ԵԹԵ ՀՀԿ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՍԻ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լեռնային պար» արձանի հեղինակ Տիգրան Արզումանյանը պատրաստ է վերականգնել այն, բայց վնասը պետք է փոխհատուցեն պետությունը եւ «Դվին» հյուրանոցի սեփականատերը: Նա հայտարարել է, որ արձանը չունի էսքիզ, եւ եթե ինքը չհասցնի այն վերականգնել, ապա  այլեւս դա հնարավոր չի լինի անել:
Ըստ քանդակագործի՝ արձանի վերականգնման համար իրավաբանորեն պատասխանատու են Երեւանի քաղաքապետարանը եւ «Դվին» հյուրանոցը, ու եթե կրած վնասը չփոխհատուցի մեկը, ապա պետք է անի մյուսը, քանի որ այն հանրային սեփականություն է, որը գտնվում էր պետության պաշտպանության տակ՝ մասնավոր սեփականության գոտում:
Սակայն Երեւանի քաղաքապետարանի տարածած հայտարարությունից էլ պարզ է դառնում, որ քաղաքապետարանը պատասխանատվությունը գցում է սեփականատիրոջ վրա: Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը, հանձին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության, հաստատել է «Դվին» հյուրանոցի հետ կապված պայմանագրային փաթեթը: Երեւանի քաղաքապետարանը նախատեսում է պայմանագրի ավարտից հետո բանակցել սեփականատիրոջ հետ՝ քանդակի հատվածում պարիսպը հետ տանելու եւ քանդակի անվտանգությունն ապահովելու երաշխիքով՝ վերջինս տեսանելի դարձնելու շուրջ:
Տիգրան Արզումանյանի խոսքով՝ արձանի վերականգնումն ունի նաեւ հայրենասիրական ու բարոյահոգեբանական մեծ նշանակություն, քանի որ հենց այստեղ էին ժամանակին երդվում եւ Արցախ մեկնում կամավորական ջոկատները. «Սա միայն ազգագրական պար չէ, սա խորհրդանիշ է: Այն խորհրդային տարիներին՝ 1984թ., տեղադրվեց մեծ դժվարությամբ: Մինչ այդ նման խմբաքանդակ Հայաստանում չէր թույլատրվում տեղադրել: 90-ական թվականներին, երբ հյուրանոցը սեփականաշնորհվեց, այն պետք է տեղափոխվեր, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ»:
Մինչ քաղաքապետարանը կբանակցի սեփականատիրոջ հետ, մինչ կլուծվեն ֆինանսական խնդիրները, կսկսվեն վերականգնման աշխատանքները, արձանից գուցե միայն մեկ «լեռնցի պարող» կմնա: Բացի այդ, ամենայն հավանականությամբ, քաղաքապետարանի հայտարարությունն ավագանու ընտրություններից առաջ ընդամենը երեւանցիների աչքերին թոզ փչելու նպատակ ունի: Ա՛յ եթե ՀՀԿ նախագահն ասի՝ Տարո՛ն ջան, սիրուն չէ, սայլը տեղից կշարժվի, այսինքն` անմիջապես գումար կգտնվի:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս