250 ՏԱՐԻ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրությունների նախօրեին «Գագիկ Ծառուկյան»  հիմնադրամը որոշել է գործարկել հերթական բարեգործական երթուղին` այս անգամ,  սակայն, ընտրելով ոչ այնքան անվտանգ` «Ավան-«Այրարատ կինոթատրոն»» գիծը: Բնականաբար` Ավան վարչական թաղամասն իրենց պապական «բոստանը» համարող Տարոն Մարգարյանն ու ՀՀԿ-ականները չէին կարող այս փաստը հանգիստ ընդունել, եւ երեկ գործի էին դրվել դեռեւս  անցած խորհրդարանական  ընտրություններում Նիկոլ Փաշինյանի դեմ Սամվել Ալեքսանյանի կողմից կիրառված թաղային «բե տե էռ» կանանց ծառայությունները: Սույն «պատվարժան տիկնայք», պարզվում է, անչափ վրդովվել էին, որ նախ` ԲՀԿ-ն իրենց վարչական շրջանին բարեգործական նպատակներով ոչ թե  վերջին մոդելի եվրոպական արտադրության ավտոբուս է  հատկացրել, այլ «գյուղի դուրս գրած» հին մոդելի պազիկ, որից սույն փափկասուն տիկնայք ոչ մի պարագայում չեն համաձայնի օգտվել: Բացի այդ, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցների գործուն մասնակցությամբ կազմակերպված այդ բողոքի ակցիայի մասնակիցները, պարզվում է  անչափ մտահոգված են «գծատերերի» բիզնեսների զարգացմամբ, ինչը կարող է խափանվել բարեգործական անվճար ավտոբուսի գործարկման դեպքում: Ըստ նրանց` Ավանում գծատերերը ոչ թե Ռուբեն Հայրապետյանը, Տարոն Մարգարյանը եւ նրանց մերձավորներն են, այլ  խեղճուկրակ մանր ձեռնարկատերեր, որոնք իրենց գծերը սպասարկելու համար ունեցած-չունեցածը դրել են բանկերում գրավ, որպեսզի կարողանան ավտոբուսներ ձեռք բերել եւ օրվա շրջանառությունը «զրոյականով փակել»: Սակայն եթե հավատանք քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնյաների այս աղեկտուր  հայտարարություններին, ապա ստացվում է, որ նույն Տարոն Մարգարյանը սեփական հեղինակությունը բարձրացնելու համար ստիպել է այդ գծատերերին մտնել մեծ վարկերի տակ եւ ձեռք բերել ավտոբուսներ, որպեսզի իր քարոզարշավի ընթացքում կարողանա գլուխ գովել, թե ահա` հանրային տրանսպորտը բարելավել եմ եւ ներմուծել 670 ավտոբուս: Մյուս կողմից էլ` անհասկանալի է «Բարգավաճ Հայաստան»-ի մոտեցումը: Եթե Ծառուկյանն իրոք ուզում էր բարեգործություն անել, ի՞նչ կարիք կար այդ ավտոբուսները հենց այս նախընտրական փուլում եւ հենց Ավանում գործարկել: Չէ՞ որ սպասելի էր, որ Տարոն Մարգարյանի  վերահսկողության տակ գտնվող թաղում այդ նախաձեռնությունն արժանանալու էր բուռն հակազդեցության: Ըստ ամենայնի, ԲՀԿ-ականների բուն նպատակն էլ հենց դա էր, որպեսզի կարողանային ասել` թե տեսե՛ք, մենք ուզում էինք սոցիալապես անապահով խավերին անվճար երթեւեկելու հնարավորություն տալ, սակայն Տարոն Մարգարյանը դա թույլ չտվեց: Եվ անկախ այն փաստից, որ ԲՀԿ-ի` բարեգործություն անելը բռնում է  բացառապես  ընտրությունից ընտրություն (չնայած որ` Տիգրան Ուրիխանյանը պնդում է, թե ԲՀԿ-ն 250 տարի է` ավտոբուսներ է  տրամադրում), անվիճելի է, որ կոնկրետ այս դեպքում դրանից ավանցիները միայն շահելու էին:




Լրահոս