ՆՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ 1 ԺԱՄ ԱՌԱՋ ՉԵՆ ԴՆՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՍԵՂԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկության ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ նախագծի փոփոխված տարբերակին ծանոթ չէ:

Քոքոբելյանի այս պահվածքի արդյունքում շատերի համար անհասկանալի մնաց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության դիրքորոշումը: «Ժողովուրդ»-ը զրուցել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի հետ` պարզելու համար՝ արդյոք կուսակցությունը մասնակցելու է հանրաքվեի քարոզարշավին եւ եթե այո, ապա ինչ դիրքորոշմամբ է հանդես գալու:
-Պարո՛ն Քոքոբելյան, սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկության ժամանակ Դուք դահլիճում էիք, սակայն չքվեարկեցիք՝ հայտարարելով, թե նախագծին ծանոթ չեք եւ նեղացած դուրս եկաք դահլիճից: Արդյո՞ք նեղանալը քաղաքական կատեգորիա է:
-Ես նեղացած դուրս չեմ եկել, ավելին՝ Ազգային ժողովի կանոնակարգն այլ հնարավորություն չէր տալիս իմ դիրքորոշումն արտահայտելու: Մենք կուսակցությունով հայտարարությամբ հանդես ենք եկել, որ մենք դեմ ենք նախնական հրապարակված տեքստին: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը այն փաստաթուղթը չէր, որ մեկ ժամ առաջ կարելի էր դնել պատգամավորների սեղանին, որ նույնիսկ մարդիկ չկարողանան ծանոթանալ, թե իրենք ինչ առաջարկ են ներկայացրել կամ չեն ներկայացրել, ինչ առաջարկներ են ընդունվել, ինչը` ոչ: Չէ որ չէր բացառվում, որ կարող էր ամբողջական այլ տեքստ լինել, կամ էլ բոլոր առաջարկներն ընդունվեին: Ես դեմ լինելով այդ ներկայացված նախագծին՝ դեմ էի նաեւ քվեարկությանը: Ինձ համար ուղղակի խիստ սկզբունքային է եւ կարեւորագույն, որ չի կարելի չծանոթացած փաստաթղթի քվեարկության մաս կազմել: Այդ իսկ պատճառով ես ե՛ւ գրանցվեցի, ե՛ւ չքվեարկելով՝ ցույց տվեցի իմ անհամաձայնությունը: Եւ նորից եմ ուզում ընդգծել, որ թե՛ ես, որպես Ազգային ժողովի պատգամավոր, թե՛ մեր կուսակցությունը դեմ ենք սահմանադրական փոփոխությունների նախագծին:
-Անկախ ամենից՝ արդեն սկսվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մասնակցելո՞ւ է քարոզարշավին:
-Ցանկացած մարդ` կլինի Ազգային ժողովի պատգամավոր, կլինի կուսակցական, թե անկախ քաղաքացի, եթե քաղաքականության մեջ է ու դեմ է ինչ-որ մի նախագծի, որը քվեարկության է դրվում, բնականաբար իրեն հասանելի միջոցներով պետք է քարոզչություն անի եւ նպաստի, որ դա չանցնի: Մենք հստակ մասնակցության ձեւաչափերն ընտրելու ծրագիր ունենք, բայց առաջիկայում վարչության նիստի ժամանակ կքննարկենք մեր քարոզչությանը մասնակցելու եւ ընդհանրապես ձեւաչափերի հետ կապված մեր մոտեցումներն արտահայտելու հնարավորությունների եւ մեր պատկերացմամբ ամենաէֆեկտիվ ձեւերի հետ կապված հարցերը: Բնականաբար այցելություններ էլ կունենանք, հանդիպումներ էլ:
-Դուք կոնկրետ Ձեր ընկերական շրջապատում, հարեւաններին, կողմնակիցներին, ի՞նչ եք ասելու, հորդորելու եք այո՞, թե՞ ոչ քվեարկել:
-Դա մի քիչ հռետորական հարց եմ համարում: Փաստը մնում է փաստ, որ կա ընդունված փաստաթուղթ, որը դրվում է քվեարկության: Բնականաբար մեզ համար խիստ ցանկալի է, եւ մենք ամեն ինչ կփորձենք անել, որ Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի միջոցով չընդունվեն: Այնուհանդերձ որոշելու է ժողովորդը: Հաշվի առնելով մեր ընտրական չգործող համակարգը` իմ պատկերացմամբ ու համոզմամբ արդարացի է այնպիսի միջամտության փորձը, որը կբերի որոշակի փոփոխությունների:
-Նշեցիք, որ մասնակցելու եք «Ոչ»-ի քարոզարշավին: «Ազատ դեմոկրատներ»-ը միայնա՞կ է գործելու:
-Մենք իրականացնելու ենք մեր քարոզչությունը, մարտավարության առումով առաջիկայում կորոշենք: Բայց մի բան հստակ է՝ մեզ հասանելի բոլոր միջոցներով հասարակության բոլոր շերտերին կբացատրենք, հասկանալի կդարձնենք, թե ինչու ենք մենք դեմ այդ փաստաթղթին:
-Իսկ հնարավոր համարո՞ւմ եք քարոզարշավի ընթացքում այլ ուժերի հետ համագործակցությունը:
-Մենք այն կարծիքին ենք եղել, որ քաղաքական դաշտում կոնկրետ խնդրի շուրջ կարելի է համագործակցել ցանկացած լիգիտիմ քաղաքական ուժի հետ, իսկ ընդհանրապես համագործակցության շրջանակը ավելի լայն է: Բայց ես պատկերացնում եմ, որ համագործակցությունը հնարավոր է միայն գաղափարական դաշտում գտնվող քաղաքական ուժերի հետ:

 

 

 
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌՈՂՋ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ

Հոկտեմբերի 10-ից սկսվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, եւ արդեն իսկ տարբեր քաղաքական ուժեր սկսել են իրենց քարոզչական աշխատանքը: Սակայն քաղաքական դաշտում կան այնպիսի ուժեր, որոնք քարոզարշավին իրենց մասնակցությունը չեն ցուցաբերում: Ասել է թե՝ նրանք կողմ կամ դեմ քվեարկելուց զատ չեն կարողանում կամ չեն ցանկանում իրենց դիրքորոշման հիմնավորումները հանրությանը ներկայացնել: Այդօրինակ քաղաքական ուժերի շարքում է «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցությունը, որի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե կուսակցությունը Սահմանադրական փոփոխություններին կողմ լինելով հանդերձ՝ հանրաքվեի քարոզարշավին չի մասնակցելու:

-Տիկի՛ն Սարգսյան, հոկտեմբերի 10-ից սկսվել է սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը: Ձեր կուսակցությունը մասնակցելո՞ւ է քարոզարշավին:
-Մենք քարոզարշավին չենք մասնակցի: Մենք մեր հստակ այո-ն ասել ենք: Հարցազրույցների տեսքով, հայտարարությունների տեսքով մենք կմասնակցենք, բայց քարոզարշավի, չեմ կարծում, որ մասնակցենք:
-Այսինքն՝ Դուք Ձեր դիրքորոշումը չեք փոխել եւ կողմ եք սահմանադրական փոփոխություններին:
-Եթե այո եմ քվեարկել, կողմնակից ենք այո-ին: Մեր կուսակցությունը իր ծրագրային դրույթներով միշտ ուղիղ խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից է եղել:
-Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ չեք մասնակցում քարոզարշավին:
-Դա մեր ցանկության հետ է կապված: Եթե որոշում ունենայինք մասնակցելու, կմասնակցեինք: Կուսակցությունը նման որոշում չի կայացրել:
-Տիկի՛ն Սարգսյան, Դուք, փաստորեն, այո եք քվեարկել Սերժ Սարգսյանի ամենակարեւոր քաղաքական ծրագրին, արդյո՞ք դա չի նշանակում, որ Դուք իշխանության հետ եք:
-Իհարկե, չի նշանակում: Եթե ինչ-որ հարցում իշխանության հետ համակարծիք ես լինում, դա չի նշանակում, որ դու իշխանության հետ ես: Չէ որ իշխանություններն էլ երբեմն կարող են առողջ առաջարկներով հանդես գալ: Սահմանադրական փոփոխությունները մեզ համար ընդունելի փոփոխություններ են, եւ մենք դա համարում ենք առաջընթաց: Եթե ոչ այս պահին կիրառելիք, ապա մոտ ապագայում դրանք իրոք ծառայելու են մեր ժողովրդին: Միանշանակ դրանում համոզված եմ:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ԴԱՏԵԼ ԹԵ ՉԴԱՏԵԼ
«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի երկրորդ գրությունն է ուղարկել եւ առաջարկել է ներկայանալ իրենց մոտ ու բացատրությունների տեսքով ներկայացնել ապացույցներն առ այն, որ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին: Մեր տեղեկություններով՝ Զուրաբյանը ոստիկանություն է հրավիրվել այսօր: Ի դեպ, եթե այս անգամ էլ Լեւոն Զուրաբյանը ոստիկանությանը մերժի, ապա, ըստ ամենայնի, խնդրի հետ կապված նյութերը ուղարկվելու են ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի այնտեղ որոշեն դրանց հետագա ընթացքը: Իրավական տեսանկյունից հնարավոր ճանապարհները երեքն են՝ կա՛մ պետք է Գագիկ Հարությունյանը պատասխանատվության ենթարկվի` Վենետիկի հանձնաժողովին կաշառելու համար, կա՛մ էլ Լեւոն Զուրաբյանը` սուտ մատնության համար: Երրորդ տարբերակն այն է, որ Զուրաբյանի խոսքերը համարվեն քաղաքական գնահատական, ու խնդիրը պատասխանատվության քրեական դաշտից դուրս գա: Իսկ եթե ՀՀ իշխանությունները որոշեն այս պատմությանը իրավական ընթացք տալ, ապա այդ «պատասխանատու» գործն, ամենայն հավանականությամբ, կհանձնարարվի ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, քանի որ գործով անցնող երկու անձինք էլ պետական պաշտոնյաներ են:

 

ԺԼԱՏ ՄԱՐԶՊԵՏԸ
ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ Փայլակ Հարությունյանի խնդրին «Ժողովուրդ»-ը նախկինում անդրադարձել է: Նրա տունը սեպտեմբերի 21-ի երեկոյան ամբողջությամբ այրվել էր, Արարատի մարզպետարանից որպես օգնություն խոստացել էին տալ ընդամենը 70 հազար դրամ գումար: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանից պարզել, թե ինչու է փոխհատուցվող գումարն այդքան քիչ: Սակայն մարզպետի հեռախոսին պատասխանեց նրա օգնականը՝ Նարեկ Ասլանյանը, ով ոչնչից տեղյակ չէր եւ խնդրեց ավելի ուշ զանգել: Ավելի ուշ էլ զանգահարեցինք, դարձյալ անտեղյակ օգնականն էր: Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետարանը նույն քաղաքացուն որպես օգնություն հատկացրել է 200 հազար դրամ եւ փայտանյութ՝ տանիքը վերանորոգելու համար:

 

ԴԱՀԿ-Ի ՀԱԼՎԱԾ ՇՈԿՈԼԱԴՆԵՐԸ
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը մանկական տակդիրներ աճուրդի հանելուց բացի՝ պարզվում է՝ նաեւ հալված շոկոլադներ է վաճառքի հանում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել «Soray եւ Tulvem» տեսակների շոկոլադե կոնֆետներ, որոնք, սակայն, ուտելու համար ոչ պիտանի են եւ գտնվում են հալված վիճակում: Այսինքն՝ ենթադրվում է, որ դրանք գնորդը պետք է օգտագործի որպես անասնակեր: Աճուրդի հանված 61 կգ շոկոլադե կոնֆետները վաճառվում են մեկ ամբողջական լոտով՝ 22.875 դրամ արժեքով: Նշենք, որ ապրանքները գտնվում են Արմավիրի մարզում, այսօր աճուրդի վերջին օրն է:




Լրահոս