ՐԱՖՖԻՈՎ ՉԻ ԱՎԱՐՏՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 9-ից հետո Վանաձորում լռություն է, ամեն մեկը զբաղված է իր գործով: Սակայն հանրության մեջ առկա է խուլ դժգոհություն, մարդիկ այլ սպասելիքներ ունեին:
74-ամյա ռադիոֆիզիկ Ժիրայր Պողոսյանի կարծիքով` «միակ փրկությունը սոցիալիզմն է, եւ առանձին մարդը ոչինչ չի կարող անել մոնոպոլ համակարգի դեմ, ուզում ա Րաֆֆին լինի, ով ուզում ա՝ լինի, համակարգը պետք ա փոխվի, ոչ թե նախագահը, բայց դե հույս ունեի գոնե էդ  մարդը մի բան կփոխեր, էն էլ չթողեցին»:  Ըստ Ժ. Պողոսյանի՝ հայերի խնդիրն այն է, որ մտածում են, թե կգա մարդ, ով ամեն ինչ իրենց փոխարեն կանի, ամեն ինչ կփոխի, բայց դա  այդպես չէ. «Ժողովուրդը պետք ա հասկանա, որ հնարավոր չէ պառակտվելով ինչ-որ բանի հասնել, պետք ա ամբողջ ազգը, շեշտում եմ՝ ամբողջ ազգը ոտքի կանգնի, ոչ թե մի մասը»:
64-ամյա Խաչիկ Սահակյանն էլ կարծում է, որ Ր. Հովհաննիսյանը իր ոչ վճռական քայլերով փրկեց ժողովրդին. «Բալա՛ ջան, հլա պատկերացրա՛, որ Րաֆֆին սենց մինչեւ վերջ իրա ասածը առաջ տաներ, ժողովուրդն էլ հետը, կբռնեին մարտի1-ից բեթար օրը կգցեին ժողովրդին, լավ ենք պրծել, մի քանի հոգու ծեծել են, ու դրանով վերջացել ա»:
Երիտասարդ ուսանող Դավիթ Սիմոնյանի խոսքով` Ր. Հովհաննիսյանին պակասում էր վճռականությունը, այն է` եթե ասել է, որ Սերժ Սարգսյանը կերդվի միայն իր դիակի վրայով, ուրեմն պետք է մինչեւ վերջ գնար, այլ ոչ թե մեկներ Ռուսաստան:
Իսկ ահա ֆրանսերենի ուսուցիչ Հրաչ Հովհաննիսյանն ավելի լավատես է եւ կարծում է, որ դրական փոփոխություններ դեռ կլինեն. «Ժողովուրդը կհասնի իր ուզածին ուշ թե շուտ, ժողովուրդը կանի ամեն ինչ, որ երկրի վիճակը բարելավվի»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի Վանաձորի գրասենյակի ղեկավար Աշոտ Մանուկյանի հետ, որը դժգոհ էր ապրիլի 9-ի հանգուցալուծումից. «Ապրիլի 9-ին կատարված բռնության դեպքերն անցանկալի երեւույթ էին, բայց անսպասելի չէին, դա իշխանություններին հատուկ վերաբերմունք էր ժողովրդի հանդեպ: Սա ուղղակի իշխանությունների կողմից պատրաստված ներկայացում էր, եթե համեմատենք 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բարբարոսությունների հետ, կարող ենք նկատել, որ սա հատուկ կազմակերպված ներկայացում էր»: Ա. Մանուկյանը կարծում է, որ պայքարը չի մարել, խնդիրը ոչ թե Ր. Հովհաննիսյանի, այլ ժողովրդի քաղաքական պայքարի մեջ է. «Կարեւորը, որ մեր տանջված ժողովուրդը չհիասթափվի: Պատմության մեջ հայտնի է, որ նման պայքարները հարատեւ են լինում: Եվ, ի վերջո, ժողովուրդը հաղթելու է: Պայքարը Րաֆֆիով չի սկսվել եւ Րաֆֆիով չի ավարտվելու»:

ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս