ՆԱԽԱՏԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏՔ Է ՎԱՍՏԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես գիտենք, Արեւմտյան Հայաստանի հայկական եկեղեցիներն  ու  հուշարձանները վտանգված են. թուրքական իշխանությունները որոշ եկեղեցիներ վերածում են թանգարանների, որոշ եկեղեցիներ էլ` մզկիթների: Քանդվում են անտերության մատնված պատմական հուշարձաններ, պղծվում` հայկական գերեզմաններ:
«The Armenian Reporter»-ը տեղեկացնում է, որ օրերս Մասաչուսեթսի Թաֆթսի համալսարանի հայկական արվեստի եւ ճարտարապետության պրոֆեսոր Քրիստինա Մարանջին կոչ է արել պահպանել Թուրքիայում գտնվող 7-րդ դարի Մրենի տաճարը, որը ներկայիս Թուրքիայի Կարսի նահանգում է. «Մրենի տաճարը ներկայում փլուզման վտանգի տակ է: 638թ. կառուցված տաճարը համաշխարհային արվեստի գլուխգործոց է եւ հայկական ճարտարապետության ոսկե դարի ստեղծագործություն: Տաճարում գրություն կա Հռոմի կայսր Իրակլիի անունից, ինչպես նաեւ Իրակլիի կողմից Իրական Խաչը Երուսաղեմ վերադարձնելու թեմայով բարձրաքանդակ, այնպես որ, տաճարն անգնահատելի իրեղեն ապացույցներ է պարունակում` պատմության ամենադրամատիկ եւ վատ փաստարկված անցքերի հետ կապված: Այն նաեւ յոթերորդ դարում ճարտարապետական ձեռքբերումների կարեւոր օրինակ է»: Պրոֆեսոր Մարանջին զբաղվում է բյուզանդական, ինչպես նաեւ Անդրկովկասի, մասնավորապես Հայաստանի արվեստի ու ճարտարապետության ուսումնասիրությամբ: Նա հավելել է, որ տաճարը չի կարող երկար կանգուն մնալ, իսկ նրա «փլուզումը ողբերգական կորուստ կլինի»:
Իսկ թե ինչ են մտածում այդ մասին հայ մասնագետները, փորձեցինք ճշտել հուշարձանագետ Սամվել Կարապետյանից:
-Անցյալ տարվա «Վարձք» հանդեսի վերջին` յոթերորդ համարի կեսը նվիրված է Մրենիին, այնպես որ, ավելացնելու բան չունեմ. այնտեղ ամեն բան կա` ահազանգից սկսած, նրա պատմությունով վերջացրած: Կան տարբեր տարիների լուսանկարներ, նաեւ մեկնաբանություններ, թե ինչը որ թվին է փլվել, հիմա ինչ վիճակում է: Ներկայացված են բոլոր վիմագրերը, որ փլատակների տակ են մնացել. բարեբախտաբար, 2000թ. եղել էի այնտեղ, նկարել էի հարավային պատը, որն ամբողջությամբ փլվել է:
-Նման վիճակում գտնվող հուշարձաններ շա՞տ կան, եւ ո՞վ պետք է այդ մասին ահազանգի. չէ՞ որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի:
-Նման շատ հուշարձաններ կան, բայց սա, ճիշտն ասած, լուրջ չի հնչում, որովհետեւ ես երկու օր առաջ եմ շատ ծանր տպավորություններով վերադարձել Տավուշի մարզի Սամսոնի վանքից… Բազմաթիվ վանքեր կամ այլ հուշարձաններ ունենք, որոնք գտնվում են, մեղմ ասած, անմխիթար, խայտառակ վիճակում, եւ լուրջ չէ խոսել այն մասին, որ Արեւմտյան Հայաստանում մեր հուշարձանները վատ վիճակում են: Մեր հարեւաններ Ադրբեջանին, Վրաստանին կամ Թուրքիային նախատելու իրավունքը պետք է վաստակել սեփական օրինակով: Մինչդեռ մենք մեր վարքագծով դրա իրավունքը չենք վաստակել:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս