Ո՛Չ ԳՆԱՑԵԼ ԵՆ, Ո՛Չ ԷԼ ՀԵՏԱՔՐՔՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, հետեւելով Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, այսպիսի եզրահանգման է եկել. “Շատ հետաքրքիր ինագուրացիա էր, ամենապատկառելի ներկայացուցչությունն ուներ Ռուսաստանի Դաշնությունը, եւ տպավորություն էր, թե ՌԴ նախագահի երդմնակալությունն էր, այլ ոչ թե ՀՀ նախագահի: Հայաստանի քաղաքական էլիտայի մեծ մասը չէր մասնակցում այդ արարողությանը”:
ՀԱՐՑ. Սերժ Սարգսյանի երդմնակալությանը մասնակից հյուրերի մասին Դուք ի՞նչ կարծիք ունեք:
ՊԱՏԱՍԽԱՆ. Որպես կանոն՝ ծանրակշիռ քաղաքական անձի, տվյալ դեպքում՝ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցում են երկրների նախագահները կամ, ինչպես ասում են, առաջին դեմքերը: Այդպիսիք Մարզահամերգային համալիրում չկային: Դրանից կարելի է որոշ եզրահանգումներ անել, ի դեպ՝ ոչ հօգուտ մեր երդմնակալողի: Իսկ Ռուսաստանի ներկայացուցիչների մեծ մասնակցությունը փաստում է Սարգսյանի ռուսահպատակության մասին:
ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀԱԿ անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ հետաքրքրվել եմ, ո՛չ հետեւել եմ, ո՛չ լսել եմ, թե ով կամ ինչպես է ելույթ ունեցել ու ո՛չ էլ գնացել եմ: Այդ իսկ պատճառով չեմ կարող որեւէ գնահատական տալ այդ ամենին: Օրինակ՝ ինձ հետ հանդիպել է Լեհաստանի փոխարտգործնախարարը, նրա հետ եմ զրուցել: Եթե երդմնակալությունը հետաքրքրեր, կգնայի: Պետք է նշեմ, որ այդ օրն իրադարձություններն այնքան շատ էին, որ դրա մասին չեմ հետաքրքրվել: Մի խոսքով, դժվար է մեկնաբանել:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ԱԺ պատգամավոր, ԱԴԿ անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ճիշտն ասած, ես չէ, որ պետք է գնահատական տամ ինագուրացիայի մասնակից հյուրերի միջազգային նշանակությանը, նրանց կշռին: Դա համարում եմ քաղաքական էթիկայի հարց: Եթե խոսենք փաստերով, ապա լայն բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցություն չկար: Որեւէ նախագահ չկար, եւ եթե չեմ սխալվում, նույնիսկ վարչապետ էլ չկար: Կրկնում եմ՝ գնահատական չեմ ցանկանում տալ, քանի որ փաստերն արդեն խոսում են ամեն ինչի մասին:
ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես առավել կենտրոնացած եմ եղել Ազատության հրապարակում եւ ապա Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձությունների վրա, ինձ պարզապես չեն հետաքրքրում ԱԺ ինչպես հերթական, այնպես էլ հատուկ նիստերը: Իսկ հյուրերի առումով կարծում եմ՝ համեստ միջոցառում էր: Այդ ամբողջի մեջ լավն էլ հենց դա էր, եթե մի քիչ էլ նամուս ունենային, երդմնակալությունից հետո փարվանաները չէին գնա… մի քիչ համեստությունը չէր խանգարի նաեւ հավաքվածներին, առավել եւս՝ փողոցներում դժգոհության ալիք կար, իսկ երկրում՝ 100 հազարավոր աղքատ ու սովի մատնված հայ մարդիկ, որոնց կենացն էլ երեւի խմել են ռեստորանում:
ՎԱՀԱՆ ԹՈՒՄԱՍՅԱՆ
Գյումրու “Շիրակ” կենտրոնի նախագահ

Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
“Ժողովուրդ” թերթի 518 համար




Լրահոս