եմ եղել, ճի՞շտ ա, թե՞ ոչ»,- մեքենայից իջնելով՝ հավաքվածներին հիշեցրեց Ծառուկյանը։ «Ճիշտ ա, ճիշտ ա»,- հուսահատ արձագանքեցին հավաքվածները։ Ծառուկյանն էլ ավելի խրոխտ շարունակեց․ «Ես հիմա էլ եկել եմ, որ ձեր հետ հանդիպեմ, որովհետեւ եւ տեսել եմ, որ մի քիչ խառնաշփոթություն կա, որպեսզի քննարկելու, լուծում տալու այս ամենին, որ դուք հանգիստ, խիղճներդ հանգիստ գնաք։ Դուք գիտեք, որ եղել ա կարկտահարություն, ցրտահարություն, եւ պարզ ա, որ, նայելով ձեր վիճակը, ես աջակցել եմ, 3-5 հարյուր հազար անգամ ես ասել եմ՝ էդ գումարն ինձ պետք չի, ճի՞շտ ա»…

Ի դեպ, այն պահին, երբ Ծառուկյանը հանդիպում էր խաղողագործների հետ, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարում էր, որ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանը տվել է շատ խիստ հանձնարարական, որպեսզի   գյուղացիների աճեցրած  բերքն ամբողջությամբ՝ մինչեւ վերջին կիլոգրամը, ժամանակին եւ անկորուստ մթերվի: Երեկ Արմավիրից տեղեկացանք, որ մթերման հետ կապված խնդիրներ չեն եղել, ու գյուղացիների բերքն ընդունել են ամբողջությամբ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս