Նախագահի հայտարարությունը սթափության կոչ էր Ադրբեջանին. ՀՀԿ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման դեպքերին հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել էր. «Երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են»:

Ինչպես երևում է` այս հայտարարությունը վրդովեցրել էր Ադրբեջանական կողմին և այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել էր ՀՀ նախագահի հայտարարությանը:

Armlur.am-ն այս հարցի շուրջ զրուցեց ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանի հետ՝ պարզելու, թե սա ինչպիսի մարտավարություն էր և ինչ հնարավոր հետևանքներ կարելի է ակնկալել:

ՀՀԿ խմբակցության անդամը նշեց, որ ՀՀ նախագահի հայտարարության մեջ որևէ արտառոց բան չկա, քանի որ Արցախը Հայաստանի մի մասն է: «Հայաստանն Արցախի երաշխավորն է: Հայաստանի պատասխանատվությունը բավականին բարձր է և նախագահի հայտարարության մեջ որևիցե արտառոց բան չկա: Ամբողջ աշխարհին է հայտնի, որ Արցախը Հայաստանի մի մասն է»,-ասաց նա:

Վերջինիս խոսքով, այս հայտարարությունը որևէ հետևանք չի կարող ունենալ: «Ադրբեջանը չի առաջնորդվում հայտարարություններով: Ադրբեջանը, փաստորեն, պատերազմ է հայտարարել Հայաստանին և Արցախին: Չհայտարարված պատերազմի վիճակի մեջ ենք, որովհետև սահմանային միջադեպերն արդեն այնպիսի լրջություն է ստացել, որտեղ կիրառվում է հրետանի, ծանր զինատեսակներ: Կռիվը էլ ո՞նց է լինում»,-նշեց Հարությունյանը:

Նա հավելեց.  «Իմ խորին համոզմամբ նախագահի հայտարարությունը սթափության կոչ էր և գուցե վերջին նախազգուշացումը Ադրբեջանին, որ Հայաստանը անտարբեր չի մնալու այդ ագրեսիային և համարժեք պատասխան է տալու»:




Լրահոս