ՈՉ ԹԵ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԱՅԼ «ՅՈԼԼԱ ԳՆԱԼՈՒ» ԲՅՈՒՋԵ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին խորհրդարանում հայտարարեց, թե եկող 2016 թվականի բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն: Իբրեւ հիմնավորում նա մատնանշել էր այն հանգամանքը, որ եկող տարվա բյուջեի ծախսերի մոտ կեսը, իսկ ավելի կոնկրետ՝ 45,4 տոկոսը նախատեսված է առողջապահության, սոցիալական պաշտպանության եւ կրթության ոլորտների ֆինանսավորման համար:

Իրականում, սակայն, եթե բյուջետային ծախսերից հանում ենք կենսաթոշակների գումարները, որոնք 2016-ի համար 293 միլիարդ 692 մլն դրամ են կազմում, ապա բյուջեի սոցիալական բաղադրիչից բան չի մնում: Բանն այն է, որ կենսաթոշակների գումարը չի համարվում սոցիալական քաղաքականության իրագործում, քանի որ այս դեպքում պետությունն ընդամենը մարդկանց վերադարձնում է տարիներ շարունակ նրանց կողմից վճարված գումարները: Իսկ ծերության թոշակների համար նախատեսված գումարը 2016 թվականի պետական բյուջեի 22 տոկոսն է կազմում:
Առողջապահության ոլորտի համար եկող տարվա բյուջեով նախատեսված է 86 մլրդ 125 մլն դրամ, որը ընթացիկ տարվա ցուցանիշից ավել է 2,1 տոկոսով, սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված ընդհանուր գումարը կազմում է 405 մլրդ 500 մլն դրամ, որը ընթացիկ տարվանից ավել է 3,8 տոկոսով: Սա այն դեպքում, երբ նույն բյուջեի նախագծով նախատեսվում է, որ եկող տարի գնաճը լինելու է առնվազն 4,5 տոկոս: Այսինքն՝ երբ գնաճի գործոնը հաշվի ենք առնում, ստացվում է, որ առողջապահության եւ սոցիալական պաշտպանության համար նախատեսված միջոցներն ամենեւին էլ չեն ավելացել, դեռ մի բան էլ նվազել են:
Ավելին՝ հայտնի է, որ ՀՀ կառավարությունը եկող տարի կենսաթոշակների ավելացում չի նախատեսում: Հատկապես սովորական կենսաթոշակ ստացող տարեցների դեպքում ստացվում է, որ կառավարությունը խոստանում է, որ նրանց սոցիալական վիճակը եկող տարի էլ ավելի կվատթարացնի: Բանն այն է, որ միջինը 45 հազար դրամ թոշակ ստացող տարեցն առանց այդ էլ ստիպված է կիսաքաղց կյանքով ապրել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նվազագույն սպառողական զամբյուղը այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է ավելի քան 55 հազար դրամ: Ուստի, եթե հաշվի ենք առնում, որ եկող տարի կառավարության կանխատեսումներով 4,5 տոկոսի գնաճ է լինելու, ապա ստացվում է, որ թոշակառուների սոցիալական վիճակն էլ ավելի կվատթարանա:
Ի դեպ, եկող տարվա պետբյուջեով պետական պարտքի սպասարկման համար նախատեսվում է ծախսել 204 միլիոն 750 հազար դոլար, որը կազմում է եկող տարվա ընդհանուր բյուջեի 7,2 տոկոսը: 2016 թվականի պետական բյուջեի նախագծից տեղեկանում ենք, որ այս տարվա ընթացքում կառավարությունը տարբեր ծրագրերով Հայաստանի պետական պարտքն ավելացրել է 894 միլիոն 200 հազար դոլարի պարտք: Ի դեպ, այդ վարկերի մի մասը դեռ նոր է վերցվելու: Եկող տարի, ըստ պետական բյուջեի նախագծի, ՀՀ կառավարության արտաքին պարտքը կավելանա եւս 369 մլն դոլարով: Ի դեպ, նշենք, որ 2014-ին ՀՀ կառավարության պարտքը ավելացել է ընդամենը 256 միլիոն 800 հազար դոլարով:
Այսինքն՝ ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետության առաջին մեկուկես տարվա ընթացքում ՀՀ կառավարության արտաքին պարտքն աճել է 1 միլիարդ 151 միլիոն դոլարով, իսկ 2016-ի վերջում նրա պաշտոնավարման շրջանում Հայաստանի կառավարության պարտքերի աճը կգերազանցի մեկուկես միլիարդ դոլարը: Իհարկե, վարկեր վերցնելը ինքնին վատ երեւույթ չէ, եթե այն նպաստում է տնտեսության զարգացմանը: Անհատների դեպքում էլ մեկը վարկ է վերցնում եւ իր ձեռնարկությունն է զարգացնում, իսկ մյուսը վատ տնտեսվարման արդյունքում չի կարողանում վարկը մարել եւ ամեն ինչ կորցնում է: Պետության դեպքում եւս այդպես է: Խնդիրն այն չէ, որ այդքան վարկ չէր կարելի վերցնել, այլ որ այդ վարկերը որեւէ կերպ չեն նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այս կամ այն վարկային ծրագիրն իրագործելուց հետո Հայաստանում ավելանում է մի քանի պաշտոնյաների ունեցվածքը, ուրիշ ոչինչ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԱՆԼՈՒՐՋ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ
Երեկ խորհրդարանում քննարկվում էին 2016թ. պետական բյուջեի նախագծի՝ մարզերին եւ դատաիրավական ոլորտին վերաբերող բաժինները: Սակայն պետական գերատեսչությունների մեծ մասի ղեկավարները խորհրդարան չէին եկել՝ իրենց փոխարեն ուղարկելով տեղակալներին: Ո՛չ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ո՛չ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ո՛չ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը, ո՛չ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը եւ ո՛չ էլ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այդպես էլ խորհրդարան չէին ներկայացել: Ի դեպ, նախորդ տարիներին էլ նրանք ԱԺ չեն եկել, եւ բոլորի համար ակնհայտ է, որ մի շարք գերատեսչությունների ղեկավարներ այլեւս խորհրդարան գալն իրենց պատվից ցածր են համարում:

 

ԳԱՂՏՆԻ «ՈՉ»
«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք սկսել են մարզային հանդիպումներ ունենալ, հետագա շրջագայությունների երթուղին եւս որոշված է, բայց նպատակահարմար չեն համարում այն հրապարակել: «Հիմա քարտեզը չեմ կարող հրապարակել, նպատակահարմար չէ այս պահին»,- ասաց մեր զրուցակիցը: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ «Ժողովուրդ»-ին ասաց, որ իրենք եւս որոշել են իրենց հետագա անելիքները. «Մենք «Նոր Հայաստան»-ով ծրագրել ենք մեր անելիքները: Գյումրիում ունեցանք առաջին մարզային հանդիպումը: Վաղը (արդեն այսօր) հանդիպում կունենք Վանաձորում: Հետո արդեն, ըստ շտաբի գրաֆիկի, կշարունակենք մարզերում հանդիպումները»:

 

 

 

ՕԵԿ-Ի ՎԵՐԱԾՆՈՒՆԴԻ ՇՏԱԲԸ
ՕԵԿ-ի նախաձեռնած «Հայկական վերածնունդ» միավորման մամուլի խոսնակ Վահե Մոսինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ տեղի է ունեցել կառավարման խորհրդի նիստ, որի ընթացքում որոշվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությանը մասնակցելու համար ձեւավորված շտաբի պետ նշանակել «Հայկական վերածնունդ» միավորման համակարգող Թելման Արամյանին: Ըստ Մոսինյանի՝ նա պետք է քարոզարշավի ծրագիրը կազմի եւ ներկայացնի կառավարման խորհրդի հաստատմանը: Ըստ մամուլի խոսնակի՝ իրենց քարոզարշավի ընթացքում տարբեր ակցիաներ են կազմակերպելու:

 

ԳՄ ՆԻՍՏ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն վաղը գործադիր մարմնի նիստ կհրավիրի, որի ընթացքում Սերժ Սարգսյանին է ներկայացվելու հանրապետականների քարոզարշավի ամբողջական ծրագիրը:

 

ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ
«Հրապարակը» տեղեկություն էր հրապարակել, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն առաջիկայում կարող է նշանակվել ՀԱՊԿ քարտուղար: Այս լուրերը մեկնաբանելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցմանը նախկին նախարարը երեկ կարճ պատասխանեց. «Չեմ մեկնաբանում»:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՃ
ԼՂՀ ՊՆ փոխանցմամբ` նոյեմբերի 2-ին եւ լույս 3-ի գիշերը նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների աճ: Նշված ժամանակահատվածում ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ. տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 մմ ականանետից (18 արկ) եւ ՌՊԳ-7 տիպի նռնականետից (6 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:

 

ԻՆՔՆ Է ՈՐՈՇԵԼՈՒ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր դեմ կատարված մահափորձին եւ նշել, որ կալանավորված մարդիկ, իր տեղեկություններով, իրենց մեղավորությունն արդեն ընդունել են: «Մարդիկ ասում են, որ իրենք են արել, այդ մասին չեմ էլ մտածում: Որեւէ անգամ առնչություն չեմ ունեցել իրենց հետ, ստոր մարդիկ են»: Խաչատրյանը նաեւ խոսել է առաջիկա սահմանադրական հանրաքվեից` նշելով, թե վստահ է` այո-ի ամենաբարձր ցուցանիշը հենց իր ղեկավարած մարզն է ապահովելու. «Ինձ ոչ մեկը տոկոս ապահովելու հանձնարարություն չի տալիս, ես ինքս եմ որոշում»:

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 21-ից անհայտ կորած համարվող, «Ոսկու աշխարհի» աշխատակցուհի Նելլի Հարությունյանը նախօրեին՝ 20:30-ի սահմաններում, հայտնաբերվել է Երեւանի Մարգարյան փողոցի շենքերից մեկում եւ ներկայացվել բաժին: ArmLur.am-ը փորձել է «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊ-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանից պարզել՝ Ն. Հարությունյանը կկարողանա՞ ցանկության դեպքում վերսկսել աշխատանքը: «Նելլին ովա՞, խի հիմա ո՞ւր ա ինքը: Ի՞նչ ա ասել, ի՞նչ ա եղել,- արձագանքել է «անտեղյակ» Վաղարշը` հավելելով,-նա մեր հիմնարկի նկատմամբ ոչ մի վատ բան չի արել: Ես չգիտեմ՝ ինքն իրա մարդու հետ գիշերը կռվել է, չի կռվել, տուն չի գնացել, ուր էր մինչեւ հիմա, որտեղ էր քնում: Կգա, թող գա»: Մեր տեղեկություններով՝ Ն. Հարությունյանը հրաժարվել է քննչական բաժնում հայտնել՝ որն էր անհետացման պատճառը եւ որտեղ էր ինքը գտնվում ավելի քան երկու ամիս:

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Սարգսյանն ընդգծել է, որ այսօր, առավել քան երբեւէ, կարեւոր է Եվրոպական միության հավասարակշռված դիրքորոշման պահպանումը ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում, ինչպես նաեւ խնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հանձնառության իրականացումը։ Դեսպան Զալբերը կարեւորելով հիմնահարցի շուտափույթ խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ հավաստիացրել է, որ Եվրոպական միությունը հանձնառու է շարունակելու տարածաշրջանում իր հավասարակշռված քաղաքականությունը:

 

ՉԻ ՀԱՍԿԱՑԵԼ
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ազատամարտիկ Սամսոն Ղազարյանը տուժող է ճանաչվել իր վրա հարձակվելու դեպքով հարուցված քրեական գործով, եւ երեկ իր եւ իր վրա հարձակվողի միջեւ առերեսում է տեղի ունեցել: Aravot.am-ը Ս. Ղազարյանից հետաքրքրվել է` առերեսումից հետո իր համար պարզ դարձա՞վ՝ ինչու էին իր վրա հարձակվել: «Հա, ճանաչեցի, աչքերն իրենն էր, դեմքը մի քիչ փոխվել էր, բայց ինքն էր: Մոտ 30 տարեկան տղամարդ է: Առերեսումից հետո էլ դեռ ինձ համար պարզ չէ՝ ինչու էր իմ վրա հարձակվել, չհասկացա հարձակման դրդապատճառը»:

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ՃՈ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով բոլոր վարորդներին՝ իրենց տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը համապատասխանեցնել սահմանված չափերին, իսկ առջեւի հողմապակու եւ առջեւի դռների թաղանթներն ընդհանրապես ապամոնտաժել: Տրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջեւի դռների ապակիներինը, առջեւի կողային ապակիներինը եւ այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 դրամի) չափով:




Լրահոս