ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ «ԴՈԴԻ ԳԱԳՈ» ՉԷ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ մեր երկրում կարեւորագույն բոլոր հարցերը լուծվում են ՀՀԿ ԳՄ նիստում: Որեւէ պաշտոնյայի նշանակելուց կամ գահընկեց անելուց առաջ գործադիր մարմնում այդ առնչությամբ քննարկումներ են ծավալվում: Բայց ուշագրավ բացառությամբ փետրվարի 12-ի ՀՀԿ ԳՄ նիստի հետեւանքները Գագիկ Ծառուկյանի վրա միայն մի ուղղությամբ երեւացին. նա հեռացավ քաղաքականությունից, սակայն իրավաբանական հարթությունում Սերժ Սարգսյանի խոսքերը մնացին օդում:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին նվիրված ԳՄ նիստ հրավիրեց եւ հայտարարեց. «Հարգելի՛ ներկաներ, բոլորդ իմ հավատարիմ թիմակիցներն եք: Ես շատ լավ գիտեմ, թե դուք մտովի որքան ժամանակ է ինձ մեղադրում եք նման քաղաքական կամ ավելի շուտ վայ-քաղաքական սուբյեկտ հովանավորելու, ավելին՝ աճեցնելու համար: Այո՛, դա սխալ էր, դա իմ սխալն է եղել… Սխալը պետք է ուղղել»:
Այս խոսքերից հետո Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Ծառուկյանը ազատվեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից: Սա թերեւս միակ քայլն էր, որ Սերժ Սարգսյանն ասաց ու իրականացրեց:
Այդ օրվա ելույթում ՀՀԿ առաջնորդն ասաց. «2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին եւ Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»: Այդ վաղվանից անցել է 6 ամիս, սակայն Սերժ Սարգսյանի պատգամավորներն ու ԱԺ նախագահը այդպես էլ տեր չկանգնեցին նրա խոսքերին ու Ծառուկյանի պատգամավորական մանդատը հետ չվերցրին` նրա այդ բոլոր բացակաները հարգելի համարելով:
Այնուհետեւ Սերժ Սարգսյանը «մահացու» մեղադրանքներ հասցեագրեց ԲՀԿ առաջնորդին` հանրության առաջ հայտարարելով, թե. «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ ՀՀ վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչեւ վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը եւ բաց ներկայացնել բոլորին»: Վարչապետը թերեւս սկսեց զբաղվել խնդրով, ավելին` խոստացավ չհասկանալու դեպքում «բամփել» իր խնամուն` Ծառուկյանին: Բայց դարձյալ խոսքերից անդին ոչինչ չարվեց: Ընդամենը մեկ-երկու կցկտուր հայտարարություններ, որ Ծառուկյանի այս կամ այն օբյեկտը տուգանվել է: Թե ինչու, ինչ հիմնավորմամբ, ինչ կապ ուներ դրա հետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, այդպես էլ անպատասխան մնաց:
Անհետեւանք մնացին նաեւ քրեաիրավական բնույթի հայտարարությունները: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «Շարունակում են նաեւ օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը: Վաղը ես հրավիրելու եմ անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ համապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել նման լուրերի հետ»: Հանրությունն այդպես էլ չտեղեկացավ, թե Ծառուկյանն ինչ հանցագործություններ է պրոֆեսիոնալ կերպով թաքցրել:
Իհարկե, վերջում Սարգսյանը «տեղ թողեց»` հայտարարելով «խոսքս ամբողջությամբ Գագիկ Ծառուկյան քաղաքական կամ կեղծ-քաղաքական երեւույթի մասին էր: Որպես ՀՀ քաղաքացի եւ գործարար, ես նրա հետ կապված որեւէ խնդիր չեմ տեսնում, եթե, իհարկե, հիմնավորապես հերքվեն օրենքի հետ խնդիրներ ունենալու մասին բոլոր լուրերը»: Հիմա ստացվում է, որ բոլոր այդ խոսքերը հերքվել են, եւ քանի որ Ծառուկյանը դուրս է եկել քաղաքականությունից, ուստի նրա հետ այլեւս խնդիր չկա: Բայց ինչո՞ւ այդ մասին չի բարձրաձայնվում: Եթե իսկապես Ծառուկյանը «կրիստալնի» մաքուր է, ինչո՞ւ այդ մասին նույն շուքով չի խոսվում:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարել էր. «Տարիներ շարունակ ես եմ արգելել որեւէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը»: Բայց հիմա, ինչպես երեւում է, Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները այնքան էլ վատ չեն: Սարգսյանը կարծես թե մոռացել է իր հայտարարության մասին եւ շարունակում է «քաղաքական չարիքի» կողքին մնալ` ջերմ հարաբերություններ պահպանելով նրա հետ, կարծես ոչինչ չի եղել: Նա անգամ հրապարակավ Ծառուկյանի հետ ինչ-որ միջոցառումների է սկսել մասնակցել:
Ի՞նչ են մտածում այս մասին ՀՀԿ-ականները: ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը, որ Ծառուկյանին քաղաքական չարիք էր համարում, պատասխանելով մեր հարցին, թե ի՞նչ եք մտածում՝ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան մերձեցման մասին, ասաց. «Ես չեմ ուզում այդ հարցին ոտքի վրա, փողոցում պատասխանել: Եթե ունեք քաղաքական բնույթի հարցեր, քաղաքական գործիչին ուղղեք: Անձնական հարաբերությունների ո՛չ մասնագետ եմ, ո՛չ էլ ցանկություն ունեմ»:
Փորձեցինք զրուցել նաեւ Ծառուկյանի հասցեին ամենասուր քննադատությամբ հանդես եկած ՀՀԿ 40-ամյա երիտասարդ Կարեն Ավագյանի հետ: Սակայն նա խնդրեց ավելի ուշ զանգահարել, եւ այլեւս հնարավոր չեղավ նրա հետ կապ հաստատել: Դե, իհարկե, ի՞նչ պատասխանեն:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 

 
ԿՐԱԿԵԼ ԵՆ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
Հակառակորդը կարճատեւ դադարից հետո կրկին սկսել է կրակահերթեր արձակել սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ Տավուշի մարզի սահմանամերձ երկու գյուղերի` Չորաթանի եւ Այգեհովիտի խաղողի այգիները գնդակոծվել են:
Armlur.am-ի հետ զրույցում Այգեհովիտ համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանը հայտնեց, որ կրակոցների արդյունքում ամբողջությամբ վնասվել է գյուղի բնակիչ Բաղրամ Ահարոնյանի ավտոմեքենան: Մարզպետարանից համապատասխան մասնագետ է ժամանել, ուսումնասիրություն է կատարում, որպեսզի որոշի վնասի չափերը, եւ գյուղացուն փոխհատուցեն: Համայնքի ղեկավարի փոխանցմամբ` այս պահին համեմատական անդորր է, իսկ դեպքը տեղի է ունեցել խաղողի այգիներում աշխատելու ժամանակ:
Գրեթե նույն սցենարն է եղել նաեւ Չորաթան համայնքում: Գյուղապետ Վարուժան Բաղմանյանը հայտնեց, որ խաղողի այգում եղած մի քանի գյուղացի տեսել են՝ ինչպես են գնդակներն անցնում իրենց գլխի վերեւով: Նրա փոխանցմամբ՝ բարեբախտաբար, վնասներ չկան, մարդիկ հասցրել են արագ իրենց տները գնալ: Ի դեպ, հիշեցնենք, որ երեկ Հայաստանի նախագահությամբ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացան ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընդլայնված ձեւաչափով բանակցություններ:
Ըստ երեւույթին Սերժ Սարգսյանի` այնտեղ լինելը փուչիկի ազդեցություն ունեցավ: Ավելին՝ հաշված օրեր առաջ սահմանային ակտիվությունը թուլացավ հենց այն ժամանակ, երբ Մոսկվայում կայացավ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը: Կարծես այստեղ էլ երկխոսությունը մեր ռազմական դաշնակցի սրտով չի ընթացել: Արդյունքում տուժում է Հայաստանի սահմանամերձ գյուղի խաղաղ բնակիչը:

 

ԵՐԹ ԵՆ ԱՆԵԼՈՒ
Սեպտեմբերի 21-ին Երեւանում տեղի կունենա ինքնիշխանության երթ դեպի իշխող Հանրապետական կուսակցության գրասենյակ: Այս մասին Armlur.am-ին ասել է «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը: «ՀՀԿ-ն, տարիներ շարունակ ապօրինաբար յուրացնելով իշխանությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեր ինքնիշխանությունը առեւտրի առարկա է դարձրել»,- ասել է նա` նշելով, որ երթի նպատակներից մեկն է արտահայտել սահմանադրական փոփոխություններին դեմ լինելը: «Անկախության օրը մենք եւս մեկ անգամ պետք է ոչ ասենք թե՛ Եվրասիական տնտեսական միությանը, թե՛ Սերժ Սարգսյանի հեղինակած սահմանադրությանը, թե՛ ՀՀԿ-ի այլեւս անհանդուրժելի իշխանությանը»,- ասել է «Հայազն»-ի անդամը:

 

 
ՆՈՐ ՄԵՆԱՄԱՐՏ
Boxingscene.com-ը հայտնում է, որ WBO վարկածի 2-րդ միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր հաջորդ մենամարտը կանցկացնի նոյեմբերի 21-ին Հանովեր քաղաքում: Մրցակցի անունը դեռ պարզ չէ: Ավելի վաղ Աբրահամին մարտահրավեր էր ուղարկել 50-ամյա Բերնարդ Հոփքինսը: Իսկ հայ բռնցքամարտիկն էլ իր հերթին ձեռնոց էր նետել Ֆելիքս Շտուրմին:

 

ՍԱՏԱՐԵԼ Է
Աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրը Փարիզում երեկ տեղի ունեցած իր համերգը սկսել է «Միգրանտներ» երգով եւ կրկին աջակցություն է հայտնել փախստականներին: «Երգը գրվել է 30 տարի առաջ, բայց այն շարունակում է արդիական մնալ: Այն, ինչ կատարվում է փախստականների հետ, ինձ վրա շատ է ազդել: Ես պատկերացնում եմ իմ ծնողներին այս նույն վիճակում, երբ նրանք թողեցին Հայաստանը եւ գնացին Ֆրանսիա: Այդ պատճառով ես միշտ նրանց կողքին եմ, ովքեր ծեծում են դռները, այլ ոչ թե նրանց, ովքեր այդ դռները փակում են»,- համերգի ժամանակ ասել է երգիչը:

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ Է
Գերմանիայի կողմից Ավստրիայի հետ սահմանային ստուգումների վերսկսումը ժամանակավոր բնույթ է կրում եւ նախատեսված է սահմանների վերաբերյալ շենգենյան օրենսդրությամբ. այս մասին նշված է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մամուլի բաժնի տարածած պարզաբանման մեջ: «Սա են թելադրում անվտանգության պահանջները, եւ այսպես նախատեսված է սահմանների վերաբերյալ շենգենյան օրենսդրությամբ: Այդուհանդերձ, սա ոչ մի պարագայում չի նշանակում Շենգենյան համաձայնագրի դադարեցում: Երեւանում Գերմանիայի դեսպանությունը շարունակում է տրամադրել վիզաներ Շենգենյան համաձայնագրի երկրների համար»:

 

ԲԱ ԻՆՉՈՒ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ
ՀԱՊԿ գագաթնաժողովում բարձրացվել են սահմանային լարվածության հետ կապված բոլոր հարցերը: Այս մասին երեկ հայտարարել է ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը: «Այն խնդիրները, որոնք այսօր առօրյայում դրված են ՀՀ զինված ուժերի առջեւ, ինչպես միշտ լիարժեք կատարում ենք: Չեմ կարծում՝ առօրյա նման խախտումների համար պետք է ձայն բարձրացնել, աղաղակել: Եթե այդպիսի փոքր խնդիրներին մեր ԶՈՒ-ն ի վիճակի չէ պատասխանել, մեծ պաշտպանության իրականացման ժամանակ ինչպե՞ս ենք գործելու», – ասել է նա:




Լրահոս