ՀՐԱՎԻՐԵՑ ՍԵՐԺԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 4-ին Նոյեմբերյանի կենտրոնում գտնվող հայ-հունական բարեկամության զբոսայգում կայացավ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը նոյեմբերյանցիների հետ: Մասնակցում էին նաեւ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը, նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Մինչ Ր. Հովհաննիսյանը ձեռքով բարեւում, ողջագուրվում էր նոյեմբերյանցիների հետ (նաեւ մի տատիկի ձեռքը համբուրեց), ելույթ ունեցավ ծագումով նոյեմբերյանցի Ստյոպա Սաֆարյանը: Հակիրճ խոսք ասաց նաեւ Զարուհի Փոստանջյանը, որը, բարձրախոսը Ր. Հովհաննիսյանին փոխանցելով, հավաքվածներին ասաց. «Ողջունե՛ք, նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան»:  «Ժառանգության» առաջնորդն ասաց, որ մարզային հանդիպումները կշարունակվեն մինչեւ ապրիլի 5-ին Ազատության հրապարակում կայանալիք նախապատրաստական հավաքը. «Հիմա Դուք լավ գիտեք, որ ապրիլի 9-ին՝ ժամը 11-ին, Հայաստանի ողջ ժողովուրդը, հայերը, ազգային փոքրամասնությունները, սփյուռքը, Արցախը եւ Հայաստանի Հանրապետությունն իմի է գալիս, հանրագումարում Ազատության հրապարակով ձեր եւ մեր կրած հաղթանակն ի կատար ածելու համար: Այս անգամ, հարգանք հաղթած նախորդ նախագահներին, մենք տանելու ենք մեր պայքարը մինչեւ ձեր պատգամի իրականացում, եւ դրանում ոչ մի կասկած թող չլինի որեւէ մեկի մոտ»:
Ր. Հովհաննիսյանն ասաց նաեւ, որ ապրիլին մեզ համար եղել է եղեռն, մահ ու հայրենիքի կարուստ, սակայն այսուհետ ապրիլը ժողովրդի քվեով դառնալու է նաեւ հարություն եւ ապագա. «Էդ կուսակցակռիվը, աթոռակռիվը, ժողովրդին ծաղրելը, հեգնելը, Նժդեհ կանչելը, խորանից ինչ-որ մի սուտ վկայություններ տալը հերիք է՝ Սարգսյան, վեհափառ, Հովհաննիսյան, ժողովուրդը հաղթել է, միասին հարգենք ժողովրդի հաղթանակը: Սա իմը չէ, ոչ էլ ձեր պարտությունն է: Թարգե՛ք այս աթոռակռիվը հանուն Հայաստանի, մեր իրավունքի, մեր Սահմանադրության, մեր երեխաների: Էդ սահմանի վրա՝ հյուսիսից հարավ, որ մեր ժողովուրդը պահում է թշնամու դիմաց, այստեղ թշնամին նաեւ մեր ներսում է, եւ անտարբերությունը, մեր վախը, մեր սպառնալիքը, մեր կուսակցական կեղծ քարոզները մեր ներքին թշնամին են: Իսկ փետրվարի 18-ին դուք՝ հայրենակիցնե՛ր, հանեցիք այդ թշնամին մեր մեջից: Ասիք՝ չեմ վախենում, ես նոյեմբերյանցի եմ, ես տավուշցի եմ, ես հայաստանցի եմ, ես բերում եմ հաղթանակը մեր երկրին: Եվ ես պարտավոր եմ, եւ չկասկածեք խոսքիս, իմ կյանքի գնով պարտավոր եմ, որ այդ ձեր հաղթանակը, մեր հաղթանակը տեսնենք մեր երեխաների, մեր թոռնիկների համար: Ով ուզում է մեկնաբանի, թող մեկնաբանի: Ես պարոն Սարգսյանին ասում եմ՝ այս առավոտ բարի լույս: Սա լույսի, արեւի, բարեւի բանակ է, որ ապրիլի 9-ին հավաքվում է Ազատության հրապարակում ժամը 11-ին, ձեզ եւս հրավիրում եմ, ազգային միասնության տոն լինի»:
Րաֆֆի Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ ապրիլի 9-ին ոստիկանները չեն փակի ճանապարհները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս