Չմասնակցելով քվեարկությանը` իմ բողոքն եմ արտահայտում. Խաչատուր Քոքոբելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ նոր Սահմանադրության նախագծի քվեարկությանը Աժ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը չմասնակցեց, չնայած այն հանգամանքին, որ ներկա էր դահլիճում: Նշենք, որ օրերս Խ. Քոքոբելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ինքը դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ իրենց ներկայացրած առաջարկությունները չեն ընդունվել: «Ժողովուրդ»-ը զրուցել է պատգամավորի հետ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ նա քվեարկությանը չմասնակցեց:

-Ես, նախքան քվեարկությունը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին առաջարկեցի քվեարկությունը հետաձգել հաջորդ օրվան, քանի որ զուտ տեխնիկապես անհնար էր ծանոթանալ Սահմանադրության նախագծում արված բազմաթիվ փոփոխություններին: Ես ամբողջությամբ չեմ հասցրել ծանոթանալ նախագծի փոփոխված տարբերակին, գուցե մեր կամ մյուսների ներկայացրած առաջարկություններն ընդունվել են կամ չեն ընդունվել, ես չեմ կարող հասկանալ, թե ինչու չհետաձգվեց, եթե որեւէ մեկը չէր ծանոթացել նախագծին: Ես կարող եմ հստակ ասել, որ սա վիրավորական է Ազգային ժողովի պատգամավորի համար: Ես իմ անունից էլ եմ հայտարարում, որ ինչ արվել է, դա վիրավորական է: Միայն քվեարկության օրը՝ առավոտյան են մեզ ներկայացնում մի փաստաթուղթ, որը մի քանի ժամ հետո պետք է դրվի քվեարկության: Մեզ ասել էին, որ հոկտեմբերի 2-ին պատգամավորներին ներկայացվելու է փոփոխված տարբերակը, եւ այդ ընթացքում մենք հնարավորություն կունենայինք ծանոթանալու նախագծին, սակայն չեն ներկայացրել` ի հեճուկս մասնագիտական հանձնաժողովի: Մենք քվեարկությունից առաջ ենք ունեցել մի ծավալուն փաստաթուղթ, որին տեխնիկապես հնարավոր չէ այդքան կարճ ժամանակահատվածում ծանոթանալ: Ես ինքս դեմ լինելով նոր Սահմանադրության նախնական նախագծին՝ առաջարկներով եմ հանդես եկել, բայց ես չեմ կարողացել տեխնիկապես ծանոթանալ, թե ինչ փոփոխություններ են կատարվել:

-Այսինքն՝ Ձեզ համար պա՞րզ չէ՝ ընդունվել են Ձեր ներկայացրած առաջարկությունները, թե ո՞չ:

-Հնարավոր չէր ծանոթանալ, դիտարկել ու հասկանալ, թե ինչ է փոփոխվել, ես քվեարկությանը չմասնակցելով` իմ բողոքն եմ արտահայտում, ես չեմ ցանկանում մաս կազմել մի նախագծի քվեարկության, որին անհնար էր ծանոթանալ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս