Վանաձորի քաղաքապետի հարցը ոստիկանությունում է. նրանով զբաղվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը զբաղվում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ ներկայացված դիմում-բողոքի հարցով, որը ներկայացրել է Լոռու մարզի դատախազությունը:

Օրեր առաջ Վանաձոր քաղաքի բնակիչ Վիկտոր Դարբինյանը, որը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի ազգականն է հայտարարել էր, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը եւ նրա մտերիմ շրջապատը սպառնում է իրեն: Իսկ ինչից է սկսվել Դարբինյանների կռիվը: Ըստ Վիկտոր Դարբինյանի ինքը մի շարք բիզնեսներ ունի, ինչը քաղաքապետը ցանկանում է «խլել»: Պարզվել էր, որ Վիկտոր Դարբինյանին է պատկանում Վանաձորի թիվ 1 երթուղին, որի վրա «աչք ունի» քաղաքապետը:

«Գարնան ամիսներից սկսած ինձ կանչել են իենց մոտ եւ ասել են, որ երթուղին հանձնեմ իրենց, սպառնացին , որ եթե չտամ իրենք մեկ է իրենցով ձեւով կվերցնեն: Այդ ամենը ասողը եղել է Վանաձորի քաղաքապետի եղբայրը: Ես էլ պատասխանել եմ իրենց, թե համապատասխան ձեւով կպաշտպանվեմ: Ամիսներ շարունակ շանտաժներով են ինձ հետ խոսում: Քաղաքապետը իր մարդանց է ուղարկում, որ տեղեկություններ հասցենեն ինձ: Ես մի անգամ ասեցի, չեմ տա երթուղին, եթե ուզում եք տամ, ապա հատուցեք իմ ծախսերը: Ինձ մի այնպիսի գումար էին առաջարկում, որ դա ինձ ձեռնտու չէր ու հրաժարվեցի, նրանք էլ ասում էին, թե ընենց կանենք երթուղիների մրցույթը չես անցնի, մրցույթը չկայացած կհամարանենք, մեր ձեռն է , մեկ է քոնը չի անցնի, նայի տես : Եթե կամավոր, չհանձնես մեզ՝ ուրիշ ձեւով կստանանք, եւ՛ երթուղին իր մեքենաներով, եւ՛ տաքսի ծառայությունը՝ մեքենաներով, եւ՛ շինությունը»,-այս ամենը եւ այլ մանրամասներ Լոռու դատախազության իր դիմում-բողոքում հայտնել է Վիկտոր Դարբինյանը:

Ըստ մեզ հասած տեղեկությունների Լոռու դատախազությունը ստանալով Վիկտոր Դարբինյանի դիմումը որոշում է կայացրել այն ուղարկել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ստուգելու տեղեկությունների իսկությունը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ասաց, որ տեղյակ չէ դատախազության դիմումի եւ, առհասարակ, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ստուգումների մասին. «Վախենալու բան չունեմ, քանի որ ես նման բան չեմ արել»: Մեր ճշտող հարցին, թե միգուցե դուք անձամբ չեք սպառնացել, այլ ձեր հարազատների միջոցով եք գնացել այդ քայլին Դարբինյանը պատասխանեց.«Նման բան չկա ու չի կարող լինել»:

Ինչ կպարզի ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը ցույց կտա ժամանակը, սակայն նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Վանաձորի քաղաքպետը հայտնվում է աղմկալի պատմության կիզակետում:

Բանն այն է, որ քաղաքապետ Սամվել Դարբինյանի պաշտոնավարման 14 տարիներին Վանաձորում իրականացված ողջ շինարարությունը, այդ թվում նաեւ՝ 200 կմ երկարությամբ համայնքային ճանապարհների վերանորոգման աշխատանքները հիմնականում կատարվել են «Արգիշտի-1» ՍՊԸ-ի եւ «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից: Վերջիններս պատկանում են Վանաձորի քաղաքապետին եւ նրա եղբորը` Սեյրան Դարբինյանին: Ավելին, Սամվել Դարբինյանը հաստատել էր, որ ինքը այս ընկերություններում «փայատեր է»: Ու մինչ բյուջեից ահռելի թվով գումարն են հատկացվում քաղաքապետիի շինարարական ընկերությունների ռեյտինգը բարձրանցնելու հանար, սակայն Վանաձորի ներհամայնքային ճանապարհները դրանից միայն տուժում են:

Սա դեռ վերջը չէ: Դեռեւս 2014թվականին արգելանք էր դրվել Վանաձոր համայնքի բյուջեի վրա: Պատճառն այն է, որ Վանաձորի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Սամվել Դարբինյանի, չէր կատարել իր առջեւ դրված պարտավորությունը, որով դեռեւս 2011թ. պայմանագիր է կնքել Վանաձորի բնակիչներից մեկի հետ, ում պետք է բնակարան հատկացվեր քաղաքի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում:

Սակայն, բնակարանը, պայմանագրով սահմանված ժամկետում չէր կառուցվել, եւ բնակիչը, դիմելով դատարան, բնակարանի գումարն ստանալու իրավունք էր ստացել: Դատարանի վճռով քաղաքապետարանը պարտավորվել է բնակչին վճարել շուրջ 38 հազար ԱՄՆ դոլար գումար:

Քնար Մանուկյան




Լրահոս